Բաժիններ՝

Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը Հնդկաստանում հնչեցրել է հայ հեղինակների գործերն ու խոսել Հայաստանի մասին

«Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլի երաժիշտ և մի շարք միջազգային մրցանակների դափնեկիր, քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը օրերս մենահամերգով է հանդես եկել Հնդկաստանի Տրիվանդրում քաղաքում՝ հնդիկ երաժիշտների նվագակցությամբ՝ ներկայացնելով Սայաթ-Նովայի, Խաչատուր Ավետիսյանի, այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ ու մշակումներ:

Համերգային երեկոն տեղի է ունեցել Kerala Arts and Crafts Village-ի կազմակերպված WOW (World of Women) կանանց տոնին նվիրված շաբաթվա շրջանակում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարիաննան ասում է՝ յուրաքանչյուր օրը նվիրված է եղել որևէ ոլորտի՝ ոսկերչությանը, տարազին, պարարվեստին, գորգագործությանը և այլն: Մարիաննա Գևորգյանը պատվավոր հյուրի կարգավիճակով է մեկնել Հնդկաստան: Խոստովանում է՝ շատ հաճելի է եղել, որ երաժշտական մասը վստահել են իրեն:

«Մեկ ժամից ավելի տևած համերգին ցանկանում էի, որ միայն հայկական երաժշտություն հնչի, սակայն, երբ այնտեղ էինք, կարծեցի, որ ճիշտ կլինի՝ մեկ հնդկական գործ ներկայացվի, որն էլ բոլոր երաժիշտների նվագակցությամբ կատարեց երգչուհի Ամռիտա Ռաջան: Նվագակցում էին տաբլա նվագող Մահեշ Մանին, դաշնակահար Ռոհիդ Կրիշնան, Ջինշու Վարման, որը տիրապետում էր յոթ նվագարանի՝ տարբեր ազգերի դարբուկ, կահոն, ասալատո, ռեինստիք, չիմես, շակերս, սփլեշ: Բոլորն էլ բարձրակարգ ու տաղանդավոր երաժիշտներ էին: Ինձ հաճելի էր համագործակցել նրանց հետ: Չհասկանալով միմյանց լեզուն՝ մենք խոսեցինք հոգու և երաժշտության տիեզերական լեզվով»,-պատմում է քանոնահարուհին:

Մարիաննայի խոսքով՝ բոլորի նպատակն էր երաժշտությունը հասցնել հանդիսատեսին և անմոռանալի էներգիա փոխանցել, ինչն իրենց հաջողվեց:

«Կարողացանք գերազանցել ինքներս մեզ»,-նշում է քանոնահարուհին և հավելում՝ մարդիկ շատ ջերմ ու հյուրընկալ են եղել, սիրել են իրեն և իր արվեստը, Հայաստանը: Անգամ փորձել են հաղորդակցվել հայերենով:

Համերգի ավարտին միջոցառման կազմակերպիչները Մարիաննա Գևորգյանին երախտագիտության նամակ, շնորհակալագիր և մրցանակ են հանձնել՝ բարձրակարգ համերգի համար:

Քանոնը հետաքրքրել է ոչ միայն հնդիկներին, այլև անգլիացիներին: «Հյուրանոցում իմ հարևաններն անգլիացի ամուսիններ էին: Երբ ծանոթացանք, նրանց շատ հետաքրքրեց քանոն նվագարանը, նրանք անգամ համերգին ներկա լինելու ցանկություն հայտնեցին, մինչդեռ տոմսերն արդեն սպառված էին: Ասացի՝ կգաք և ինչպես Հայաստանում է ընդունված, կասեք, որ Մարիաննա Գևորգյանի հյուրերն ենք և առաջին շարքում տեղեր ունեք: Այդպես էլ արել էին: Շատ ուրախացա, երբ համերգի ընթացքում նկատեցի նրանց»,-պատմում է քանոնահարուհին:

Մարիաննա Գևորգյանը մի շարք հարցազրույցներ տալու հնարավորություն է ունեցել և, օգտվելով առիթից, բարձրաձայնել է նաև Հայաստանին հուզող խնդիրները: Հարցազրույցներն անգլերեն են եղել, սակայն հայոց լեզուն հնչեցնելու, ինչպես նաև առավել լիարժեք ամեն բան պատմելու նպատակով, զրույցներից մեկը մայրենիով է կազմակերպել: «Ասացի, որ պարզապես երաժշտություն չեմ ներկայացնում, այլ Հայաստանի և իմ կյանքի պատմությունն եմ պատմում: Անդրադարձա մեր ցավերին՝ Հայոց ցեղասպանությանը, պատերազմներին, հատուկ խոսեցի Արցախյան 44-օրյա պատերազմի մասին»,-նշում է նա:

Քանոնահարուհին նաև պատմել է աշխարհահռչակ բազմաթիվ հայերի մասին, որոնք պարբերաբար փայլում են տարբեր հարթակներում և ընդգծել, որ թե՛ ինքը, թե՛ հայ ազգը հպարտանում է իր տաղանդներով:

Մարիաննային ոչ միայն գրավել է հնդկական կողմի՝ իրեն աջակցելու, ամեն բան փայլուն կազմակերպելու պատրաստակամությունը, այլև՝ երկրի մշակույթը:

«Այցելել եմ տեղի համալսարան, շփվել պրոֆեսորադասախոսական կազմի հետ, եղել եմ հնդիկ աստվածներից Շիվայի սրբավայրում: Հնդկաստանում կան վայրեր, ուր չի կարելի մուտք գործել, բայց, երբ ուղեկցող թիմը ներկայացնում էր ինձ, բացառություններ էին անում. մարդիկ շատ ոգևորված էին: Ծանոթացա հնդկական խոհանոցին, փորձեցի իրենց ավանդական զգեստները: Ես շատ սիրեցի Տրիվանդրումը, բնակիչներին և ամենակարևորը՝ օվկիանոսն ու այրող ավազը: Ինչպես իրենք են ասում՝ ես գտնվում էի Աստծո տանը: Ըստ տեղացիների՝ երբ Աստված ստեղծել է երկիրը, այդ դրախտավայրն իր համար է պահել»,-ոգևորությամբ հիշում է Մարիաննան ու հավելում՝ առաջիկայում տոն է սպասվում նաև հայաստանյան ունկնդրին:

Մարտի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալու է համերգ, որտեղ քանոնահարուհին ներկայանալու է մեկ համարով. կլինի հայաստանյան պրեմիերա: «Ինձ պատիվ է ընձեռված կատարելու Տաջիկստանից կոմպոզիտոր Տոլիբխոն Շախիդինի «Արժանգ կոմչերտո գրոսոն», որը գրված է քանոնի, ջութակի և կամերային նվագախմբի համար: Հեղինակն Արամ Խաչատրյանի սանն է եղել: Բեմում են լինելու Հայաստանի պետական կամերային նվագախումբը, որը ղեկավարելու է Մաքսիմ Նովիկովը՝ Ռուսաստանից, ջութակահար Կարեն Շահգալդյանը»,-տեղեկացնում է Մարիաննա Գևորգյանն ու շնորհակալություն հայտնում Կամերային երաժշտության տան տնօրինությանն ու իր վարպետին՝ Սեդրակ Երկանյանին թե՛ Հնդկաստանում լինելու օրերին, թե՛ առհասարակ իրեն աջակցելու համար:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս