11 հազար դասալիք ենք ունեցել 44-օրյա պատերազմին. Աննա Հակոբյանի խայտառակ հայտարարությունները

Ապրիլի 2-ին Աննա Հակոբյանն այցելել էր Տավուշի մարզ, որտեղ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Դավիթ Շահնազարյանի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ ինքը թույլ չի տա մեղանչել զոհվածների հիշատակի առաջ։

Միջոցառման ժամանակ ներկաներից մեկը զոհվածներին նվիրված բանաստեղծություն էր ասել, ինչից հետո Աննա Հակոբյանը նրան դիտողություն էր արել։

«Ես չգիտեմ՝ մեր տղան դպրոցն ավարտե՞լ է, թե՞ չի ավարտել, բայց իր խոսքում ասում է՝ ընկան նրանք, և չգիտենք՝ ինչի համար ընկան, մխիթարություն չկա։ Դա նշանակում է, որ նրանց հիշատակը, չգիտեմ, ինչպես կարելի է նման բան ասել։ Նրանք իրենց կյանքով պահեցին այն, որ մենք հիմա կանգնած ենք այստեղ և հիշատակի արարողություն ենք անում։ Ինչպե՞ս կարելի է ասել՝ չկա այն, եթե նկատի ունեիր Արցախը, Արցախն էլ կա, ինչ նկատի ունեիր, ես չեմ հասկանում»,- խոսքն ուղղելով տղային՝ ասել էր Ա. Հակոբյանը։

Այստեղ հարկ է հիշեցնել Աննա Հակոբյանի՝ 2019 թվականին տված հարցազրույցից մեկ հատված, երբ անդրադառնալով  իր «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը, ասել էր, որ այդ նախաձեռնության միակ նպատակը զինվորների կյանքը պաշտպանելն է և նրանց ուղղակի չզոհաբերելը հանուն ոչնչի։

«Հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև այս զոհերը մեզ որևէ կերպ չեն մոտեցրել հակամարտության կարգավորմանը»,- ասել էր նա։

Տավուշում Աննա Հակոբյանը նաև ասել էր, որ շատ են սիրում իրականությունը թաքցնել խոսքերի հետևում, բայց ինքը կասի, թե ինչու է այդպես։

«Իրականությունն այն է, որ մենք 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք, ես այլ կերպ չեմ արտահայտվում, դուք հասկացեք, թե ինչի մասին է խոսքը։ 11 հազար զինվորական, կամավոր, սպա և այլն, պատկերացնում եք, չէ՞, դա ինչ թիվ է։ 44-օրյա պատերազմի ժամանակ երբ Գլխավոր գերագույն հրամանատարը կոչ էր անում կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը, այդ կոչին չէին հետևում։ Երբ ես՝ որպես կին, օրինակ ծառայեմ, ջոկատ կազմեցի, որպեսզի տղամարդիկ տեսնեն, որ այնքան դրա կարիքը կա, որ կինն է ջոկատ կազմում, և անցնեին իրենց պարտականությանը՝ որպես հայ տղամարդ, և պաշտպանեին իրենց, էլի արձագանքները լավ չէին։ Մենք ունենք թշնամի ու ունենք հայրենիք, ո՞վ պետք է այն պաշտպանի, եթե ոչ դուք, սիրելի աճարկուտցի տղամարդիկ։ Ուզում եմ հարցնել, թե ովքեր են մասնակցել պատերազմի, բայց այսօր չեմ հարցնի, մի օր անպայման կհարցնեմ»,- ձեռքն ուղղելով դեպի հավաքված տղամարդկանց՝ նշել էր Աննա Հակոբյանը։

Այսպիսով իր ամբողջ ելույթը Աննա Հակոբյանն ուղղել էր հավաքված տղամարդկանց, ընդգծելով, որ հույս ունի, որ նրանք ըմբռնել են իր ասածներն ու ընդունել։

«Երբ մենք ասում ենք՝ դավաճան կամ մահ դավաճաններին, մենք կրկին ինչ-որ վերամբարձ, մեզ հետ գործ չունեցող կամ առավելագույնը Կառավարության շենքում նստած ինչ-որ մեկին… էնքան որ, մեզանից հեռու լինի, որպեսզի չսկսենք վերլուծել, իսկ կարո՞ղ է այն, որ ես չեմ գնացել, կոչին չեմ հետևել և իմ հողն ու երկիրը չեմ պաշտպանել, կարող է էդ էլ այդքան մեծ հայրենասիրություն չէ»,- ասել էր նա։

Տեսանյութեր

Լրահոս