Հայաստանը կձերբակալի՞ Պուտինին. ի՞նչ ռիսկեր է ստեղծում այս փուլում Հռոմի ստատուտի վավերացումը
Սահմանադրական դատարանը որոշեց, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը Հայաստանը ստորագրել էր դեռ 1998-ին, բայց այն չէր վավերացրել: 2004-ի օգոստոսին Սահմանադրական դատարանը փաստաթուղթը ճանաչել էր Սահմանադրությանը հակասող։
Հայ-գերմանական իրավաբանների ասոցիացիայի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ, Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանը մշտապես խոսել է այն մասին, որ Հայաստանը պետք է վավերացնի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Կանոնադրությունը և ճանաչի Դատարանի իրավազորությունը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Գուրգեն Պետրոսյանը նշեց, որ ՄՔԴ-ն անկախ կառույց է, և օրինակ՝ կարող է հաշվի առնել, որ Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ նաև պետք է ներպետական գործընթացների վերաբերյալ հետաքննություն իրականացնել՝ մեր կատարած գործողությունների կամ նույնիսկ՝ անգործության վերաբերյալ. «Սա չպետք է մոռանանք, բայց կարծում եմ՝ ներկա դրությամբ որևէ հիմք չկա: ՄՔԴ-ն կարող է կատարել հետաքննություն այն անձանց նկատմամբ, անկախ քաղաքացիությունից, ովքեր կատարել են պատերազմական հանցագործություններ կամ մարդկության դեմ հանցագործություններ: Այսինքն՝ շրջանակը շատ լայն է»:
Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր է տվել։ Հռոմի կանոնադրությունը վավերացրած և դատարանի իրավազորությունը ճանաչած պետությունները Վլադիմիր Պուտինին ձերբակալելու պարտավորություն ունե՞ն, այսինքն՝ եթե Հայաստանը դա վավերացնի, ու հետո Վլադիմիր Պուտինը գա Հայաստան, Հայաստանի իշխանությունները պետք է նրան ձերբակալե՞ն: Այս հարցերն ուղղեցինք Գուրգեն Պետրոսյանին:
«Ի սկզբանե, Հայաստանը պարտավորվել է համագործակցել ՄՔԴ-ի հետ: Ինչ վերաբերում է երկրի գործող ղեկավարին, ապա նա միջազգային իրավունքում ունի անձեռնմխելիության հարց, բաց ոչ՝ ՄՔԴ առաջ: Բայց այստեղ այսպիսի կազուս կա միջազգային սովորութային իրավունքով, որ գործող նախագահները անձեռնմխելիություն ունեն ազգային ատյանի առջև: Այսինքն՝ իրավական խոչընդոտ է առաջանում այլ պետության գործող ղեկավարին ձերբակալելու առումով: Մենք իրավաբանորեն չենք կարողանա Պուտինին ձերբակալել: Բայց այստեղ պետք է կենտրոնանալ ոչ այնքան ձերբակալման վրա, որքան դրա շուրջ տեղի ունեցող այլ գործընթացների վրա:
ՍԴ որոշումը ընդունվել է մեկ շաբաթ անց այն բանից, երբ ՄՔԴ-ն Պուտինին կալանավորելու որոշում էր կայացրել, սա քաղաքական տեսանկյունից հարցը բարդացնում է, այսինքն՝ ռուսական կողմն իր ձեռքում ունենում է մեկ քաղաքական քարտ առ այն, որ՝ ահա, ՄՔԴ որոշումից մեկ շաբաթ անց դուք որոշում կայացրիք, որ դա ձեր Սահմանադրությանը համապատասխանում է, այսինքն՝ դուք քայլ եք անում ոչ թե՝ ձեր շահերից ելնելով, այլ՝ մեր շահերին դեմ: Եթե մենք մի փոքր արագացնեինք այս գործընթացը, որ այս որոշումը ռուսական քաղաքականությունը չկարողանար մեզ հետ կապել, ավելի լավ քաղաքական կարգավիճակում կարող էինք գտնվել: Բայց ինչ վերաբերում է Պուտինի ձերբակալմանը, դա, որպես այդպիսին, պրակտիկորեն հնարավոր չէ: Այո, պարտավորությունը լինելու է, բայց իրականացնել դա շատ բարդ է լինելու: Բայց դրանից բխում է նաև ինֆորմացիայի փոխանակումներ այլ պետությունների հետ, համագործակցություն ՄՔԴ-ի հետ կոնկրետ տեղեկությունների վերաբերյալ, սա արդեն պարտավորություն է լինելու, որը Հայաստանը պետք է կատարի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում