Հույս ունեմ՝ ՍԴ դատավորները հանուն քաղաքական իշխանության սպասարկման՝ մասնագիտական բարոյականության սահմանը չեն հատի. Տարոն Սիմոնյան

«Եթե ինստիտուցիոնալ առումով նայենք, դատական իշխանությունը և մասնավորապես Սահմանադրական դատարանը (ՍԴ), իմ խորին համոզմամբ՝ բարեփոխումների ընթացքով չեն գնացել»,- 168.am-ում «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարի ընթացքում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Ըստ նրա՝ դատական իշխանությունը բարեփոխելու իրական հնարավորություն կար, սակայն դրա փոխարեն՝ ավելի վատացրեցին իրավիճակը:

«Ես՝ որպես փաստաբանական գործունեության շրջանակում դատական իշխանության հետ սերտորեն առնչվող մարդ, ու նաև բոլորը, երազում ենք ունենալ արդար դատական իշխանություն, այդ թվում՝ նաև Սահմանադրական դատարան (ՍԴ), ով իր որոշումները չի ընդունում քաղաքականությամբ պայմանավորված»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Խոսելով այն մասին, թե «խաղաղության պայմանագրի» սահմանադրականության հարցը որոշելիս այսօրվա ՍԴ-ն ինչպիսի որոշում կկայացնի, Տարոն Սիմոնյանն ասաց՝ դժվարանում է ասել, սակայն, իհարկե, ներքին վերապահումներ որոշումների որակի վերաբերյալ ունի:

Կարդացեք նաև

«Բայց ես հույս ունեմ, որ այնտեղ գտնվող մարդիկ, որոնցից շատերին ես հարգում եմ, որովհետև նրանք շատ լուրջ մասնագետներ են իրենց բնագավառում, մասնագիտական բարոյականության սահմանը չեն հատի: Չի կարելի զիջել մասնագիտական բարոյականությունը՝ հանուն քաղաքական իշխանության սպասարկման, որովհետև դրանից հետո ինչքան էլ դու լավ գիտնական, իրավաբան, մասնագետ լինես, արդեն չես կարող համարվել մասնագետ»,- ասաց իրավաբանը:

Ըստ նրա՝ դա նշանակում է զիջել նվազագույն բարոյականը, այն արժեհամակարգը, որից այն կողմ դու այլևս իրավաբան չես:

«Ես հույս ունեմ, որ մեր գործընկերները Սահմանադրական դատարանում ՍԴ մտած ցանկացած փաստաթղթի սահմանադրականությունը որոշելիս միմիայն կառաջնորդվեն հենց այս գաղափարախոսությամբ և մասնագիտական բարոյականությամբ»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ իրավունքը մեկնաբանվող երևույթ է, և շատ դժվար է իրավունքի միատեսակ մեկնաբանություն ստանալ բոլոր իրավաբաններից:

«Բայց կան սկզբունքային սահմաններ, որոնցից այն կողմ դու իրավունք չունես իրավունք մեկնաբանել, որովհետև դա դուրս է ողջախոհությունից ու հատում է մասնագիտական բարոյականության սահմանները»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս