Բաժիններ՝

ՌԴ-ի դեմ Ուկրաինայի հարձակման վերաբերյալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պլանների արտահոսք է տեղի ունեցել. Պենտագոնը հետաքննություն է սկսել

Այս շաբաթ սոցցանցերում հրապարակվել են ուկրաինական պատերազմի հետ կապված գաղտնի փաստաթղթեր, որոնք մանրամասնում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գաղտնի պլանները՝ կապված Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի դեմ նախատեսվող հարձակման հետ: Այս մասին հաղորդում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների:

Պենտագոնը հետաքննում է, թե ով կարող է կանգնած լինել փաստաթղթերի արտահոսքի հետևում, որոնք հայտնվել են Twitter-ում, ինչպես նաև Telegram-ում, որն ունի ավելի քան կես միլիարդ օգտատեր և լայնորեն հասանելի է Ռուսաստանում:

Ըստ վերլուծաբանների՝ փաստաթղթերն, ամենայն հավանականությամբ, որոշ հատվածներում փոփոխությունների են ենթարկվել, մասնավորապես՝ հակամարտության ընթացքում ուկրաինացի զոհերի վերաբերյալ ԱՄՆ-ի գնահատականներն ուռճացվել են, իսկ ռուսական կողմի զոհերի թիվը՝ նվազեցվել: Սլայդներից մեկում ռուսական կողմի կորուստները գնահատվում են 16-17 հազար, իսկ ուկրաինական կողմինը՝ 71,5 հազար։ Նշվում է, որ փաստաթղթերը կարող են փոփոխված լինել, երբ դրանք տարածվել են ռուսական աղբյուրների կողմից:

Փաստաթղթերը ներկայացվել են լուսանկարների տեսքով, դրանցում նշվում են զենքի ակնկալվող մատակարարումները, զենքերի և գումարտակների կարողությունները, ուկրաինական զինվորական ստորաբաժանումների վերապատրաստման ժամանակացույցերը և թվաքանակը:

The New York Times-ը նշում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաներն աշխատում են դրանք ջնջելու ուղղությամբ, սակայն ապրիլի 6-ի երեկոյի դրությամբ դա նրանց դեռ չէր հաջողվել:

Փաստաթղթերը թվագրվում են մարտի 1-ով, այնպես որ այդ ժամանակից ի վեր պլանները կարող էին փոխվել: Դրանցում, սակայն, չեն նշվում մարտերի կոնկրետ պլանները, հարձակումների տեղը և ժամանակը: Այնուամենայնիվ, ըստ պարբերականի, պատերազմը պլանավորող մասնագետների համար փաստաթղթերն, անկասկած, բազմաթիվ կարևոր հուշումներ են պարունակում:

Վերլուծաբաններն այսօր հայտնել են, որ դժվար է գնահատել առաջնագծում ընթացող մարտերի վրա փաստաթղթերի արտահոսքի ազդեցությունը հիմա և առաջիկա ամիսներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս