Եթե այստեղ որևէ պաշտոնյա նման վարք դրսևորի, ժողովուրդը, կամ գործընկերներն անմիջապես հրաժարականը կպահանջեն. Մհեր Գարագաշյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թիկնազորն օրերս Կասկադում «ասֆալտին էր փռել» Հայաստանի «հպարտ քաղաքացուն», «երջանիկ անհատ»-ին, որովհետև այդ քաղաքացին՝ Կարեն Մկրտչյանը, ԱԺ նախագահին տեսնելուց վանկարկել էր՝ «դավաճան»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Կարեն Մկրտչյանը, ում դեմքին թքել էր Ալեն Սիմոնյանը, հայրենադարձ է, գործարար, որ թողել է բարեկեցիկ կյանքը Կանադայում և տեղափոխվել է Հայաստան:

Ի դեպ, ԱԺ նախագահի արարքը լայնորեն քննարկվեց և քննադատվեց, ինչին հաջորդեց Ալեն Սիմոնյանի գրառումը, որում նա մասնավորապես նշել էր.  «Ինչ վերաբերում է օտարերկրացի այդ դաշնակցականի տղուն, ով հպարտանում է, որ ՀՀ ԱԺ նախագահ է տեսել շատ մոտիկից, ասեմ, որ երիտասարդն առաջին անգամ չէ, որ վիրավորանք է հնչեցնում. առաջին անգամ մեկ ամիս առաջ արհամարհեցի, երկրորդ անգամ, բնական է, իր խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրեցի իմ կարծիքը իր մասին, իմ ազատությունը, հետո ինքը մտավ ՖԲ եթեր և պատմեց կատարվածը»:

ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, Կանադայի Հայ դատի շրջանային հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանը 168.amի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ ԱԺ նախագահի մասնակցությամբ միջադեպին և գրառմանը:

Կարդացեք նաև

««Դաշնակցականի տղա» բառակապակցությունը կրկնակիորեն  հեգնական է՝ դաշնակցականի և անձի՝ Կարենի հանդեպ: Մարդ, որը Կանադայի նախկին քաղաքացի է, որ թողել էր իր լավ աշխատանքը և իսկապես ժողովրդավար երկրում ապրելու հնարավորությունը և ամբողջ ընտանիքով հայրենադարձվել, չպետք է արժանանար նման տմարդի վերաբերմունքի:

Եթե Կանադայում նման միջադեպ տեղի ունենա, իսկ Կանադայում պաշտոնյաների դեմ ցույցերով է հանդես գալիս, և որևէ պաշտոնյա նման վարք դրսևորի, անմիջապես հրաժարականը կպահանջեն՝ կա՛մ ժողովուրդը, կա՛մ՝ գործընկերները. այսպիսի բան այստեղ բացառված է:

ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը, տմարդի վերաբերմունքից բացի, չարաշահել է իր իշխանական լիազորությունները՝ նախ, որ թիկնազորն է օգտագործել իր քմայքի համար, երկրորդ՝ պետական այրի հասկացությունը, որից հեռու են ինքն ու իր ընկերները»,- շեշտեց Կանադայի Հայ դատի շրջանային հանձնախմբի նախագահը:

Մհեր Գարագաշյանը զարմանքով նկատեց, որ իշխանության ներկայացուցիչները նման մանրուքներում են մխրճում երկիրը, երբ առաջնահերթություններն այլ պետք է լինեին, քանի որ թշնամին արդեն հասել է Տեղ գյուղ:

Տեսանյութեր

Լրահոս