Մաշտոցի պողոտայի գետնանցումում ունենք կոյուղու խնդիր. Տիգրան Ավինյան
«Մաշտոցի պողոտայի գետնանցումում ունենք կոյուղու խնդիր, որի մասին որոշ քաղաքացիներ բարձրաձայնել են: Այն իրականում գետնանցման հետ կապ չունի: Ուզում եմ տեղեկացնել, որ այդ խնդիրը նույնպես այս տարի լուծելու ենք: Ճանապարհահատվածը պետք է նորոգվի, կոյուղին՝ նույնպես»,- Երևանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Հիշեցնենք, որ հիմնանորոգումից հետո փետրվարի 16-ին շահագործման հանձնվեց «Փակ շուկա»-ի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը: Բացումից որոշ ժամանակ անց՝ փետրվարի 23-ին, քաղաքացիները սոցիալական ցանցերում լուսանկարներ հրապարակեցին՝ ահազանգելով, որ նոր վերանորոգված անցումում արդեն խնդիրներ են առաջացել, առաստաղին և պատերին խոնավության հետքեր են առաջացել։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունից խնդրի հետ կապված՝ 168.am-ի հետ զրույցում պարզաբանել էին. «Ստորգետնյա հետիոտնային անցման առաստաղն ունի ջրահեռացման խնդիր, որը ոչ նախագծով, ոչ էլ իր բնույթով ստորգետնյա հետիոտնային անցման մաս չէ: Այդուամենայնիվ, առաջիկայում Մաշտոցի պողոտայի վերգետնյա անցման հատվածը քանդվելու է, ջրամեկուսացվելու և ասֆալտապատվելու է»:
Նշեցին նաև, որ նախնական նախագծով նախատեսված էր ուղղակի բարեկարգում, վերատեղադրում և դրանով ավարտ: Սակայն իրականացվել է ամբողջական նախագծի փոփոխություն, որոշվել, որ Մաշտոցի պողոտայում առկա բոլոր ստորգետնյա հետիոտնային անցումներն ունենան նույն տեսքը: Դրանից ելնելով՝ ամբողջությամբ պրեսգրանիտով փոխել են հատակը, հենապատերը, աստիճանների ամբողջ հարթակը պատել են բազալտով, երկկողմանի պատերն էլ՝ տրավերտինով: