Մեկնարկել է «ԴիջիԹեք22»-ը․ մասնակցում է շուրջ 30 խոսնակ 9 երկրից, 2000 մասնակից և 120 ընկերություն
Մարտի 10-12 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «ԴիջիԹեք» ամենամյա ցուցահանդեսը։ Այս տարի այն անցկացվում է «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում» խորագրով:
Ընդհանուր առմամբ՝ մասնակցում է շուրջ 30 խոսնակ 9 երկրից, 2000 գրանցված այցելու և 120 ընկերություն։
ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը համաժողովի բացմանը նշեց, որ անցած տարիներին մեծ աճ են գրանցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որի մեջ մտնում են ՏՏ և կապի ոլորտները, ինչի համար նախարարությունը ոլորտի հետ միասին տարբեր ծրագրեր է մշակում։
«Ինչպես գիտեք, վերջերս ընդունեցինք մի քանի աջակցման ծրագրեր, որոնք ոլորտի դժվարությունները թեթևացնելու և հերթական մարտահրավերները հաղթահարելու համար էին։ Այդ աջակցությունը կառավարության կողմից շարունակական է լինելու։ Մենք ոլորտի հետ փորձում ենք ակտիվ շփվել, իմանալ նրանց խնդիրները, որ թիրախային և նպատակային աջակցություն կարողանանք տրամադրել։ Ցավոք, այս պահին չեմ կարող ճիշտ թվեր ներկայացնել, թե ինչքան աճ ենք ունեցել, բայց վստահեցնում եմ՝ շոշափելի ու զգալի տարբերություններ ունենք նախորդ տարվա համամատ։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ կազմակերպիչներին, մասնակիցներին և հաջողություն եմ մաղթում՝ արդյունավետ ու հաճելի քննարկումներով»։ Խաչատրյանը տեղեկացրել է, որ այս տարի նախարարությունն աջակցել է ստարտափներին, որպեսզի նրանք ևս տաղավարներ ունենան։ «Իսկ մեր Վրաստանի գործընկերների աջակցությամբ էլ ստրատափներ ենք հրավիրել։ Կարծում եմ՝ բոլորը հնարավորություն կունենան ծանոթանալու և շփվելու»,- ասաց նախարարը։
ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշեց, որ «Դիջիթեք»-ն այս տարի ամենամեծն է իր պատմության մեջ։
«ԱՏՁՄ-ի հավակնությունները մեծ են։ Միությունը՝ ընկերություններն ու ընդհանարապես տեխնոլոգիական ոլորտը, կարծում ենք, պետք է մի քանի անգամ բազմապատկենք։ Մեր միություն համար առաջնահերթություն է կրթությունը։ Եթե նայեք տաղավարներին, կտեսնեք, որ շատ կրթական նախագծեր կան՝ Արմաթը, Թումոն, նաև կրթական սկսնակ ընկերություններ: Մենք հավատում ենք, որ կրթությունը մեր ապագան է։ Շատ ուրախ ենք, որ այս տարի ակտիվություն ենք նկատում և «Դիջիթեք»-ին մեր ընկերությունները կարողանում են իրենց ստեղծածը ներկայացնել աշխարհին և փորձելու ենք տարածել համաշխարհային մեդիաներով»,- ասաց Եսայանը։
Համաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանի խոսքով՝ այս տարի «ԴիջիԹեք»-ը հայտարարել է առաջին «ԴիջիԹեք» վենչուրային կապիտալի արագ հանդիպումների փուլի մասին, որը տեղի կունենա մարտի 11-ի առավոտյան։ Full Network Pass տոմսերով ստարտափ հիմնադիրներն ու գործադիր տնօրենները կունենան հնարավորություն գրանցվելու 15-րոպեանոց «pitch սեսիաների» միջոցառման մասնակից 5 վենչուրային կապիտալներից մեկի հետ։
«Փորձում ենք ավելի միջազգայնացնել այս համաժողովը։ Խոսնակների զգալի մասն առաջին անգամ է Հայաստանում և իրենք հիմա հանդիպում են տեղական ընկերությունների, ուսանողների, մեր գիտական ինստիտուտների հետ և ակնկալում ենք, որ այդ կապերը օրեցօր նոր նվաճումներ կբերեն»,- ասաց Քասարջյանը։
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի ղեկավար Անդրեա Վիկտորինի խոսքով՝ նկատելի է Հայաստանի աճող ՏՏ ոլորտի էկոհամակարգը և գիտական ոլորտը։ Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է խթանել ու աջակցել նորարարություններին բիզնես գործընթացներում։
«Կցանկանամ ընդգծել, որ պատշաճ քաղաքականությունը կարևոր դեր է տանում գիտության տեխնոլոգիաների և նորարարության տիրույթում։ Հպարտ ենք, որ այս տարի ի վիճակի ենք աջակցելու Հայաստանին այն ջանքերում, որոնք միտված են կրթության ռազմավարության մշակմանը, որպեսզի կրթությունը լինի բաց, հասանելի բոլորի համար և ստեղծի այս երկրի ապագան։ Տեխնոլոգիաները պետք է դարձնենք հզոր և արդյունավետ՝ երկրի զարգացմանը ծառայեցնելու համար»,-եզրափակեց դեսպանը։
Համաժողովին մասնակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվիենը, ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը, Nine Blocks Capital Management ընկերության համահիմնադիր և ղեկավարող գործընկեր Հենրի Արսլանյանը, Activeloop ընկերության հիմնադիր Դավիթ Բունիաթյանը, Acrobator Ventures ընկերության համահիմնադիր և գլխավոր գործընկեր Ջոակիմ Լակյորը և այլք։
ԴիջիԹեք համաժողովն այս տարի բաղկացած կլինի մի շարք պանելային քննարկումներից և կառանձնանա առաջատար ձեռնարկատերերի, ղեկավարների ու հետազոտողների, ինչպես նաև ակադեմիական շրջանակների մասնակցությամբ ու որակյալ փորձի փոխանակմամբ։