
Խուզարկություն Երևանի փոխքաղաքապետի աշխատասենյակում. քաղաքապետարանից հաստատում են, բայց մանրամասներ չեն հայտնում

Մարտի 10-ին, օրվա երկրորդ կեսին մամուլում լուր տարածվեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում:
168.am–ը Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից փորձեց ճշտել, թե արդյոք խուզարկության մասին մամուլի շրջանառած տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը: Մեր հարցերին ի պատասխան՝ հաստատեցին, որ խուզարկություն կատարվում է, իսկ թե ինչ նպատակով, փոխանցեցին, թե իրենք տեղեկություն չունեն:
Մեր հաջորդ հարցին, թե ինչ գործի շրջանակներում է խուզարկություն իրականացվում, պատասխանեցին. «Հատուկ ծառայությունների նախաձեռնած որևէ գործընթաց՝ Երևանի քաղաքապետարանի հետ կապված, չենք մեկնաբանում»:
Ի դեպ, «Հրապարակ» օրաթերթի տարածած տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում քննչական գործողություններ է իրականացնում առողջապահության համակարգի չարաշահումների հետ կապված քրեական գործի շրջանակներում։ Խոսքը Հայաստանում քովիդի պանդեմիայի ժամանակահատվածում պետական միջոցների ծախսերին է վերաբերում։ Ստուգումներն իրականացրել էր Հաշվեքննիչ պալատը և արդյունքներն ուղարկել դատախազություն, որտեղ էլ ընթացք է տրվել դրան։