«Աշխատանքները շարունակվում են». ՀՀ ԱԳՆ-ը՝ ՀԱՊԿ հնարավոր առաքելության մասին. «Ազատություն»
Հայաստան – Ադրբեջան միջպետական սահման ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության հարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը ներկայացվել է ՀՀ արտգործնախարարի կողմից Մոսկվայում մարտի 20-ին ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Աշխատանքները շարունակվում են: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Հայաստանի արտգործնախարարությունից:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը երկու օր առաջ հայտարարեց, թե հայ – ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ժամկետները կախված են Երևանից, գնդակը Երևանի դաշտում է։ «Ազատություն»-ը ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հետաքրքրվել էր՝ ո՞րն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը այս հարցում, ի՞նչ փուլում են քննարկումները, որոնց մասին հայտարարել է նախարար Արարատ Միրզոյանը, և եթե Հայաստանը չի մերժում ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումը, ե՞րբ է դա ծրագրվում, Հայաստանի ո՞ր հատվածում։