44-օրյա պատերազմի վիրավորների համար մեր ծրագիրը ՀՀ Կառավարությունը լուծարել է. ընթացք չի տվել
«44-օրյա պատերազմի վիրավորների համար մեր ծրագիրը ՀՀ Կառավարությունը լուծարել է. ընթացք չի տվել». Գերմանահայը՝ Փաշինյանին
Մարտի 2-ին Գերմանիա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին։
«Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա» հանրային կազմակերպության առաջին նախագահ Միքայել Մինասյանը երեք հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով, որ այդ հարցերում անձամբ ինքը ներգրավված է եղել։
«2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից անմիջապես հետո Գերմանիայից ներկրված իրեղեն նվիրատվության ամենամեծ չափաբաժինը կոորդինացրել է մեր ասոցիացիան, և Հայաստան մտնելուց հետո այդ ամբողջ իրեղեն նվիրատվությունն Առողջապահության նախարարության միջոցով բաժանվել է։ Խնդիրը նրանում էր, որ ներմուծելուց հետո մինչև դուրսբերումը 6-8 ամիս է տևել, այն պահին, երբ այդ բեռների կարիքը, հրատապ զգացվում էր սահմանամերձ գոտում, էլ չասենք Արցախի մասին, որտեղ անմիջապես այդ ամենը պետք էր։ Ինչո՞ւմն էր խնդիրը, ինչո՞ւ այդքան երկար տևեց, ի՞նչն էր պետության գործառույթը, եթե ընդամենը գույքագրում է կատարում, հանձնվում է մեզ, և մենք սփյուռքի գումարներով դա բաժանում ենք Հայաստանում։ Խնդիրը համակարգային է, որը մինչև այժմ չի լուծվել»,- նշեց Միքայել Մինասյանը։
Նրա երկրորդ հարցը վերաբերում էր վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինվորների կրթության ծրագրին, որը միության կողմից ստանձնվել է 2021 թվականի սեպտեմբերի 1-ին։
«Մենք պիլոտային ծրագրով մեկ տարվա ընթացքում ուսուցանել ենք տեղեկատվական տեխնոլոգիաներ, սկսել ենք զրոյից, այսինքն՝ դպրոցական դասագրքի 6-րդ դասարանից սկսել ենք, հասցրել ենք արհեստական բանականության բարձրագույն մակարդակի։ Սա յուրօրինակ պիլոտային ծրագիր է, որը նույնիսկ այստեղ՝ Գերմանիայում, չկա, բայց մենք հաջողությամբ առաջին մասն ավարտեցինք, և քանի որ ֆինանսները գալիս էին Գերմանիայից, ցանկացանք, որ ծրագիրը շարունակական լինի։ Մենք ի զորու չէինք այստեղից մասնակցելու որևէ տենդերի Հայաստանում՝ գրանտներ ստանալու համար։ Դիմեցինք ԲՏԱ նախարարությանը, եկեղեցուն ու տարբեր տեղեր։ Առերես բանավոր ասացին՝ այո, ամեն ինչ կանենք, բայց գրավոր դիմումներից հետո մինչ այժմ պատասխան չկա, ծրագիրը լուծարվեց»,- հավելեց Մ. Մինասյանը։
Նա նաև ասաց, որ ուղիղ 6 ամիս առաջ Հոնկոնգից ներդրողներ են բերել Հայաստան, որպեսզի գինու և կոնյակի, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում ներդրումներ կատարեին, կազմակերպությունը Հայաստանում բացել են, սակայն 6 ամիս է՝ բանկերում չեն կարողանում հաշիվ բացել։
«Ձեզ էլ ենք գրել, գրել ենք Կենտրոնական բանկին, փաստաբան ենք վերցրել։ Փաստաբանն ասում է, որ արդեն բավականին մեծ թվով նման խնդիր կա կուտակված, սա արդյո՞ք ժողովրդավարության կամ համակարգային խնդիր չի»,- հետաքրքրվեց Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչը։
Փաշինյանը հերքեց՝ ասելով, թե Հայաստանում բանկի հաշիվ բացելը տևում է րոպեներ, ընդ որում՝ օնլայն։
«Եթե այդպես է, ուրեմն՝ սանկցիաների հետ է կապված, այլ տարբերակ չկա։ Այն մարդիկ, ովքեր ուզում են հաշիվ բացեն, պրոբլեմներ ունեն»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Միքայել Մինասյանի պնդմանը, որ ինքն է ուզում հաշիվ բացել, ինքն ի՞նչ պրոբլեմ ունի, Փաշինյանը պատասխանեց, թե չգիտի, ինչից հետո հավաքվածները սկսեցին ծիծաղել։
«Եղբայր, ուրեմն իրական շահառուները խնդիրներ ունեն»,- պնդեց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Հայաստան ուղարկած օգնության հետ կապված խնդիրներին, Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Երբ մենք ասում ենք՝ օրենք և օրինականություն, ընթացակարգեր, ինքը երկու կողմ ունի։ Մի կողմն այն է, որ օրենքը պիտի պահվի, իսկ երկրորդ կողմն այն է, որ գալիս են դեպքեր, որ թվում է, թե՝ դե լավ, հիմա ինչ օրենքի ժամանակ է, բայց մեկ է, օրենքը պիտի պահվի։ Մեր մեծագույն պրոբլեմները շատ դեպքերում հետևյալն է, որ շատ բարեգործական անվանված ծրագրերի արդյունքում առաջանում են հարկային պարտավորություններ։ Խնդիրն այն է, որ Հայաստանում ծրագրերը բարեգործական համարվելու համար կան ընթացակարգեր, որպեսզի բարեգործության անվան տակ ուրիշներն այլ բաներ չանեն»։
Ինչ վերաբերում է Կառավարության կողմից չեղարկված ծրագրին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում նույնպես նման ծրագիր կա, եթե չի սխալվում՝ վերապատրաստման համար։
«Ձեր կոնկրետ հարցին հիմա պատրաստ չեմ շատ կոնկրետ պատասխանել, որովհետև մանրամասները պետք է իմանամ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում