ՀՀ ԱԱԾ-ն խոսում է Տեղ գյուղի հատվածում իրավիճակի բարելավումից, Ադրբեջանի ՊՆ-ն՝ լոկալ օպերացիայի հաջողությունից և նոր վերցված բարձունքներում ամրանալուց
Ադրբեջանի զինուժի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղին փակելուց հետո՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում, ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ եղել են քարտեզների տարընթերցումներ և 5 կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել:
Հավելենք, որ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում Հայաստանի Հանրապետության տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից՝ Ադրբեջանի տարածք, ապա նորից՝ Հայաստանի Հանրապետության տարածք:
«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը: Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և, որ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը: Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են Հայաստանի Հանրապետության պետական սահմանին՝ այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս Պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն էին տեղակայված»,- շարունակել էր Փաշինյանը:
Այսօր՝ ապրիլի 1-ին, ԱԱԾ-ն այս թեմայի առնչությամբ ևս մեկ հաղորդագրություն է տարածել, որտեղ հայտնում է, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։ Հայտնում ենք, որ ներկայումս աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ»,- նշվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Թե ինչ բարելավման մասին է խոսում ԱԱԾ-ն, դեռ հայտնի չէ, կամ՝ ինչն է ԱԱԾ-ն համարում բարելավում՝ քարտեզների տարընթերցման արդյունքները՝ 5 կետում ադրբեջանական կողմից սահմանից 100-300 մետր առաջ տեղակայո՞ւմն է վերացվել, թե՞ հետագա առաջխաղացումները բացառելու երաշխիքներ են տրվել, ի՞նչ հարցի շուրջ են բանակցությունները:
Հուսանք, ինչպես խոստացել է, ԱԱԾ-ն թույլատրելի սահմաններում, սակայն տարընթերցումների տեղիք չտվող պարզաբանում կտարածի:
Նշենք, որ հոդվածը գրելու պահին վերը նշված հանդիպման մասին ադրբեջանական կողմից պաշտոնական հաղորդագրություն չկար:
Փոխարենը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ կարճ ժամանակում կարողացել են լուծել երկրի ղեկավարության կողմից իրենց առջև դրված լոկալ խնդիրը:
Ավելին, Զաքիր Հասանովը կոնկրետ հանձնարարականներ է տվել ինժեներական պատշաճ աշխատանքներ իրականացնել «ազատագրված տարածքներում», նաև՝ վերահսկողության տակ վերցված բարձունքներում և դիրքերում: Այսինքն, հետքայլի մտադրություն ադրբեջանական կողմը չունի:
Դեռ օրեր առաջ Ադրբեջանը հայտնել էր նոր ճանապարհի համատեքստում իրենց վերահսկողության տակ բարձունքներ վերցնելու մասին:
Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի ուշ խոսելով նշվածի և Տեղ-Կոռնիձոր ճանապարհի մասին, գրել են, որ «հայկական կողմը կորցրել է վիզուալ վերահսկողության հնարավորությունը Լաչինի շրջանի որոշակի տարածքների վրա», մինչդեռ, ըստ նրանց, «Ադրբեջանի զինուժը, բացի Լաչինի նոր ճանապարհի հյուսիսային և հարավային հատվածներից, վիզուալ վերահսկողության հնարավորություն է ունենալու նաև Հայաստանի հետ սահմանի որոշակի հատվածի վրա: Այսինքն, նրանց թիրախում է նոր կառուցված ճանապարհը:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում նշել էր՝ իմանալով, որ ապրիլի 1-ից միջանցքը՝ Հայաստանն Արցախին կապող երթուղին Տեղ գյուղից տեղափոխվելու է Կոռնիձոր, և մոտ 5 կմ-անոց հատված մնալու է անպաշտպան, նախապես Զինված ուժերը կամ Սահմանապահ զորքերը համապատասխան տեղակայում այդ ուղղությամբ չեն իրականացրել, ինչից օգտվելով՝ ադրբեջանական զորքերը երթուղու փոփոխությունից 2 օր առաջ եկել և ինժեներական, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում հենց սահմանագծին:
«Սա նշանակում է, որ հայկական զորքերն այդ հատվածում դիրքավորում իրականացնելու են արդեն ՀՀ տարածքի խորքում, որովհետև սահմանագծին ադրբեջանական կողմն է: Դա նշանակում է, որ ՀՀ տարածքների հաշվին ձևավորվելու է չեզոք գոտի, և առաջինն այդ հատվածում՝ եկած ադրբեջանական զորքերը հնարավորություն են ստացել դիրքավորվել բոլոր բարենպաստ բարձունքներում: Սա նշանակում է, որ առաջնագծի այդ ուղղությամբ բավականին վտանգավոր իրավիճակ է ստեղծվելու ցանկացած պարագայում»,- շեշտել էր պատգամավորը:
Տիգրան Աբրահամյանը շարունակել էր, որ այդ հատվածում՝ մոտ 5 կմ, փաստացի առաջնագիծ չի եղել, այն եղել է, այսպես կոչված, բուֆերային գոտի: Այսինքն՝ Ադրբեջանն այս պահին տեղակայման, դիրքավորման աշխատանքներ է իրականացնում Տեղ գյուղի այն 5 կմ-անոց հատվածում, որտեղ նախկինում ներկայություն չուներ, որովհետև այն 5կմ-անոց միջանցքի հատված էր, և ՀՀ-ն և Ադրբեջանն այդտեղ զորքեր չեն տեղակայել:
Ի դեպ, մինչ այս պահը ոչ մի հայտարարություն, պարզաբանում չի եղել Պաշտպանության նախարարության կողմից, թեպետ, ինչպես Տեղ գյուղից հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ թշնամական առաջխաղացման փորձերին հստակ գործողություններով Զինված ուժերը դիմադրել են: