«Ողորմելինե՜ր, ի՞նչ անենք, մեր տղաների նկարները դոշներիս կպցնենք, նո՞ր գնանք». Զոհվածի մայր
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատկան մարմինները ոչինչ չեն արել, որպեսզի պարզեն իր երեխայի ճակատագիրը, որը պատերազմից հետո անհետ կորած է համարվել։
«Վերջում մեր ծնողական համայնքի անձնական ջանքերով ռուս խաղաղապահների միջոցով Ադրբեջանը ամեն երեխայից հանձնեց մեկ մասունք՝ 2021 թվականի նոյեմբերին։
Ինչևէ, դրանից հետո գնացել եմ, որ երեխայիս անձնագրայինի գրանցումից հանեմ, դուք չեք պատկերացնի այդ խայտառակությունը։ Դուք պատկերացրեք, որ չես ընտելացել քո ցավին, երեք տարին չես անցկացրել, և այնտեղի խառնամբոխը, դու չես կարող ասել՝ կներեք, ես զոհվածի ծնող եմ, թույլ տվեք, ես գնամ երեխայիս հանեմ հաշվառումից, որովհետև իմ երեխան էլ չկա՞։ Եվ ինչո՞ւ ՊՆ-ն արդեն անձնագրայինի համակարգում չուներ այդ համակարգումը, որ հետևեն, եթե զոհվածի ծնող է, ապա նրան առանց հերթի սպասարկեն։ Բանկ ես գնում, 5 րոպեանոց գործարքի համար կարող է 5 ժամ կանգնես հերթերի մեջ, պե՞տք է լինի համակարգում, որ նման ծնողներին մի հատ էլ տարրական կենցաղային հարցերով չդնեն այս վիճակներում։
Սրանք խոսում են երաշխիքների մասին, ես ասում եմ՝ առաջին երաշխիքն այն պետք է լինի, որ դուք մեր երեխաներին չտանեք մորթեք։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ասում է՝ չենք ուզում քաղաքականացնենք, բայց մենք հների պատճառով նոր 2004 թվականի ընտանիքներին ենք հասել բնակարանային ապահովման մասով։ Մինչև իրենք հասնեն 2020 թվականին, կարող է այդ ընտանիքներն էլ չլինեն»,- շեշտեց Նաիրա Մելիքյանը։
Նա հարց բարձրացրեց՝ ՊՆ-ն առաջին անգամ իրենի՞ց լսեց, որ անձնագրայինում խնդիրներ են լինում։
«Լավ, նախկիններին հասկացանք, նրանց չենք արդարացնում, բա դուք ի՞նչ եք արել։ Ծնողներից մեկն այլ օրինակ բերեց առողջապահական խնդրի մասին՝ գնում է կատեի և այդ երաշխիքն ունի, մի հիվանդանոցից ուղարկում են մեկ այլ հիվանդանոց։ Մի հատ էլ այդ մարդն այդտեղ է ասում՝ ես զոհվածի ծնող եմ, կներեք, մի հատ էլ տղերքի նկարները դոշներիս կպցնե՞նք և ամեն անգամ մի հատ էլ դրա համար ստորանա՞նք»,- շեշտեց Նաիրա Մելիքյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում