Ժողովրդավարական ՀՀ-ում լրագրողները չեն կարողանում ազատ տեղաշարժվել ԱԺ-ում. Թագուհի Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր «Կանայք հանուն հանրային համերաշխության» քննարկման ընթացքում անդրադարձավ երկու օր առաջ հանձնաժողովի նիստում տեղի ունեցածին, երբ իշխանական պատգամավորները սպառնում էին ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին։
«Լավ է, որ դուք բոլորդ էկրանից այն կողմ կիսել եք այն հույզերը: Տեսաք, թե ինչ գերմարդկային ջանքեր էին պահանջվում ինձանից, որպեսզի ինքնատիրապետումս չկորցնեմ և հետո կարողանամ դիմակայել մոտ 40 ՔՊ-ականների, ովքեր բոլոր կողմերից գոռում, բղավում էին և նպատակաուղղված ՔՊ նիստում որոշում կայացրած՝ եկել էին երկու նպատակով։ Առաջինը՝ այնպես անեն, որպեսզի ես սխալ թույլ տամ, և իրենք իմ հետագա պաշտոնավարման հարցը բարձրացնեն։ Երկրորդ՝ որ խոչընդոտեն ընդդիմության ՄԻՊ միասնական թեկնածուի ընտրվելու հնարավորությունը, իսկ նա կդառնար, քանի որ քվեարկությունն ի վերջո պետք է պատգամավորների խղճով ու համոզմունքով տեղի ունենար։ Կարող եմ արձանագրել, որ հանձնաժողովի նիստի ընթացքում ընդդիմության թեկնածուն լսված լինելու իր իրավունքը չկարողացավ իրացնել, ուղղակի նրան թույլ չտվեցին»,- նշեց Թագուհի Թովմասյանը։
Նա ընդգծեց՝ իշխանական պատգամավորները նպատակադրված գնացել էին, որպեսզի հանձնաժողովի նիստը վերածեին մեծ «ռազբորկայի»։
Պատգամավորի բնորոշմամբ՝ գործ ունեն շատ հեռավոր անցյալի ռեպրեսիաների հետ, որոնք կիրառվում են 21-րդ դարում՝ ժողովրդավարության անվան տակ և այնպիսի շղարշով, որ ամբողջ աշխարհն ընկալում է, թե Հայաստանը գնում է ճիշտ ճանապարհով։
«Սա է ճիշտ ճանապարհը, որտեղ խորհրդարանում կարող են կնոջը ծեծել, որտեղ ԱԺ ամբիոնի մոտ ելույթ ունեցող պատգամավորին թիկնապահներն ուղղակի կարող են դուրս հրավիրել բիրտ ուժի կիրառմամբ։ Ժողովրդավարական Հայաստանում լրագրողները խորհրդարանում չեն կարողանում ազատ տեղաշարժվել, ընդ որում, չեն կարողանում ազատ տեղաշարժվել իշխանական խմբակցության միջանցքներում»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում