Մի ծաղրածուի թատրոն
Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու շուրջ համաձայնությունը Նիկոլ Փաշինյանը տվել է վաղուց։ Երբ է դա տեղի ունեցել, դժվար է ասել, բայց վերջնական արձանագրումը կատարվել է անցած տարվա հոկտեմբերին՝ Պրահայում, երբ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մնացյալ ամեն ինչը, ինչ տեղի է ունեցել դրանից հետո և շարունակվում է այսօր, մեծ հաշվով ժամանակային դատարկությունը լցնելու նպատակ ունի։ Միջանկյալ բանակցությունները, բանակցային այս կամ այն փուլից հետո հրապարակվող փաստաթղթերը, տարբեր հայտարարությունները սոսկ այն միջոցներն են, որոնք սպասարկում են Փաշինյան-Ալիև գլխավոր համաձայնությանը։
Հիմա Նիկոլ Փաշինյանը գործնականում զբաղված է ոչ թե Արցախի հիմնախնդրի լուծման հայանպաստ տարբերակներ որոնելով (նա փաստացի համաձայնել է Ալիևի թեզին, որ Լեռնային Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի), այլ ընդամենը ժամանակ ձգելով, ինչի համար, ի թիվս այլ քայլերի, անձամբ, սեփական ընտանիքի անդամների, քաղաքական թիմի ծաղրածուների միջոցով զբաղեցնում է հասարակությանը։ Դրա համար կինն օրումեջ անհեթեթ գրառումներ է կատարում, ինքը զանազան մակագրությամբ սաղավարտներով լուսանկարներ է հրապարակում, իշխանական պատգամավորները մրցում են մեկը մյուսից ավելի հակաբանական հայտարարություններ անելու հարցում՝ հընթացս այս կամ այն բիզնեսում տեղավորվելով, այս կամ այն առանձնատունը ձեռք բերելով՝ օր օրի ավելացնելով իրենց ֆինանսական կարողությունները…
Հասարակությունը, կամ դրա առնվազն քաղաքականացված հատվածը հեշտորեն կուլ է տալիս խայծը, պլանային ճշգրտությամբ լծվում է իշխանական հերթական զառանցանքը կամ խայտառակությունը մեկնաբանելու, քննադատելու, հայհոյելու անօգուտ գործին։
Այդ նույն ընթացքում, շերտերում, որոնց մասին որևէ հայտարարություն չի հնչում, տեղի են ունենում Արցախն Ադրբեջանին հանձնելու գործընթացի վերջնական, ստորջրյա գործողությունները, որոնց վերջնարդյունքի մասին կհայտարարվի արդեն՝ որպես կայացած փաստ։ Պատերազմի ավարտին հաջորդած երկուսուկես տարիները Նիկոլ Փաշինյանին տվել են վստահություն, որ իր կողմից կատարվող ցանկացած քայլ լավագույն դեպքում արժանանում է հանրային դժգոհությունը պարպելու որևէ ակցիայի կամ ակցիաների շարքի, որը, սակայն, գործառութային իմաստով չի խանգարում իրեն անել այն, ինչ ցանկանում է։ Բայց որպեսզի դա տեղի ունենա ավելի հեշտ, անհրաժեշտ է հանրային աղմուկ, հասարակության ուշադրությունը շեղող միջոցառումներ, ղալմաղալ, սոցցանցային ցասումներ ամենատարբեր թեմաներով, բայց կարևորը, որ դրանք կապ չունենան Արցախի հետ։
Իսկ եթե այդ նպատակի համար անհրաժեշտ լինի վաղը լուսանկարվել դեղին սանրվածքով կամ Հովիկ Աղազարյանին ճիպոտահարել հրապարակի կենտրոնում, Նիկոլ Փաշինյանը դա կանի մեծ հաճույքով… Կարևորը՝ որպեսզի որևէ պարագայում տեղի չունենա հանրային մոբիլիզացիա մեկ գլխավոր խնդրի՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու իր իսկ քաղաքականության դեմ։
Այս հարցում Նիկոլ Փաշինյանին աջակցում են ոչ միայն հանրային անտարբերությունը, այլ նաև այն բոլոր քաղաքական, քաղաքացիական խմբերը, որոնք հնարավորություն ունեն գեներացնելու հանրային մոբիլիզացիա, բայց դա չեն անում ամենատարբեր պատճառներով՝ սկսած սովորական ծուլությունից ու մտքի բացակայությունից, մինչև իշխանության հետ ստվերային պայմանավորվածություններ։
Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը գրեթե անարգել պատրաստվում է Արցախն Ադրբեջանին հանձնելու վերջնական արարին։
Երևի ներքին շնորհակալությամբ, որ դրա դեմ պայքարի փոխարեն՝ հայ հայրենասերները քննարկում են իր սաղավարտի կամ տիկնոջ ժամացույցի մակագրությունները։
Հարություն Ավետիսյան