«Սիրված ու գնահատված կինը երբեք նման գրառում չի անի». հայ կանայք՝ հայրենիքի, արժանապատիվ խաղաղության ու «պարող մոլեկուլների մասին» 

Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է: Վերջին տարիներին բոլոր շնորհավորական ուղերձներում,  մաղթանքներում կարմիր թելի պես անցնում է անվտանգ ու խաղաղ հայրենիք ունենալու տեսլականը: 168.amն այսօր զրուցել է այս տեսլականի համար պայքարող կանանց հետ:

«Կնոջ մեջ պահպանման սկիզբն է դրված՝ պահպանել ընտանիքը, զավակներին, երկիրը, հայրենիքը…». Կարինե Նալչաջյան

Հոգեբան Կարինե Նալչաջյանն օրվա խորհրդին ընդառաջ՝ անդրադառնալով կնոջ դերին՝ նշեց. «Երբ բնության մեջ ինչ-որ մի համակարգ խախտվում է, այդ համակարգի ներսում իգական հատվածն ակտիվանում է և ամեն բան անում՝ համակարգի պահպանման համար: Այս սեռի դերը պահպանելն է:

Չպետք է նսեմացնել կնոջ դերը, երբեք կուլ չտանք ինչ-ինչ ուժերի կողմից տարիներ շարունակ դաշտ նետված այն տենդենցը, թե կինն ու տղամարդը միմյանց հակադրվում են. մենք իրար լրացնում ենք, մենք իրար չենք հակադրվում»:

Կարդացեք նաև

Հոգեբանը կարծում է, որ այսօր հենց հայ կինը պետք է իր վրա վերցնի ինչ-որ բան փոխելու առաքելությունը:

«Այս պայմաններում կնոջ դերն առաջնային է: Այսօր որբացած, սգի մեջ եղող Հայաստանը մոր կարիք ունի, մոր, որը կարող է անգամ սատանային հաղթել:

Մենք պիտի չընկճվենք, թույլ չտանք, որ ընկճվի մեր տղամարդկային կեսը՝ եղբայրները, ամուսինները ու զավակները, ու պետք է ջահակիրը դառնանք»,- հավելեց Կարինե Նալչաջյանը:

«Մեր պատմության մեջ եղել են ժամանակներ, երբ կին, տղամարդ, տարեց և երիտասարդ ունեցել և պայքարել են նույն մարտահրավերների դեմ». Քրիստինե Վարդանյան

ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը կնոջ դերի մասին իր դիտարկումներում արձանագրեց՝ տարբեր ազգերի կանայք այս օրերին ունեն տարբեր մարտահրավերներ, իսկ հայ կնոջ մարտահրավերն այսօր նույնիսկ իր բնական իրավունքների պաշտպանությունն է դարձել:

«Այսօր մարտահրավեր է նետված հենց դրան: Մեր պատմության մեջ մի քանի անգամ եղել են ժամանակներ, երբ կին, տղամարդ, տարեց և երիտասարդ ունեցել և պայքարել են նույն մարտահրավերների դեմ: Յուրաքանչյուրը՝ իր կարողությունների չափով, իսկ կարողությունները որոշողը սեռը չէ.  սեփական կարողությունը որոշում է մարդն ինքն իր համար:

Այսօր էլ նման իրավիճակում ենք, երբ պետք է բոլոր ուժերով դիմագրավենք՝ մանկապարտեզի դաստիարակից մինչև ավիացիոն ինժեներ` անկախ սեռից և տարիքից»,- մանրամասնեց Քրիստինե Վարդանյանը՝ արձանագրելով, որ  հայ մարդը, առհասարակ, այսօր մեծ անելիք ունի և հնարավորություն՝ մեծապես ազդելու սեփական ճակատագրի որոշման և առկա մարտահրավերների հաղթահարման գործում:

Պատգամավորը համամիտ չէ այնպիսի ձևակերպումների հետ, թե հայ կինը երջանիկ չի եղել, իսկ «երջանկության մոլեկուլները մի կարճ ժամանակահատված մեր մթնոլորտում պար էին բռնել 2018 թվականի հեղափոխությունից հետո միայն» (հատված Փաշինյանի տիկնոջ ելույթից):

«Իրադարձություն, որը հանգեցրել է անվտանգային համակարգի փլուզմանը, տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի դերի աճին, հայկական տարածքների կորստին, հազարավոր զոհերի «երջանիկ և ուրախ» համարել կարող է միայն բանականությունից զուրկը, կամ թշնամին՝ ում այդ իրադարձություններն իսկապես ուրախություն են պատճառել: Այս ժամանակաշրջանը հայոց պատմության մեջ մնալու է՝ որպես համազգային ամոթի ժամանակաշրջան»,- նկատեց նա:

Դուք հասկանո՞ւմ եք այդ մայրերի ցավը՝ նման ցինիկ, անդաստիարակ մարդկանց հայտարարություններից հետո». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 2018 թվականից հետո «պար բռնած մոլեկուլների» մասին անդրադարձներին հակադարձում է հիշեցմամբ՝ 2018 թվականը  բերեց մահ, բերեց ավեր, 5000 և ավելի զոհեր:

«Դուք հիմա պատկերացնո՞ւմ եք այն մոր, այն կանանց զգացողությունը, որոնք այսօր կանանց տոնին պետք է իրենց որդուց, ամուսնուց ստանային շնորհավորանքներ: Նույն Մխիթար Գալեյանի մայրը.  այսօր Մխիկը պետք է դուռը բացեր, գրկեր ու շնորհավորեր, կամ պատկերացնո՞ւմ եք Դավիթ Առուշանյանի, Կարեն Միրզոյանի ու այն 5000-ից ավելի զոհերի մայրերի ու կանանց զգացողությունները:

Այսօր, երբ մայրն աչքը դռանը սպասում է կամ հիշում է որդուն… Մեր գործընկեր Ալիսն այսօր տեղադրել է իր Դավիթ որդու առաջին գրառումներից մեկը՝ նվիրված մորը.  դուք հասկանո՞ւմ եք այդ մայրերի ցավը՝ նման ցինիկ, անդաստիարակ մարդկանց հայտարարություններից հետո: Ինքը հաճույք է ստանում արյան մեջ, այլ կանանց ցավի ու կորստի մեջ ձեռքը մտցնելուց ու խառնելուց:

2018 թվականի այդ թավշյա բանդիտիզմն ու իշխանազավթումն առ այսօր բերել է միայն պետականության կորուստ, Արցախի կորուստ, իսկ խաղաղության այն պայմանագիրը, որը պարտադրվելու է Հայաստանին, լինելու է ՀՀ պետականության քանդման պայմանագիրը»:

Նաիրա Զոհրաբյանը կարծում է նաև, որ 2018 թվականից հետո ատելության ժայթքումը հաղթահարելու միակ տարբերակը սերն է:

«Կինը պետք է լինի սիրված, գնահատված. սիրված ու գնահատված կինը երբեք նման գրառում չի անի, երբեք ուրիշի ցավի մեջ ձեռքը չի մտցնի»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս