«Սա ընկալվելու է՝ որպես Պուտինի դեմ քայլ. Մոսկվայի պատասխանը կարող է շատ կոշտ լինել». Հայկ Խալաթյան

«VERELQ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի կարծիքով՝ նույնիսկ, եթե Հայաստանի իշխանությունները նպատակ չեն ունեցել Հռոմի ստատուտը վավերացնելու ծրագրերով հակառուսական քայլ անել, ապա Մոսկվայում դա հենց որպես հակառուսական քայլ է ընկալվել:

«Թեպետ, իմ կարծիքով, Հայաստանի իշխանությունները լավ էլ հասկանում էին, թե ինչ հետևանքներ դա կունենա, հատկապես՝ այս ֆոնին: Դատարկ տեղն իրենց համար շատ լուրջ խնդիրներ են ստեղծել: Այդ խնդիրները լինելու են կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Արևմուտքի հետ: Չեմ բացառում, որ ռուսական ճնշման արդյունքում Հայաստանը մինչև վերջ չտանի այս գործընթացը և չվավերացնի Հռոմի ստատուտը: Այսօր զուգադիպություն էր, թե ոչ, տեղեկատվություն տարածվեց, որ Ռուսաստանը կարող է արգելել Հայաստանին Ռուսաստան կաթնամթերքի արտահանումը, քանի որ որոշակի խախտումներ են գտել: Հիմա հարց՝ դա զուգադիպությո՞ւն էր, թե՞ իրոք խախտումներ կային: Չնայած՝ «Հետք»-ի հրապարակումից հետո տեսնում ենք, որ իրոք այդպիսի խախտումներ կան, բայց հարց է, չէ՞, ծագում՝ ինչո՞ւ էին մինչև հիմա աչք փակում այդ խախտումների վրա: Բայց այդ պարագայում արդեն Արևմուտքից է ճնշում գնալու, ասելու են՝ դուք Ռուսաստանի ճնշման տակ եք, որ հրաժարվում եք… Դրա համար, ավելի խելացի քայլ կլիներ այս հարցը առաջ չտանել, հասկանալ՝ ինչով է վերջանում այդ ամենը, նոր»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի թիմակիցը՝ իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը,նշել էր, որ Հռոմի կանոնադրության վավերացումից հետո Վլադիմիր Պուտինը Հայաստան չի գա, իսկ եթե գա, պետք է կալանավորվի: Նման հայտարարությունները, ըստ Հայկ Խալաթյանի, դժվարացնում են դիվանագետների գործը, որոնք փորձելու են Ռուսաստանին համոզել, որ՝ գիտե՞ք ինչ, դա հակառուսական քայլ չէր:

«Նույնիսկ երեկ մենք տեսանք, որ որոշ իշխանական տելեգրամյան ալիքներ փորձում էին բացատրել Հայաստանի դիրքորոշումը, բայց նույնիսկ այնտեղ կարմիր թելով գնում էր, որ՝ դուք ՀԱՊԿ-ի շրջանակներում մեզ չօգնեցիք, մենք էլ այս քայլն ենք անում: Որոշ չափով հասկանալով ռուսական սպեցիֆիկան և քաղաքական որոշումներ ընդունելու ոճը, կարող եմ ասել, որ այսպիսի «շանտաժի» լեզվով Ռուսաստանի հետ խոսելը որևէ արդյունքի չի բերելու, հակառակ էֆեկտ է ունենալու: Ռուսաստանում ամեն ինչ առաջին դեմքի շուրջ է պտտվում: Եթե նախկինում տարբեր մեղադրանքներ աբստրակտ էին, ուղղված էին ռուսական ընկերություններին, Ռուսաստանին, ապա պատկերացրեք՝ եթե դու քայլ ես անում, որը ընկալվում է՝ որպես քայլ հենց Վլադիմիր Պուտինի նկատմամբ, կարող եմ վստահեցնել ձեզ, որ դա շատ ավելի ցավոտ է ընկալվելու Մոսկվայում և պատասխան քայլերը նույնպես կարող են շատ ավելի ցավոտ և կոշտ լինել, քան, եթե նույն մեղադրանքներն աբստրակտ Ռուսաստանի նկատմամբ հնչեին»,-ընդգծեց քաղաքական մեկնաբանը:

Կարդացեք նաև

Հայկ Խալաթյանի դիտարկմամբ՝ միջազգային հարաբերություններում իրավունքի խորը ճգնաժամ է. «Նույն ԱՄՆ-ը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանը, և երբ այն որոշել էր հետաքննել ամերիկացի զինվորականների հանցագործությունները Աֆղանստանում կամ Իրաքում, ԱՄՆ-ը պատժամիջոցներ մտցրեց ՄՔԴ դատավորների նկատմամբ, որոնք պետք է զբաղվեին այդ հարցով: Նույն ԱՄՆ-ը այդպիսի քայլեր է անում այդ դատարանի նկատմամբ, բայց միևնույն ժամանակ, ողջունում է այդ դատարանի որոշումը՝ Վլադիմիր Պուտինի հետ կապված: Այս երկակի ստանդարտները բոլորը տեսնում և հասկանում են: Դրա համար ես հույս ունեմ, որ ուկրաինական պատերազմից հետո խոշոր պետությունները, որոնք այսպես կամ այնպես իրենց հարաբերությունները կարգավորում են, պետք է միջազգային իրավունքի նոր համակարգ ստեղծեն, որով կշարժվեն, որովհետև այսպիսի հակասությունները լուրջ խնդիրներ են բերելու»:

Հայկ Խալաթյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որևէ պատգամավոր Արցախի ինքնորոշման իրավունքի մասին չի խոսում, ինչը նշանակում է, որ այնտեղ կարգապահությունն այնպես կոշտ է, որ բոլոր պատգամավորները հստակ այդ գիծը տանում են՝ հասկանալով, որ եթե այլ հայտարարություն անեն, դա կհակասի իրենց կառավարության պաշտոնական դիրքորոշմանը.

«Բայց ստացվում է, որ Ռուսաստանի հարցում վստահ են, որ ինչ էլ հայտարարեն, որևէ լուրջ հետևանք դա իրենց համար չի ունենա: Ես չեմ բացառում, որ իշխանական խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք կողմնակից են Արցախի ինքնորոշման իրավունքին, բայց վախենում են իրենց քաղաքական ապագայի համար և փորձում են իրենց կարծիքներն իրենց մեջ պահել: Բայց հակառուսական հայտարարություններ անելիս վստահ են, որ դա որևէ հետևանք իրենց համար չի ունենալու: Նույնը հակահայկական, պրոթուրքական հայտարարությունների դեպքում է»:

Մարտի 24-ին Սահմանադրական դատարանը որոշեց, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։

Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը Հայաստանը ստորագրել էր դեռ 1998-ին, բայց այն չէր վավերացրել: 2004-ի օգոստոսին Սահմանադրական դատարանը փաստաթուղթը ճանաչել էր Սահմանադրությանը հակասող։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս