Ցեղասպանության խնդիրը հայ ժողովրդի և հայկական պետականության գոյության հարցն է. Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերը պետք է շարունակել՝ ոչ իբրև զուտ անցյալի հանդեպ մեր պարտքը մատուցելու նպատակով, այլև նոր ցեղասպանությունները կանխարգելելու միջոցներ գտնելու համար: Ցեղասպանության խնդիրը հայ ժողովրդի և հայկական պետականության գոյության հարցն է։ Հնարավոր չէ խոսել դրա մասին նույն կերպ, ինչ նախկին տարիներին է խոսվել։ Նոր մոտեցումներ պետք է փնտրել»,- «Ապագա հայկականը» համաժողովի ժամանակ այսօր հայտարարեց Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, «Պատմական պատասխանատվություն» փորձագիտական հանձնախմբի ղեկավար Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
«Պատմական պատասխանատվություն» և մյուս փորձագիտական խմբերը վերջին ամիսներին մասնագիտական քննարկումներ են ունեցել, առանձնացրել խնդիրներ, առաջարկել լուծումներ:
Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նկատեց, որ հանձնախումբն անդրադարձել է նաև ՀՀ-Արցախ անվտանգության ապահովման խնդրին:
«Հայաստանում և սփյուռքում մենք բոլորս ենք պատասխանատու հայրենիքի անվտանգության և Արցախի խնդիրների լուծման համար։
Ինչի՞ առջև ենք այսօր կանգնած։ Ի՞նչ խնդիրներ ունենք և ինչպե՞ս պետք է լուծել խնդիրները։ Այս հարցերի պատասխանները պետք է միասնական ռազմավարությամբ գտնենք։ Պետականության պահպանումը ողջ հայության պատասխանատվության հարցն է»,- պարզաբանեց նա:
Սրբազան հոր կարծիքով՝ երիտասարդ սերնդին լավ հասկանալու համար պետք է ճանաչել նրանց, օրինակ՝ հասկանալ, ինչպե՞ս է մտածում ԱՄՆ-ում, Արգենտինայում կամ հայրենիքում ապրող երիտասարդը:
«Եվ նաև գիտենք, որ մեր լեզուն մեր ինքնության կարևոր ազդակներից է, և շատ տեղերում կատարյալ հայերեն սովորեցնելը կարող է անկարելի թվալ, բայց երիտասարդն ուր էլ ապրի, պետք է իմանա հայի լեզուն, փորձի սովորել ու կամ մի քանի բառեր, նախադասություններ արտաբերել, զգալ, որ դա իր լեզուն է»,- հավելեց Խաժակ արքեպիսկոպոսը։