«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը շուրջ 260 տոննա սննդամթերք կտրամադրի Արցախին

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը համագործակցության հուշագրեր է ստորագրել Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ու Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ:

Ինչպես տեղեկանում ենք գործակալության տարածած հաղորդագրությունից, հուշագրերի համաձայն՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանն անհատույց կտրամադրի մոտ 80 տոննա սննդամթերք՝ բնակչության սոցիալական համապատասխան խմբերին հատկացնելու համար: Իսկ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը կտրամադրվի ավելի քան 180 տոննա սննդամթերք՝ Արցախի Հանրապետության պետական պահուստում ներառելու նպատակով:

Շրջափակման ընթացքում «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը նախաձեռնել և իր նվիրատուների միջոցներով և աջակցությամբ սկսել էր իրականացել «Արցախի պարենային պահուստի համալրում» ծրագիրը, որի նպատակը սննդարար, բայց միաժամանակ փոխադրման և պահպանման տեսանկյունից առավել նպատակահարմար ապրանքատեսակների ձեռքբերումն էր:

«Շրջափակումը ցույց տվեց, թե հատկապես ինչպիսի առաջնային սննդամթերքի կարիք ունենք: Մասնագետների հետ քննարկվեցին և ընտրվեցին այնպիսի ապրանքատեսակներ, որոնք կարող են բնակչության համար բալանսավորված սնունդ ապահովել և առավել հարմար են պահպանման տեսանկյունից: Կազմակերպվեց դրանց ձեռքբերումն ու փոխադրումը, և հիմա բեռների մեծ մասն արդեն հասցվել է Արցախ: Այս հուշագրերի նպատակն է ապրանքները փոխանցել համապատասխան գերատեսչություններին, որպեսզի նրանք իրականացնեն բաշխումն ու հետագա տնօրինումը»,- ասել է գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը նախաձեռնում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման ծրագրեր՝ սերտորեն համագործակցելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ կազմակերպությունների հետ։

«Մենք ենք մեր սարերը» ճգնաժամի պահին մարդասիրական օգնություն է տրամադրում Արցախի ժողովրդին՝ նպաստելով տարածաշրջանի ֆինանսական անկախությանը, բարելավելով առաջնային առողջապահությունը և աջակցելով երեխաներին ու երիտասարդներին։ Գործակալության հիմնադիրը Ռուբեն Վարդանյանն է

Տեսանյութեր

Լրահոս