«Լոլոներ»՝ քնած և արթմնի. Ո՞ւմ ականջների համար էին Նիկոլ Փաշինյանի զեղումները
Հինգշաբթի օրը կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն իր վերջին 4 ժամանոց ասուլիսի «էֆեկտը» չթուլացնելու համար հերթական թվացյալ ականջահաճո, սակայն իրականում բավականին խնդրահարույց հայտարարություններն արեց:
Նախ նա հայտարարեց, որ Ռուսաստանն Արցախի հարցով պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ (ԱԽ):
«Հայկական և ադրբեջանական կողմերից հրադադարի պահպանման և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածության պահպանման, ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային զոհերից և քաղաքացիական օբյեկտների էական վնասից խուսափելու համար իմ կողմից որոշում է կայացվել անհապաղ ԼՂ բանակային զորախումբ ուղարկելու մասին,- Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային խորհրդին ուղղված գրությունը մեջբերեց Նիկոլ Փաշինյանը, ապա շարունակեց միտքը,- Դաշնային խորհուրդը նույն ձևակերպումները, նույն բառապաշարը ներառել է նոյեմբերի 18-ին ընդունված որոշման մեջ: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ՌԴ-ն պաշտոնապես արձանագրել է ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունը և ստանձնել է ԼՂ ժողովրդի և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի կատարումը:
Նախկինում մի քանի անգամ այս մասին խոսել եմ, բայց հիմա ուզում եմ կրկնել: Մենք հույս ունենք, որ ՌԴ-ն վերը նշված գործառույթը կկատարի լիարժեք, բայց, եթե մեր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, հենց ինքը, կարծում եմ՝ պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ՝ ահազանգելով ԼՂ-ում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի և սա թույլ չտալու համար՝ ԼՂ-ում և Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտության մասին»:
Միջազգային իրավունքի մասնագետները վաղուց են հրաժարվում մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի՝ անդադար իրար հակասող հայտարարությունները, ներքին լսարանի կամ արտաքին ակտորների համար արվող մեսիջները, որոնց տակ դրված ոչ երաշխիքներն են հասկանալի, ոչ անվտանգության բարձիկները, ու տպավորություն է, թե Հայաստանն առանց արգելակների ավտոբուսի նման սլանում է, և եթե բախտներս բերի, կընկնենք խոտերի մեջ, եթե ոչ՝ անդունդը:
Այնուամենայնիվ, քանի որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը իրավական մեխանիզմների տեսանկյունից վերլուծելը բարդ է, փորձենք հասկանալ դրա տողատակերը՝ սեփական ցանկությունների ու նրա տված խոստումների համատեքստում:
Ըստ էության Նիկոլ Փաշինյանն անուղղակիորեն առաջարկում է Արցախի հարցով հարաբերվել ՄԱԿ-ի ԱԽ-ի հետ, որ վերջինս կամ իրենց օժտի ՄԱԿ-ի խաղաղապահների մանդատվ, որ ՄԱԿ-ի հովանու ներքո իրենց իրավասությունների ու լիազորությունների շրջանակը հստակ լինի։ Այսինքն՝ կարողանան ուժ գործադրել իր մանդատը պաշտպանելու համար, կամ, որ ավելի հավանական է, ասում է՝ ՌԴ, եթե դու չես ուզում կամ չես կարողանում կատարել քո պարտավորությունները, ուրեմն տեղդ զիջիր այլոց:
Նիկոլ Փաշինյանը փաստացի ռուսական կողմին առաջարկում է դիմել ՄԱԿ-ին ու ասել, որ ինքը չի կարողանում տարածաշրջանում ապահովել արցախահայերի իրավունքների իրացումն ու անվտանգությունը, իրենք դուրս գան, ՄԱԿ-ը բերի, իր խաղաղապահները տեղակայի այնտեղ, ինչը ևս խնդրահարույց է, որովհետև դեռ հայտնի չէ՝ ովքեր կարող են լինել նոր միջազգային կոնտինգենտի կազմում:
Այսինքն՝ ակնհայտ է, որ ռուսներին Արցախից դուրս բերելու համար է սա արվում, թեպետ հայտարարվում է, որ իրենք ռուս խաղաղապահների մանդատը երկարաձգելու կողմնակից են, որովհետև որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՌԴ-ի համար անհնարին է հիմա ստանալ ՄԱԿ-ի խաղաղապահի մանդատ:
Այս վերջին տարբերակը, իհարկե, ներքին լսարանի համար է: Նա հենց ներքին լսարանին էր ակնարկում, որ ՌԴ-ն չի կատարում իր պարտավորությունները, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը շրջանցում է այն հանգամանքը, որ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրողն ինքն է, ու պետք է որ կարդացած լիներ, որ ՌԴ խաղաղապահ կոնտինգենտը չունի ՄԱԿ-ի խաղաղապահի մանդատ՝ դրանից բխող հնարավորությունների փաթեթով հանդերձ:
Եվ հիմա հետահայաց «գեղցի շուստրիությամբ» փորձում է ՌԴ-ի «գրպանը» գցել հերթական ականը՝ այդ պարագայում մեզ բոլորիս ու ՀՀ-ի համար առհասարակ անորոշ ապագայի՝ խիստ առարկայական վտանգով հանդերձ:
Ինչ վերաբերում է կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի մյուս «հանճարեղ» գաղափարին, ապա դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու, Մարտակերտի շրջանների, Շահումյանի, Գետաշենի, Լաչինի և Լեռնային Ղարաբաղի հարակից այլ շրջանների հայերի վերադարձի՝ միջազգային մեխանիզմների գործարկմանը:
Հատկանշական է, որ նա ասաց՝ Արտգործնախարարությանը հանձնարարել է այս թեմայով պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ։
Հիշեցնենք, որ Եռակողմ հայտարարության 7-րդ կետը սահմանում է՝ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։
Եվ հենց այստեղ է Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիայի առանցքը: Այո՛, Եռակողմ հայտարարության 7-րդ կետը հենց դա էլ ասում է, բայց այստեղ պետք է ուշադրություն դարձնել, որ գրված է՝ «ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»:
Այո, Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը կարող է վերահսկել փախստականների վերադարձը, բայց միայն այն դեպքում, երբ կա դրա քաղաքական որոշումը, քանի որ Հանձնակատարի գրասենյակի մանդատն առավելապես քաղաքական, այլ ոչ թե մարդու իրավունքների գերակայություն ունի: Սա նշանակում է, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցերը Հանձնակատարի գրասենյակի իրավասությունների մեջ երկրորդական տեղ են զբաղեցնում:
Եվ այն պարագայում, երբ քո կառավարության ծրագրում նախ ներառում ես Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի հարց, դրանով քարոզարշավ ես անում, ընտրվում, ապա հրաժարվում քո ծրագրից, այսինքն՝ քաղաքական գործիքակազմ փախստականների վերադարձի համար չես նախատեսում ու չես զբաղվում դրանով, ՄԱԿ-ի Հանձնակատարին դիմելը մարդկանց աչքին թոզ փչել է նշանակում:
Բացի դրանից, Եռակողմ հայտարարության մեջ Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի հարց ներառված չէ, էլ չենք խոսում Գետաշենի, Շահումյանի մասին:
Այնպես որ՝ հերթական պոպուլիստական հայտարարությունը ներքին լսարանի համար թերևս սոսկ իր շրիշակին հավասարեցված վարկանիշը մեկ օրով փրկելու փորձ է:
Պետք է հիշել նաև, որ տարածաշրջան ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի գրասենյակի այցելությունը մշտապես խոչընդոտվել է Ադրբեջանի կողմից, և ուրեմն ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանն առանց դեօկուպացիայի հարցը լուծելու պատկերացնում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայ փախստականների վերադարձը:
Եվ, ի վերջո, չմոռանանք նաև, որ «Արևմտյան Ադրբեջան» հորջորջված համայնքը օրեր առաջ Նիկոլ Փաշինյանին նամակ էր հղել՝ «կոչ անելով Հայաստանի կառավարությանը երկխոսություն սկսել մեզ հետ՝ մեր տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի մեր իրավունքն ապահովելու համար։ Ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը կարձագանքի մեր նամակին և առաջարկներ կանի բանակցություններ սկսելու համար»:
Պարզ է, չէ՞, որ այս խոսակցություններն առավել ակտիվանալու են Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո: