«Բնակիչներն անցաթղթերով կարողանում են մտնել այգիներ, բայց առանց բանվորների, այս տարի փոխվել է՝ սահմանում ենք». Ջանֆիդայի գյուղապետ
Դեռևս մեկ շաբաթ առաջ 168.am-ը գրել էր, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչները բողոքում են, որ չեն կարողանում իրենց այգիները մշակել ու այգիները մշակելու համար օգնող բանվոր մտցնել, քանի որ սահմանապահներն արգելում են։ Այս ամենի վերաբերյալ բնակիչներին սահմանապահները բացատրել են, որ այդ քայլին են դիմել անվտանգության խնդիրներից ելնելով, քանի որ Թուրքիայի հետ սահմանին շատ մոտ են։
Դեռ այդ ժամանակ Ջանֆիդայի գյուղապետ Կամսար Ղորղանյանն ասել էր, որ փորձում են խնդիրը կարգավորել։
168.am-ն այսօր Կամսար Ղորղանյանից փորձեց պարզել՝ քննարկումներն ի՞նչ արդյունք են տվել։
«Խնդիրը լուծվել է օրենքի տառին համապատասխան, այսինքն՝ բնակիչներն անցաթղթերով կարողանում են մտնել իրենց այգիներ, բայց առանց բանվորների։ Բանվորների հարցն էլ այս փուլում քննարկում ենք։ Այգիներ բնակիչները կարող են մտնել առավոտյան ժամը 08։00-ից՝ մինչև երեկոյան ժամը 20։00-ն, այդ ժամերին բաց է լինում, այդ ընթացքում որքան ուզեն, կարող են մտնել ու դուրս գալ»,- նշեց Ջանֆիդայի գյուղապետը։
Ըստ նրա, բնակիչներն ունեն անցաթղթեր և հեշտությամբ կարողանում են իրենց այգիները մշակել՝ առանց բանվորների։
«Այդ պահին ովքեր քիչ ունեն այգի, առանց բանվորների կարողանում են մշակել։ Հիմնական խնդիրն առաջանում է բերքահավաքի ժամանակ։
Նախորդ տարի բանվորները կարողացել են մտնել, բայց այս տարի փոխվել է, վերջը սահմանում ենք»,- եզրափակեց Կամսար Ղորղանյանը։