Բաժիններ՝

Որքան մարմնից ես խլում, այնքան հոգուն ես ուժ տալիս

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել Մեծ պահքի կիրակիները, որով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը՝ կյանք դրախտում (Բուն բարեկենդան), արտաքսում, անառակ որդու վերադարձ, տնտեսի կիրակի, անիրավ դատավորի կիրակի, գալստյան կիրակի և մուտք Երուսաղեմ (Ծաղկազարդ):

Պահքն առաջին իմաստով կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` գոյություն ունի երեք տեսակի պահք: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման ուտելիքներից։ Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:

Պահքի կարևորությունն առավել լավ ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն ընդունվել է դեռևս դրախտում, և Աստծո կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16-17):

Քրիստոնեական մտածողությամբ մարդը կազմված է հոգուց ու մարմնից։ Եվ կյանքը պայքար է հոգու և մարմնի, աստվածայինի և աշխարհայինի, երկնայինի և երկրավորի, մարդու իմացական բարձր իդեալների, ձգտումների, տեսիլների և երկրաքարշ կրքերի, ցանկությունների միջև։ Պահքը, Պողոս առաքյալի բացատրությամբ, այն շրջանն է, երբ հավատացյալին առիթ է տրվում սանձելու մարմինը՝ զարկ տալու համար հոգու թռիչքին։

Մեծ պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկաս 4:1-3):

Փրկիչը երեք անգամ քառասուն օրերի միջոցով մեզ Աստծու առջև կանգնեցրեց: Եվ այս երեք քառասուններով մեր երեք ծնունդներն են խորհրդանշվում, որոնցից առաջինը մարմնավոր ծնունդն է մորից, երկրորդը՝ հոգևոր ծնունդը՝ Ավազանից, երրորդը՝ հարությամբ ծնունդը՝ գերեզմանից: Տերը երեք անգամ մեզ ստեղծեց, որպեսզի լինենք առաջին ստեղծվածի նման:

Գրիգոր Աստվածաբանն այս մասին ասում է. «Մեր երեք ծնունդներն էլ Քրիստոս Իրենով պատվեց՝ Իր ծննդյամբ, մկրտությամբ ու հարությամբ»: Նախ՝ Տերն Իր քառասնօրյա հասակում տաճար մտնելով՝ մեզ մաքրեց անեծքից ու ծննդական աղտեղություններից և մտցրեց տաճար՝ ընծայելով Հորը: Եվ մենք քառասնօրյա պահքով սրբվում ենք հոգու պղծություններից: Տիրոջ՝ քառասնօրյա հասակում տաճար գալստյամբ՝ բոլոր հավատացյալներս ընծայվում ենք Հորը, ինչպես մարմնի անդամները միանում են գլխին՝ ըստ առաքյալի խոսքի. «Ամբողջ մարմինն իրար ամրորեն միացած՝ զանազան հոդերով, գլխին է միացած, որը Քրիստոս է» (հմմտ. Եփեսացիս 4:15-16): Եվ մենք քառասնօրյա պահքով մաքրված կանգնում ենք Աստծու առաջ:

Պատրաստեց Մարիետտա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս