«Փաշինյանին կաշկանդում են այն ուժերը, որոնք նրան գցել են Հայաստանի գրպանը». Հայկ Մամիջանյան

«Արդյո՞ք Արցախը տեսնում եք Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ»  հարցի պատասխանը երեկ այդպես էլ չհնչեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսում:

Հիշեցնենք՝ լրագրողի հստակեցմանը՝ արդյոք ՀՀ ղեկավարը որևէ բանով կաշկանդվա՞ծ է՝ հայտարարելու, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր.  «Ես, իհարկե, կաշկանդված եմ շատ բաներով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությամբ, Հայաստանի Հանրապետության անվտանգությամբ, Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգությամբ, ձեր, բոլորի անվտանգությամբ, Հայաստանի ինքնիշխանությամբ, սուվերենությամբ, անկախությամբ, Հայաստանի պետական շահերով: Իհարկե, կաշկանդված եմ: Բա որ այդպես չլիներ՝ այնպիսի հայտարարություններ կանեի….»։

Թե ովքեր են կաշկանդում Նիկոլ Փաշինյանին՝ հարցի պատասխանն այսօր լրագրողները փորձեցին պարզել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից:

Ի պատասխան՝ նա նկատեց. «Հավանաբար կաշկանդում են նրանք, որոնք ՀՀ գրպանն են գցել Նիկոլ Փաշինյանին՝ հստակ առաքելությամբ»:

Անդրադառնալով ընդդիմության անելիքների, արտախորհրդարանական հնարավոր զարգացումների մասին հարցադրումներին՝ քաղաքական գործիչը հիշեցրեց, որ իրենց թիմը մշտապես մաս է կազմել ընդդիմադիր գործընթացներին և այսօր էլ պատրաստ է: Նա շեշտեց նաև, որ իրենց առաջնային նպատակն  իշխանափոխությունն է:

Տեսանյութեր

Լրահոս