Կարմրուկն ունի բնորոշ մեկ նշան՝ բերանի խոռոչում ի հայտ են գալիս սպիտակ, մանր բծեր. Համաճարակաբան
Մարտի 6-ին, ժամը 10:00-ի դրությամբ, Առողջապահության նախարարության տվյալներով, կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել: Հոսպիտալացված պացիենտների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանցից 19-ը պատվաստված չէ, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափով):
168.am-ը համաճարակաբան, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանի հետ զրուցել է կարմրուկի ախտանշանների, հնարավոր բարդությունների, ինչպես նաև պատվաստանյութի մասին:
– Տիկին Տեր-Ստեփանյան, ճիշտ է՝ ՀՀ բնակչության 95 տոկոսը պատվաստված է կարմրուկի դեմ, բայց 5 տոկոսը խուսափել է՝ չնայած Հայաստանում պատվաստանյութ եղել է դեռևս 1960-ական թվականներից: Կա նաև մտավախություն, թե գուցե առկա պատվաստանյութը հին է:
– Կարմրուկի դեմ պատվաստանյութը Խորհրդային Միությունում ներդրվել է 1968 թվականին, 1973 թվականին մտել է օրացույց, և Հայաստանում ունեինք բավականին մեծ ձեռքբերում՝ 2007 թվականից տեղական դեպք չենք արձանագրել, և հպարտանում էինք, որ տեղական մասշտաբով վարակի տարածում չունենք: Բայց, հաշվի առնելով վիրուսի ակտիվացումը, այսօր արդեն ունենք 20 դեպք:
Ինչ վերաբերում է պատվաստանյութին, ապա Հայաստան բարձր որակի պատվաստանյութեր են ներմուծվում: Եվ ով ունի կասկած՝ պատվաստանյութի որակի, արտադրողի, դրա պիտանելիության ժամկետի, պահպանման պայմանների մասով, հորդորում եմ համոզվել և կարծում եմ՝ ցանկացած առաջնային օղակ պատրաստ է տրամադրել այդ ինֆորմացիան:
Երեխային պատվաստելուց առաջ կարող են նայել սրվակը, որի վրա երևում է և՛ արտադրողը, և՛ պիտանելիության ժամկետը, և՛ ջերմային ցուցիչը, որը ցույց է տալիս պահպանման պայմանները: Ամենը տեսնելուց հետո թող որոշեն՝ պատվաստվե՞լ, թե չէ, բայց ամեն դեպքում, որոշում կայացնել ի վնաս երեխայի՝ սա ծնողի պատասխանատվությունն է սեփական երեխայի առջև, որովհետև, եթե երեխան վարակվեց, հիվանդացավ ու ունեցավ բարդություններ, ծնողն ինչո՞վ է արդարանալու և հիմնավորելու իր հրաժարվելը:
– Բացի այդ, վնասում է նաև շրջապատի մարդկանց:
– Բնականաբար, ստեղծում է սեփական և հանրային առողջության վտանգ: Եվ այսօր շատ երկրներ մտցրել են սահմանափակում, եթե երեխան պատվաստված չէ, հանրային վայրեր՝ դպրոց, մանկապարտեզ, թույլ չեն տալիս հաճախել:
– Ծնողներ կան, ովքեր երեխային մեկ անգամ են պատվաստել, տարիքը լրացել է, չգիտեն՝ պատվաստե՞լ, թե՞ ոչ: Իսկ մեծահասակներից շատերն էլ չեն հիշում՝ պատվաստվա՞ծ են, թե՞ ոչ: Ի՞նչ անել:
– Կոնկրետ ԿԿԽ պատվաստանյութի համար ազգային օրացույցում տարիք կա: Հավելեմ, որ այս պատվաստանյութը միայն կարմրուկի պրոֆիլակտիկա չէ՝ կամրուկ, կարմրախտ, խոզուկ, երեքը մեկում է արվում: Առաջինն արվում է մեկ տարեկանում, և երկրորդը՝ 4-6 տարեկանում: 4-6 տարիքային խումբը, ովքեր չունեն երկրորդ դեղաչափ, հորդորում եմ հնարավորինս շուտ ապահովել երկրորդ դեղաչափը, որովհետև երեխաները պաշտպանված են միայն երկու դեղաչափ ստանալուց հետո:
Ինչ վերաբերում է մեծահասակներին, ապա առաջնահերթությունը տրվում է կոնտակտավորներին, մարդկանց, ովքեր շփվել են կարմրուկով հիվանդների հետ: Կարմրուկով հիվանդը վարակիչ է ցանի ի հայտ գալուց 4 օր առաջ և 4 օր հետո: Եթե շփվել են կարմրուկով հիվանդի հետ, ապա մարդն ունի 72 ժամ՝ հետկոնտակտային կանխարգելման համար: 72 ժամվա ընթացքում, եթե չունի նախորդ երկու դեղաչափերը, նոր ստանում է պատվաստումը, որն ապահովում է հետագա վարակից:
Առաջնահերթությունը տրվում է երեխաներին, որովհետև սա մանկական տարիքի վարակ է:
– Առաջին ախտանշանների դեպքո՞ւմ է ցանավորում ի հայտ գալիս:
– Ոչ, ցանավորումն ի հայտ է գալիս մի փոքր ավելի ուշ: Գաղտնի շրջանը տևում է 7-21 օր, 21 օր տևում է այն դեպքում, երբ ունեն մեկ դեղաչափ պատվաստում: Միջին գաղտնի շրջանը 10-14 օր է: Սկսվում է ընդհանուր թուլությամբ, ջերմության բարձրացմամբ: Ունի բնորոշ մեկ նշան՝ բերանի խոռոչում, մոլյար ատամների դիմաց ի հայտ են գալիս սպիտակ, մանր բծեր, որոնք համարվում են կարմրուկի համար սպեցիֆիկ ախտանիշ: Դրանից հետո ի հայտ է գալիս եղջերաթաղանթի բորբոքում, արցունքահոսություն, լուսավախություն և ապա ցանը, որը սկսվում է դեմքից, տարածվում պարանոցին, իրանին և անհետանում նույն հերթականությամբ: Մարմնի ջերմությունը բարձրանում է մինչև 41 աստիճան, տևում է 3-4 օր:
– Դեղամիջոց կա՞:
– Վիրուսի դեմ յուրահատուկ բուժում չկա, տրվում են առատ հեղուկներ, իջեցնում ջերմությունը: Ինքնաբուժությամբ զբաղվել պետք չէ, որովհետև կարմրուկն ունի բարդություններ, դրանցից է ականջաբորբը, թոքաբորբը, մենինգիտը և այլն:
– Ասում են՝ կարմրուկի վիրուսը մարդու օրգանիզմից դուրս չի գալիս, դա ի՞նչ է նշանակում;
– Հիմնականում դուրս է գալիս: Կարմրուկի վիրուսն ունի պերսիստենցելու հակում: Դեպքերը հազվադեպ, բայց շատ վտանգավոր են, կոչվում են ենթասուր սկլերոզացնող պանենցեֆալիտ: Հայտնաբերվում է մեկ միլիոն հիվանդից մեկի դեպքում, ունի մահացու ելք:
Մանրամասները՝ տեսանյութում