«Ռուսաստանն Արցախի հարցով պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ». Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ադրբեջանցիների կողմից 3 ամսից ավելի Լաչինի միջանցքն ապօրինի փակելու գործողություններին և այդ համատեքստում  Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործողություններին:

«Լեռնային Ղարաբաղում, ինչպես գիտեք, կա Պաշտպանության բանակ, և այնքան ժամանակ,    քանի դեռ ԼՂ ժողովրդի վրա կախված է էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգը, այդ բանակի գոյությունը, այո՛, արդարացված է:

Բայց Պաշտպանության բանակը ԼՂ ժողովրդի ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ, այդպիսի մեխանիզմ է նաև ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը:

Ուզում եմ հիշեցնել, որ ՌԴ Դաշնային խորհուրդը 2020 թվականի նոյեմբերի 18-ին ընդունել է որոշում՝ Լեռնային Ղարաբաղ ՌԴ Զինված ուժերի խաղաղապահ զորախումբ գործուղելու մասին: Այդ կապակցությամբ Դաշնային խորհրդին ուղղված դիմում-նամակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԼՂ խաղաղապահ զորախումբ ուղարկելու մի քանի նպատակ է հիշատակել, մեջբերում եմ.

Կարդացեք նաև

«Հայկական և ադրբեջանական կողմերից հրադադարի պահպանման և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածության պահպանման, ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային զոհերից և քաղաքացիական օբյեկտների էական վնասից խուսափելու համար իմ կողմից որոշում է կայացվել անհապաղ ԼՂ բանակային զորախումբ ուղարկելու մասին»,-  Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային խորհրդին ուղղված գրությունը մեջբերելուց հետո Նիկոլ Փաշինյանը շարունակեց միտքը.

«Դաշնային խորհուրդը նույն ձևակերպումները, նույն բառապաշարը ներառել է նոյեմբերի 18-ին ընդունված որոշման մեջ: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ՌԴ-ն պաշտոնապես արձանագրել է ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունը և ստանձնել է ԼՂ ժողովրդի և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի կատարումը:

Նախկինում մի քանի անգամ այս մասին խոսել եմ, բայց հիմա ուզում եմ կրկնել:

Մենք հույս ունենք, որ ՌԴ-ն վերը նշված գործառույթը կկատարի լիարժեք, բայց, եթե մեր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, հենց ինքը, կարծում եմ՝ պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ՝ ահազանգելով ԼՂ-ում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի և սա թույլ չտալու համար՝ ԼՂ-ում և Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտության մասին:

Ընդ որում, ես որևէ կանխավարկած չունեմ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ: Պարզապես վերջին ավելի քան 2 տարում տեղի ունեցած իրադարձությունների շարքը, ինչպես, օրինակ՝ Խծաբերդի, Հին Թաղերի օկուպացիան, Փառուխի դեպքերը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ոստիկանության աշխատողների և քաղաքացիական անձանց սպանությունները, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները, քաղաքացիական բնակչությանն ահաբեկելուն ուղղված գործողություններն անհանգստացնում են: Միևնույն ժամանակ, չեմ կարող չնշել ՌԴ խաղաղապահ զորախմբի առանձնահատուկ դերը, վաստակն այն բանում, որ ԼՂ-ում դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով ծայր առած հումանիտար ճգնաժամը հումանիտար աղետի չի վերածվել, և ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ նպատակին ուղղված ջանքերի համար»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս