Եթե ոչ ՀԱՊԿ, ապա ի՞նչ՝ գուցե նոր դաշի՞նք են կնքել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ԱԳՆ-ն երեկ հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը համապատասխան առաջարկ է ներկայացրել ՀԱՊԿ-ին` հրաժարվելով ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քվոտայից: ՀԱՊԿ քարտուղարի 3 տեղակալների պաշտոնը ռոտացիոն է: Անցած տարի նոյեմբերին էլ Երեւանում կայացած ՀԱՊԿ նիստի ընթացքում Հայաստանի վարչապետը չստորագրեց Հայաստանին աջակցություն ցուցաբերելու որոշման նախագիծն ու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը:

«Հայկական կողմն ակնկալում է ՀԱՊԿ դաշնակիցներից հստակ քաղաքական գնահատական սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ առկա խմբագրմամբ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծը չի բավարարում հայկական կողմին:

ՀՀ-ն մերժեց նաեւ «Անխախտ եղբայրություն-2023» ՀԱՊԿ-ի խաղաղապահ համատեղ զորավարժությունները մեր երկրի տարածքում անցկացնելու առաջարկը։ Ավելին՝ մի առիթով էլ հայտարարեց, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը սպառնալիք է Հայաստանի համար։ Արդյոք հաջորդ քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գա՞լը։

Ի՞նչ խնդիր է լուծում ՀՀ-ն` ցույց է տալիս նեղացածությու՞նը, թե՞ ակնհայտորեն գնացել է դեպի Արեւմուտք։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք ՄԱԿ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի հետ։

– Ինչպե՞ս կգնահատեք ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու մեր իշխանությունների քայլը, հնարավո՞ր է սրան հաջորդի ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց, եւ այս քայլը որեւէ հետեւանք կունենա՞ Հայաստանի վրա։

– Եթե հաշվի առնենք ՀԱՊԿ-ի նկատմամբ դրսեւորած նախկին դիրքորոշումները՝ քննադատությունները, հայտարարությունը չստորագրելը, զորավարժություններից հրաժարվելը եւ այլն, ապա  կարող ենք ասել, որ տեղի ունեցողը ոչ թե երեւույթային բնույթ է կրում, այլ՝ համակարգային։ Ասել, թե վաղը, սրանով պայմանավորված, Հայաստանի հետ ինչ-որ բան կպատահի, հազիվ թե նման բան լինի։ Փոխարենը հայ-ռուսական անվստահության մթնոլորտի մասին արդեն բացահայտ խոսում են երկու կողմերից էլ։ 90 թվականից ի վեր ես տարբեր կարգավիճակներով առնչվել եմ այս հարաբերություններին՝ կա՛մ որպես պատգամավոր, կա՛մ դիվանագետ, բայց պետք է ասել, որ նման անվստահության մթնոլորտ հայ-ռուսական հարաբերություններում չեմ հիշում, կարծում եմ՝ կատարվողը սրա դրսեւորումներն են, թե հետեւանքն ինչ կլինի, դա խոսակցության լայն դաշտ է՝ թերեւս այլ զրույցի առարկա։ Ենթադրել, որ Ղազախստանը կամ Կիրգիզիան մեր որոշումից շատ վատ են իրենց զգալու, իհարկե՝ ոչ, ճիշտ հակառակը՝ իրենց համար մի միջազգային չինովնիկի տեղ է ավելանում։

Մյուս կողմից՝ հայկական կողմն ի՞նչ հաշվարկներ է արել, դժվարանում եմ ասել, չեմ էլ կարող ասել, թե այս քայլին կհաջորդի՞ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց։ Երբ ստեղծվեց ՀԱՊԿ-ն, ես այն ժամանակ առիթ ունեցա մի հոդված գրել, այն տպվեց «Նեզավիսիմայա գազետա»-ում։ Այդով արձանագրել էի, որ ՀԱՊԿ-ն ստեղծվեց պոստսովետական տարածքում՝ որպես ռուսական հեգեմոնիայի տարածման եւ ամրապնդման կառույց, բայց չմոռանանք, որ դրան զուգահեռ, մի փոքր ուշացումով, հիմնադրվեց Եվրասիական միությունը։ Այս երկուսը, կարելի է ասել, «սիամական երկվորյակ» կառույցներ են, ու պետք է նկատի ունենալ՝ եթե մեր կառավարությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում է կայացնում, ինչպիսին է լինելու հեռանկարը Եվրազեսում։ Նայեք մեր տնտեսական շրջանառությունը, ներդրումները, դրամական հոսքերը, դրանք չեն գալիս Արեւմուտքից, դրանք գալիս են Ռուսաստանից։ Մարդիկ, որոնք առաջ են տանում ՀԱՊԿ-ից դուրս գալու գաղափարը, թող դիտարկեն նաեւ առանց Եվրազեսի խնդիրը եւ հատկապես՝ գազի խնդիրը, որից բխում է մեր ամբողջ տնտեսությունը։ Ես հասկանում եմ՝ որոշում կայացնողները շատ բաներ ի վիճակի չեն հասկանալու, ընկալելու, բայց այս պարզագույն բաները, հուսով եմ՝ կվերլուծեն։

– Գուցե այս գործընթացը պետք է դիտարկել Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության համատեքստում, մեր իշխանություններն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության ընթացքի մեջ են՝ Արեւմուտքի ցանկությամբ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու քայլեր են արվում, եւ գուցե Արեւմուտքը որոշակի երաշխիքներ է տվել։

– Գիտեք՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ցանկությունը հարյուրամյակների պատմություն ունի, նոր չէ, բայց մեծ կասկածներ ունեմ եւ հիմքեր չունեմ մտածելու, որ Արեւմուտքը Հայաստանին քաջալերում է ՀԱՊԿ-ից դուրս գալ։ Գուցե մենք ՀԱՊԿ-ից չենք ստացել այն, ինչ ուզում էինք․ միշտ էլ այդպես եղել է, ցանկացած միջազգային կազմակերպությունում դա միջազգային հարաբերությունների օրենք է, բայց համագործակցությունը ենթադրում է, որ ինչ-որ բան տալիս ես, ինչ-որ բան ստանում։ Մենք այս առումով հարմոնիա, ներդաշնակություն, այո, չունենք։

Չկան այդպիսի պետություններ, որ ունենան հարմոնիա, եւ հարցերն ավտոմատ կերպով  բավարարեն բոլոր կողմերին, համագործակցությունները հենց սրա համար են, սրա համար են հիմնվում միջազգային կազմակերպությունները, տարբեր կողմեր հավաքվում, միմյանց դիրքորոշումները, տարաձայնությունները բարձրաձայնում են, հետո փորձում հարմարեցնել իրար։ Գուցե ինչ-որ մեկը շատ է ստանում, մեկը՝ պակաս, բայց սա է միջազգային հարաբերությունների օրենքը։ ՀԱՊԿ-ն այս տեսանկյունից բացառություն չէ, գուցե որոշ մարդկանց ակնկալիքները չեն բավարարվում, բայց արդյոք դա հի՞մք է, որ դու հարցն այսպես միանգամից դնես։ Լավ կլիներ, որ լուրջ վերլուծություններ արվեին՝ ինչու չի բավարարվել, ստեղծված իրավիճակին պետք է նայել ոչ միայն Երեւանից, այլեւ Մոսկվայից՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որում հայտնվել է վերջինս՝ Բաքվի եւ Անկարայի հետ, լուրջ շահեր են ձեւավորվել այս համատեքստում։

Վերցրեք եւ կարդացեք անցած տարի փետրվարի 22-ին ստորագրված ռուս-ադրբեջանական հռչակագիրը, տեսեք, թե ինչ պարտավորություններ են կողմերը ստանձնել, եւ այդ համատեքստում փորձեք հասկանալ՝ ինչ կարող ենք մենք ակնկալել։ Դրանից բացի, որքան էլ ասենք՝ կա նեղացածություն, բայց եկեք հասկանանք՝  ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմաց ի՞նչ ենք ստանալու, ո՞րն է դրա ավելացված արժեքը։ Կյանքում նույնպես այդպես է․ կան ընտանիքներ, որտեղ ամուսիններն իրար լավ չեն հասկանում, բայց չեն շտապում ԶԱԳՍ՝ բաժանվելու, մեկն ասում է՝ երեխաներ կան, մյուսն այլ պատճառ է գտնում։ Կամ՝ աշխատանքում ղեկավարդ քեզ չի գոհացնում, լավագույնը չէ, բայց դու ստիպված աշխատում ես։

– Գուցե ընդամենը ատամ են ցույց տալիս՝ կարծելով, թե դրանից հետո հաշվի կնստեն մեզ հետ, ավելին կստանանք։

– Երբ ցույց կտան, թե դրանից ինչ ենք ստանալու, գուցե  հասկանանք։ Բայց կրկնում եմ՝ մենք չգիտենք՝ եթե ոչ ՀԱՊԿ, ապա ի՞նչ, գուցե նոր դաշի՞նք են կնքել ԱՄՆ-ի հետ, Ֆրանսիայի հետ եւ իրենք ստանձնում են նույն պարտավորությունները, ինչ Ռուսաստանը։ Միեւնույն ժամանակ համոզված ենք, որ իրենք ստանձնած պարտավորություններն ավելի լավ կկատարեն՝ սա կլինի այլընտրանք։

– Որպես այլընտրանք, ԵՄ դիտորդների՝ Հայաստան ժամանելու փաստն են ոմանք թմբկահարում։

– Բայց մենք բոլորս լավ գիտենք, որ ԵՄ դիտորդները կապ չունեն Հայաստանի պաշտպանվածության հետ։ Երկրի անվտանգային խնդիրներին չի կարելի դիլետանտությամբ վերաբերվել։ Թող ներկայացնեն ու հիմնավորեն, թե ինչու են նման քայլեր անում, թող ասեն՝ չստորագրեցինք հայտարարությունը, մերժեցինք զորավարժությունները եւ հաջորդից դուրս ենք գալու, որովհետեւ, ժողովուրդ ջան, դրա այլընտրանքը, դիցուք, լինելու է այն, որ իրավապայմանագրային բազա ենք ստեղծում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ։ Այս տեսանկյունից՝ հետաքրքիր է քննարկել, բայց նեղացածի կեցվածքով տրվել էմոցիաներին, այս դիրքերից, ես գոնե, ունենալով դիվանագիտության 23 տարվա կենսափորձ, չեմ կարողանում քննարկել։

Ես դիվանագիտությամբ եմ զբաղվել, ոչ թե էկրանների առջեւ շոու արել։ Դրա համար կրկնում եմ՝ մեզ պետք է ասեն, թե ինչ ենք այս քայլի դիմաց ստանում, հասկացանք, թե ինչ չենք ստացել, բայց այն, ինչ որ չստացանք ՌԴ-ից կամ ՀԱՊԿ-ից, ստանալո՞ւ ենք այլ երկրից։ Տարիներ շարունակ զեղչով զենքեր ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում գնել, ուսանողներ են սովորել իրենց ռազմական բուհերում, պետք չէ ուրանալ այս ամենը։ Մնացածը դեմագոգիա է։
Լուրջ երկրները մեզ պես չեն, որ նեղացածության հիման վրա թույլ տան ամենաբարձր մակարդակով հիմար հայտարարություններ անել, լուրջ երկրները մի փոքր ավելի լուրջ են աշխատում»։

Տեսանյութեր

Լրահոս