Իրականացնում ենք աշխատանքներ՝ պոլիկլինիկաների, ամբուլատորիաների հետ, վերհանելու պատվաստումները բաց թողած բնակչության ցուցակները. Անահիտ Ավանեսյան
Մարտի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կարմրուկի 20 դեպք, 19-ը հոսպիտալացված է, մեկն արդեն դուրս է գրվել: Բոլոր պացիենտների վիճակը միջին ծանրության է: Տեղեկությունը լրագրողներին ասուլիսի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ 15-ը երեխա է, 5-ը՝ մեծահասակ:
«Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, տարածվում է օդակաթիլային ճանապարհով: 2022 թվականից սկսած մեր տարածաշրջանում, ԱՀԿ 27 երկրների շրջանում, նաև այլ տարածաշրջաններում բավականին աշխույժ է, և վերջին տեղեկություններով ակնկալում էինք, որ պետք է ներթափանցում լինի ՀՀ: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից՝ հիվանդացել է բալիկ, որից հետո նաև վարակվել են այլ անձինք»,- մանրամասնեց Անահիտ Ավանեսյանը:
Առողջապահության նախարարն ընդգծեց նաև հիվանդության վաղ շրջանում հայտնաբերելու, կոնտակտների շրջանակը հստակ պարզաբանելու հանգամանքը, ինչպես նաև 72 ժամվա ընթացքում կոնտակտավորների կանխարգելիչ պատվաստումը, նրանց մեկուսացումը և վարակի շղթան կոտրելու միջոցառումը:
«Պատվաստումն իրականացվում է երկու դեղաչափով. Առաջինը՝ մեկ տարեկան երեխաներին, իսկ երկրորդը՝ 4-6 տարեկանում: Երկու դեղաչափով պատվաստված լինելու պարագայում վարակման հավանականությունը գրեթե բացառվում է: Այս պահին իրականացնում ենք աշխատանքներ՝ պոլիկլինիկաների, ամբուլատորիաների հետ, վերհանելու պատվաստումները բաց թողած բնակչության ցուցակները և նրանց հետ անհատապես աշխատանքներ տանելու, որպեսզի ընդգրկվեն պատվաստումների մեջ, որպեսզի կանխեն ռիսկի խմբում գտնվողների հիվանդանալը, որոնք այս պահին չեն կարող պատվաստվել: Խոսքը մեկ տարեկանից ցածր երեխաների մասին է»,- նշեց Անահիտ Ավանեսյանը:
Նա ընդգծեց, որ կարմրուկը վաղուց հայտնի հիվանդություն է, կարմրուկներ Հայաստանում ևս եղել են, վերջին բռնկումը եղել է 2006-2007թթ.:
«Բավական փորձ ունեն կարմրուկի բռնկումները կանխարգելելու, դրանք ճիշտ ժամանակին զսպելու և բուժման ընթացքում լավ արդյունք ունենալու համար: Ուրաբթ օրվանից՝ առաջին լաբորատոր դեպքի հաստատումն ունենալուց հետո, աշխատանքային քննարկում է հրավիրվել, խումբ ստեղծվել, որտեղ ընդգրկված են մասնագետները: Այս պահին Երևան-մարզեր շփումները սահմանափակելու անհրաժեշտություն չկա: Պացիենտների մեծ մասը Երևանից է: