«Փաշինյանն ասում էր՝ լավ է լինելու, ո՞ւր է լավը, իրենք առաջ են գնում, հասարակ ժողովուրդը՝ հետ». Լենուղու վթարային շենքի բնակիչներին հերթական անգամ խաբել են

«Իշխանություն կոչվածը մեզ 2-րդ անգամ խաբեց ՝ թողնելով այս կիսախարխուլ շենքում, որն ամեն պահի կարող է փլուզվել»,- 168.am-ի հետ զրույցում ասացին Արմավիրի մարզի Լենուղի գյուղի վթարային շենքի բնակիչները:

Իշխանությունը՝ ի դեմս համայնքապետարանի, բնակիչներին խոստացել էր նոր բնակարաններով ապահովելու փոխարեն՝ գումար հատկացնել, որ յուրաքանչյուր բնակիչ ինքն իր համար բնակարան ձեռք բերի, սակայն 2-րդ անգամ համայնքապետարանի և բնակիչների ունեցած պայմանավորվածությունը խախտվել է:

«Իրենք հերթական անգամ խաբեցին մեզ: Առաջին անգամ խոստացել էին, որ մինչև այս տարվա հունվարի 15-ը բոլոր՝ 23 ընտանիքներիս գումար կհատկացնեն, և տարիներով ձգված խնդիրը կլուծվի, բայց դա չեղավ: Երկրորդ անգամ խոստացան, որ մարտի 25-ին բոլորիս գումարները կփոխանցեն, բայց իրենց ասած ժամկետից 10 օր է անցել, ու էլի ոչ մի արդյունք…

Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր՝ լավ է լինելու, ո՞ւր է լավը, լավը միայն իրենց համար է, իրենք առաջ են գնում, իսկ մեր նման հասարակ ժողովուրդը ոչ թե տեղում է մնում, այլ մի բան էլ հետ է գնում: Սա ի՞նչ իշխանություն է, մեկը մյուսի վրա գցելով աշխատում են, եթե ղեկավարները նորմալ աշխատեին, փոփոխություն կտեսնեինք, եթե օրենքը նորմալ աշխատեր, այս օրին չէինք լինի…»:

Կարդացեք նաև

Բնակիչների խոսքով՝ եթե մի «հրաշք» տեղի ունենա, և իրենք հնարավորություն ունենան Նիկոլ Փաշինյանին նախկինի նման մոտիկից տեսնել, նրան մի բան կասեն.

«Իհարկե գիտակցում ենք, որ հիմա հնարավոր չէ Նիկոլ Փաշինյանին հանդիպել, ավելին՝ վստահ ենք, որ մարզերում բնակիչների հետ նրա հանդիպումները ՔՊ-ական ակտիվների հետ նախապես պլանավորվում և նոր իրականացվում են, ավելին՝ այնտեղ տանում են միայն իրենց գովաբանող մարդկանց: Եթե մենք հանդիպեինք Փաշինյանին, անպայման կասեինք՝ մի հատ եկեք մեր վիճակը տեսեք, եթե նորմալ մարդ եք, եթե նորմալ ղեկավար եք, մի հատ արեք, տեսեք, թե սովորական մարդիկ ինչ կյանքով են ապրում, դուք ինչ կյանքով եք ապրում: Ուղղակի թող մի պահ մեր տեղն իրենց պատկերացնեն, օրենքի աշխատող են, բայց ոչ մի օրինական բան չենք տեսնում»:

Բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենց հնարավոր դժգոհությունը կանխելու նպատակով համայնքապետարանից կապ են հաստատել մի քանի բնակչի հետ, փոխանցել, որ մինչև այս ամսվա վերջ փոխանցումները կլինեն.

«Բայց մենք չենք հավատում, քանի որ առաջին անգամը չէ, որ խաբել են: Եթե մինչև ամսվա վերջ գումարները չփոխանցեն, բնակիչներով բողոքի ակցիաներ կիրականացնենք, ընդհուպ Կառավարության շենքի դիմաց: Չի՛ կարելի քաղաքացու հետ նման կերպ վարվել…»:

Հիշեցնենք, որ 168.am-ը նախորդ տարի նոյեմբերին էր նկարահանում իրականացրել Լենուղու հանրակացարանում, ֆիքսել, որ շուրջ 70 տարվա կիսախարխուլ շենքում ո՛չ ջուր կա, ո՛չ գազ։ Մարդիկ լվացք անելու, ճաշ պատրաստելու, ինչպես նաև լողանալու համար ջուրը շենքի բակից տարաներով են տուն տանում։

Տեսանյութեր

Լրահոս