Բաժիններ՝

«Կարծում եմ՝ սա սխալ թեզ է. պետք չէ շտապ որոշումներ ընդունել». Ռադիկ Մարտիրոսյանը՝ բուհերի և ԳԱԱ-ի միավորման մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր 100 օրվա աշխատանքներն ամփոփելու ժամանակ անդրադարձավ նաև բուհերի և Գիտությունների ազգային ակադեմիայի միավորման վերաբերյալ Կառավարության առաջարկին՝ պատասխանելով հարցին, թե գործընթացն ի՞նչ փուլում է։

«Բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման հարցը նոր չէ, որ բարձրացվում է։ Այս հարցի շուրջ աշխատանքը և վերլուծությունն արվում է արդեն մի քանի տարի, առկա են բազմաթիվ զեկույցներ։ Կրթության զարգացման պետական ծրագրով, որը մեր առաջիկա տարիների ռազմավարությունն է ֆիքսել մի քանի հստակ թիրախներով՝ պետք է ունենանք պետական ֆինանսավորմամբ մինչև 8 բուհ, և այդ բուհերը պետք է ունենան շատ ուժեղ կայացած գիտահետազոտական բաղադրիչ։ Թե ինչպես ենք անելու, հիմա քննարկվում է, ճանապարհներն ու մոտեցումները տարբեր են, ձևավորված է եղել աշխատանքային խումբ, որը պետք է պատրաստեր վերլուծական տեղեկանք տարբեր մոդելների և դրանց հնարավորությունների մասով, այստեղ ներգրավված է եղել նաև ԳԱԱ նախագահը, և տարբեր մոդելներ են ներկայացվել։ Հիմա մենք առաջիկայում արդեն կանցնենք որոշումների կայացման փուլին և այդ վերլուծությունների հիման վրա կառաջարկենք մեր մոտեցումները, թե ինչպես ենք տեսնում, որ այդ ինտեգրումը տեղի ունենա։ Սա լինելու է շատ թափանցիկ, բոլորի համար հասկանալի ու պարզ գործընթաց, որը լինելու է շատ կոնկրետ։ Այսինքն՝ մենք այս խոսակցությունը չենք պատրաստվում դարձնել անվերջ խոսակցություն ամեն ինչի մասին, սա լինելու է հստակ ժամկետներով, թիրախներով և գործիքակազմով պրոցես։ Կարծում եմ՝ մենք մայիսին կունենանք հստակ սկիզբ այս պրոցեսին, որը կսկսի աշխատանքը, ոչ թե բուհերի միավորումը։ ԳԱԱ-ի մնալ-չմնալու հարցն ածանցյալ է այն լուծումներից, որոնք պետք է լինեն ընդհանուր համակարգում»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։

Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի գնահատմամբ՝ այս ամենը շատ լուրջ ու բարդ հարց է։

«Այդ ամենի իմաստը կայանում է հետևյալում՝ ժամանակակից բարձր մակարդակի կրթությունը պետք է անպայման ունենա ուժեղ գիտական բաղադրիչ։ Այսինքն՝ այն ծրագրերը, որոնք իրականացվում են բուհերում, նրանք պետք է միաժամանակ ունենան լուրջ գիտական բաղադրիչ։ Հիմա այս առումով, եթե լավ բուհեր ունենք, և որոնք պետք է ունենան գիտական բաղադրիչ, հնարավոր է, որ Ակադեմիայի հետ միավորեն՝ նման խնդիրները լուծելու համար։

Կարդացեք նաև

Բայց դրանից առաջ պետք է տեսնել, թե որ դեպքում, ինչ մասնագիտությունների գծով պետք է լինի, և առհասարակ այդտեղ կարիքն ունե՞նք, թե՞ չունենք։ Չէ՞ որ մենք լսել ենք՝ եթե գիտական կազմակերպություններում տպագրվող գիտական հոդվածները բարձր մակարդակ ունեն, և դրանց թիվը շատ է, և եթե դրանք միավորենք բուհերի հետ, ապա բուհերի գործը կբարելավեն՝ կարծում եմ՝ սա սխալ թեզ է, և պետք չէ այստեղ շտապ որոշումներ ընդունել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ռադիկ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ առայժմ պետք է լուծել բուհերի, ուսումնական հաստատությունների թիվը, ուղղվածությունը, մասնագիտացումները, թե արդյո՞ք դրանք համապատասխանում են այսօրվա պահանջներին, թե՞ ոչ։

«Նաև պետք է պարզել՝ արդյո՞ք դրանք այսօր օգնում են մեր տնտեսությանը, ինչը շատ կարևոր է։ Նմանօրինակ հրատապ հարցեր լուծելուց հետո, սա էլ կարող է մի խնդիր լինել, որը հետաքրքիր կլինի ապագայում։ Ես սա կարող եմ ասել»,- եզրափակեց Ռադիկ Մարտիրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս