Բաժիններ՝

Անարդարությունը ժառանգներին էլ է տառապանք պատճառում

– Հա՛յր, երբ ես միանձնուհի դարձա, հարազատներս ինձ հետ անարդարացիորեն վարվեցին: Այժմ կարո՞ղ եմ նրանցից պահանջել այն, ինչն ըստ օրենքի ինձ է պատկանում:

– Ո՛չ, դա ճիշտ չէ:

– Այո, բայց ես վախենում եմ, որ իրենց գործած անարդարության դիմաց որևէ դժբախտություն կպատահի նրանց:

-Մի տես է՜, որքա՜ն բարեպաշտություն կա քո մեջ: Եթե ես քո փոխարեն լինեի, ապա այսպես կասեի նրանց. «Ինձ համար ոչինչ չեմ խնդրում: Սակայն կուզեի, որ ժառանգության ինձ պատկանող մասը ձեր ձեռքով աղքատներին բաժանեիք: Եվ նախ մեր կարիքավոր ազգականներին օգնեիք: Ասում եմ, որպեսզի Աստծու ցասումը ձեր երեխաների վրա չթափվի»: Քանի որ երբեմն այնպես է պատահում, որ ընտանիքի հայրն օտար մարդկանց ողորմածություն է անում իր հոգու համար, օրինակ, ինչ-որ աստվածահաճո գործի համար գումար է տալիս, բայց սեփական երեխաներին ոչինչ չի թողնում:

Պատահում է, որ մի ընտանիքում պապը կամ տատն ինչ-որ անարդարություն են գործել, սակայն անձամբ իրենց վրա դա ոչ մի կերպ չի անդրադարձել: Սակայն պատիժը նրանց երեխաներին կամ թոռներին է վրա հասնում, որոնք հիվանդանում են և ստիպված լինում բժիշկների վրա ծախսել այն ամենն, ինչ անարդարությամբ էր կուտակվել և այդ կերպ վճարել իրենց նախնիների պարտքերը:

Մի ընտանիք եմ հիշում, որին բազմաթիվ աղետներ պատահեցին: Նախ ընտանիքի գլուխը ծանր հիվանդացավ, կաթվածահար եղավ և անկողնուն գամված լինելով՝ մի քանի տարի տառապելուց հետո մահացավ: Այնուհետև նրա կինը մահացավ, հետո մեկը մյուսի ետևից՝ երեխաները: Վերջերս էլ հինգերորդը՝ ամենակրտսերը, մահացավ: Այդ ընտանիքը նախկինում շատ հարուստ էր, սակայն աղքատության հասավ, որովհետև բժիշկներին վճարելու և այլ տարբեր ծախսերի համար չնչին գումարով վաճառեց այն ամենն, ինչ ուներ: «Ախր, ինչո՞ւ է այդքան հիվանդություն ու վիշտ պատահում նրանց»,- զարմանում էի ես: Այդ ընտանիքի որոշ անդամների հետ ծանոթ էի և պարզ էր, որ նրանց դժբախտություններն ընդհանուր ոչինչ չունեն այն օրհնյալ փորձությունների հետ, որ Աստված Իր ընտրյալներին է ուղարկում:

«Հավանաբար,- մտածեցի ես,- Աստծու հոգևոր օրենքներն են սկսել գործել նրանց պարագայում»: Կասկածները ցրելու նպատակով փորձեցի այս ընտանիքի մասին հարցուփորձ անել վստահության արժանի, նրանց համերկրացի որոշ ծերունիների, որոնք հետևյալը պատմեցին: Այս ընտանիքի գլուխն ինչ-որ ժառանգություն էր ստացել իր հորից և հետագայում տարբեր անարդար գործերի միջոցով բազմապատկել էր այն:

Օրինակ՝ մի այրի կին պարտքով գումար է խնդրում նրանից, որպեսզի իր դստերն ամուսնացնի: Պարտքը պետք է վերադարձնի ցորենը հավաքելուց ու կալսելուց հետո: Իսկ այդ մարդը նրան այն պայմանով է գումար տալիս, որ կինն իր հողակտորը, որի վրա տուն պետք է կառուցվի, նրա անունով դարձնի: Խեղճ կինը, կարիքից ելնելով, կատարում է նրա բոլոր պայմանները: Մեկ այլ մարդ պարտքով գումար է խնդրում՝ բանկին ունեցած պարտքը մարելու համար: Վերցրած գումարը բամբակի հավաքից հետո կարող է մարել, սակայն այդ ընտանիքի անարդար գլուխը չի համաձայնում և փոխարենը մի ամբողջ արտ է պահանջում: Խեղճ մարդն էլ, բանկի հետապնդումներից վախենալով, իր արտը նրան է տալիս: Երրորդը խնդրում է մի փոքր գումար փոխ տալ՝ բժիշկներին վճարելու համար, իսկ չար փոխատուն նրա կովն է պահանջում փոխարենը:

Խեղճ չունևորը տալիս է նրա ուզածը: Այսկերպ այդ մարդը մեծ հարստություն դիզեց: Սակայն բոլոր տառապյալների տրտունջները ոչ միայն հենց իրեն ու կնոջը հարվածեցին, այլև նույնիսկ երեխաներին: Այսպիսով՝ հոգևոր օրենքները սկսեցին գործել և անարդար ունևորի ընտանիքի անդամները ստիպված եղան իրենց սեփական մաշկի վրա զգալ այն ամենն, ինչ զգացել էին այն բոլոր մարդիկ, որոնց նա նեղացրել էր:

Այսպես, բժիշկներին վճարելու և հիվանդությունների, դժբախտ պատահարների հետ կապված այլ ծախսերի համար նրանք չնչին գումարով վաճառեցին իրենց ողջ ունեցվածքը: Մեծ ունևորությունից չքավորության հասան և մեկը մյուսի ետևից հեռացան այս կյանքից: Աստված, իհարկե, նրանց Իր մեծագույն սիրո և արդարադատության համապատասխան է դատելու: Իսկ այն մարդիկ, ովքեր, կարիքից ելնելով, ստիպված են եղել վերջին ունեցածը վաճառել՝ բժիշկներին կամ մեկ ուրիշին վճարելու համար և աղքատության են մատնվել այդ պատճառով, երկնային վարձք կունենան այն անարդարության համապատասխան, որին ենթարկվել են: Իսկ երբ անարդար մարդիկ են այդպիսի դժվարությունների միջով անցնում, ապա այդկերպ իրենց պարտքերն են մարում Աստծու առջև:

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս