«Ինչպե՞ս էր, որ ապրիլյան պատերազմի ժամանակ տանուլ չտվեցինք, դասալիքներ չունեցանք… նման հայտարարությունների տակ իրենց արարքներն են  քողարկում. Շուշիի քաղաքապետ

Ապրիլի 2-ին Աննա Հակոբյանն այցելել էր Տավուշի մարզ, որտեղ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Դավիթ Շահնազարյանի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ ինքը թույլ չի տա մեղանչել զոհվածների հիշատակի առաջ։

Նա ասել էր, որ շատ են սիրում իրականությունը թաքցնել խոսքերի հետևում, բայց ինքը կասի, թե ինչու է այդպես։

«Իրականությունն այն է, որ մենք 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք, ես այլ կերպ չեմ արտահայտվում, դուք հասկացեք, թե ինչի մասին է խոսքը։ 11 հազար զինվորական, կամավոր, սպա և այլն, պատկերացնում եք, չէ՞, դա ինչ թիվ է։ 44-օրյա պատերազմի ժամանակ երբ Գլխավոր գերագույն հրամանատարը կոչ էր անում կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը, այդ կոչին չէին հետևում։ Երբ ես՝ որպես կին, օրինակ ծառայեմ, ջոկատ կազմեցի, որպեսզի տղամարդիկ տեսնեն, որ այնքան դրա կարիքը կա, որ կինն է ջոկատ կազմում, և անցնեին իրենց պարտականությանը՝ որպես հայ տղամարդ, և պաշտպանեին իրենց, էլի արձագանքները լավ չէին։ Մենք ունենք թշնամի ու ունենք հայրենիք, ո՞վ պետք է այն պաշտպանի, եթե ոչ դուք, սիրելի աճարկուտցի տղամարդիկ։ Ուզում եմ հարցնել, թե ովքեր են մասնակցել պատերազմի, բայց այսօր չեմ հարցնի, մի օր անպայման կհարցնեմ»,- ձեռքն ուղղելով դեպի հավաքված տղամարդկանց՝ նշել էր Աննա Հակոբյանը։

168.am Ադրբեջանի կողմից այժմ օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք պատերազմի օրերին դասալիքներ տեսել է, քանի որ մինչև 2020 թվականի նոյեմբերի 5-ը գրեթե միշտ դիրքերում է եղել։

Կարդացեք նաև

«Պատերազմ է եղել, նույնիսկ համացանցում կան կադրեր, որ մարդիկ դիրքերը թողած դուրս են գալիս, դեպքեր եղել են, բայց ես չեմ կարող ասել, որ 11.000 հոգի դասալիք են եղել։ Բայց ինչո՞ւ չեն նկատում նաև կռվող մարդկանց, նրանք կանգնել, դոշ են տվել, կռվել են։ Դե պարզ է, նման հայտարարություններ են անում, որ տակն իրենց արարքները քողարկեն, իրենց արարքները բարդում են դասալիքների, հերոսացած հրամանատարների, իսկական հերոսների վրա։ Բայց մեղքը հենց վերևից է գալիս, եթե վերևից ամեն ինչ կազմակերպած լիներ, այսպես չէր լինի։

Բա այդ ինչպե՞ս էր, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ մենք տանուլ չտվեցինք, դասալիքներ չունեցանք։ Այն ժամանակ ամեն ինչ կազմակերպված էր, լավ հիշում եմ, ապրիլյան պատերազմի ժամանակ հենց Մանվել Գրիգորյանը կանչում ու իսկույն նկատողություն էր տալիս այն երկրապահներին, որոնք պատերազմի օրերին ոչ թե դիրքերում էին, այլ Ստեփանակերտում։ Իրենք էլ թող այդպես վարվեին, ում հարցնում ենք՝ ի՞նչ է եղել, պատասխանում են՝ հրամայել են նահանջել, բայց թե ով է ասել՝ չգիտեն»,- նշեց Շուշիի քաղաքապետը։

Նա նշեց, որ պատերազմի ժամանակ Քարինտակում կրկին նահանջի հրաման է եղել, բայց թե ում կողմից՝ չգիտեն։

«Քարինտակում ասել են՝ դուրս եկեք, ինչ-որ զենք են օգտագործում, որ չվնասի, դե պատկերացրեք, եթե 50 հոգի են եղել, առնվազն 25 հոգին հետ են գնացել։

Հիմա որ մեր հայրենիքը մաս-մաս հանձնվում է, պատճառն այն է, որ իսկական հերոսներին տարել դատում են, այդ դեպքում էլ ո՞վ կարող է զենք վերցնել ու հայրենիք պաշտպանել։ Քանի-քանիսը կան, որ հայրենիքի համար կռվել են, նվիրված կռվել են ու հիմա էլ կանգնել են դատարանի առաջ»,- շեշտեց Արծվիկ Սարգսյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը հաղթել է՝ ստիպելով, որ ադրբեջանական կողմի խնդրանքով զինադադար լինի, նույնը տեղի կունենար 44-օրյա պատերազմի ժամանակ, եթե վերևներից ամեն ինչ ճիշտ կազմակերպված լիներ։

«Ջրականի ուղղությամբ մի քանի օր շարունակ հայկական բանակը դիմադրում էր, կանգնած էին բոլորը, բայց հետո, այսպես ասած՝ առուն բացվել է, ու սկսել են գալ ու գալ։ Գուցե հենց նահանջ տալու ժամանակ են մարդիկ թողել պոստը։ Թող պարզեն, թե ով է նահանջի հրաման տվել։

Լավ, այն ժամանակ պատերազմ էր,  դասալիք ենք ունեցել, պարտվել ենք, բա հիմա ի՞նչն է պատճառը, որ երկիրը մաս-մաս հանձնում են։ Հիմա, որ այսքանը տալիս են, բա Հայաստանի իշխանությունն ինչո՞ւ դրա փոխարեն չի պահանջում Հադրութը, Շուշին, Մարտունու գյուղերը և մնացած հայկական տարածքները։ Ակնան, Քաշաթաղն ու Քարվաճառը հենց այնպես տվեցին։ Եթե հաշվենք, ապա Ադրբեջանն Արցախի 20 տոկոսն է կռվով վերցրել, մնացածը Հայաստանի իշխանությունը հանձնել է։ Երբ Հայաստանի իշխանությունն ասում էր՝ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է, հիմա իսկապես այդպես են ուզում արած լինեն»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս