«Տրակտորիստը, որի վրա ադրբեջանցիները կրակել էին, մի դաշտից հելել, մյուս դաշտ է գնացել աշխատելու, խուճապ չկա». Արցախի Բերդաշեն համայնքի ղեկավար

Թշնամի Ադրբեջանը 2 օր անընդմեջ՝ փետրվարի 28-ին և մարտի 1-ին, կրակել է Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ:

Արցախի Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ փետրվարի 28-ին, ժամը 16:55-ի սահմաններում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի բնակիչ 53-ամյա Ա. Ավանեսյանը Բերդաշեն գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում «Ջոնդեր» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում, երբ հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով թշնամին կրակահերթ էր արձակել տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցրել էր գյուղատնտեսական աշխատանքները:

Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև մարտի 1-ին: Ժամը 14:00-ի սահմաններում, Բերդաշեն համայնքի բնակիչ 59-ամյա Ս. Վարդանյանը «Դավալա» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակ էր արձակվել տրակտորի ուղղությամբ, որի պատճառով գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել էր:

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի ղեկավար Գեորգի Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ աւյս պահին իրավիճակը հանգիստ է, սակայն չբացառեց, որ կրակոցները կարող են կրկնվել.

Կարդացեք նաև

«Իրենց նպատակն է, որ խանգարեն գյուղատնտեսական աշխատանքների կատարմանը, հատկապես այս պահին, երբ գարնանացանն է, այգիների մշակման գործընթացն է: Այս պահին փորձում ենք ռուս խաղաղապահների միջոցով աշխատանքները կազմակերպել: Մեր գյուղի ուղղությամբ նախկինում նման բան չէր եղել, սա առաջին անգամ էր, բայց ամեն դեպքում ամեն ինչ նորմալ է, խուճապ չկա, մարդիկ շարունակում են աշխատանքները, բայց այդ հատվածից մի փոքր հեռու, մինչև հասկանանք՝ հարցը երբ է լուծում ստանում:

Կարևորն այն է, որ մարդկանց մոտ խուճապ չկա, շարունակում են իրենց աշխատանքը, նույն տրակտորիստը, որի վրա կրակել էին, մի դաշտից հելել, մյուս դաշտ է գնացել աշխատելու, այդ առումով ոչ մի խնդիր չկա»:

Գեորգի Պողոսյանի խոսքով՝ Բերդաշենը հայտնի է հենց իր գյուղատնտեսությամբ.

«Համայնքում կան նռան այգիներ, կա նաև կարալյոկի նոր հիմնադրվող այգի, ինտենսիվ այգի է կառուցվում, ինչպես նաև՝ խաղողի այգիներ և մշակաբույսեր»:

Հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ թշնամու վերահսկողության տակ անցավ Արցախի շրջանների մեծ մասը, թշնամին պարբերաբար կրակ է արձակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս