Վճռաբեկ դատարանը դուրս է եկել իր լիազորություններից. ԲԴԽ-ն ու արդարադատության նախարարը պատրա՞ստ են Վճռաբեկի ամբողջ կազմի վերաբերյալ վարույթ քննել
Օրեր առաջ 168.am-ը տեղեկացրեց՝ կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ:
Կարգապահական վարույթի առիթը Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումն է: Խնդրո առարկան ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ Արման Հովհաննիսյանի կայացրած դատական ակտն է: Վճռաբեկ դատարանը համարել է, որ դատավորը քննել է ոչ վերաբերելի գործ: Հենց Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումն էլ առիթ է հանդիսացել, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելու հատկանիշներ տեսնի, ու դիմել է արդարադատության նախարարին:
Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով, Վճռաբեկ դատարանի վարույթում այս գործը գտնվել է դեռևս 2020թ.-ից, սակայն որոշում կայացվել է միայն 2022թ. նոյեմբերի նոյեմբերի 24-ին:
Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ինքը նախ բողոք է ներկայացրել դատախազին, ինչպես այդ ժամանակ գործող Քրդատ օրենսգրքի 290 հոդվածն էր նախատեսում, որ հետո եթե բողոքը մերժվեր, դիմեր դատարան: Դատախազությունից, սակայն, ստացել է պատասխան, որ սա իր լիազորություններից դուրս է: Դատախազությունը նաև հղում է կատարել, որ բողոքը առհասարակ քրեադատավարական ընթացակարգից դուրս է:
Հայկ Ալումյանը չի համաձայնել դատախազի դիրքորոշման հետ և բողոքարկել է դատարան: Դատարանում դատախազությունը պնդել է իր դիրքորոշումը: Ինքը՝ փաստաբանը, իր հիմնավորումներն է ներկայացրել, թե ինչու է համարում, որ պետք է բողոքը քննվի քրդատ ընթացակարգով: Վերջինս նշեց՝ իր դիրքորոշումը չի փոխել, և իր համոզմամբ՝ իր ներկայացրած փաստարկները շատ ավելի ծանրակշիռ են, քան Վճռաբեկ դատարանն իր որոշման մեջ գրել է:
«Բողոքարկել եմ ԱԱԾ գործողությունները, որովհետև մամուլի ծառայությունը տեղեկատվություն է տարածել, որն, իմ գնահատմամբ, խախտում էր Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը: Ի դեպ, անմեղության կանխավարկածի խախտումն արձանագրել է և Առաջին ատյանի դատարանը, և Վերաքննիչը, իսկ Վճռաբեկը չի էլ անդրադարձել այդ հարցին: Այսինքն՝ չունենք դատական ակտ, որով ասվեր՝ չի խախտվել անմեղության կանխավարկածը: Բայց Վճռաբեկ դատարանը որոշեց՝ սա ոչ թե քրդատ ընթացակարգով պետք է բողոքարկվեր, այլ քաղաքացիականով հայց ներկայացվեր»,- ասաց Հայկ Ալումյանը:
Փաստաբանի խոսքով՝ Առաջին ատյանի դատարանն իր հետ համաձայնել է մի մասով, որովհետև ինքը պահանջ է դրել, որ ոչ միայն ճանաչվի խախտումը, այլև պարտավորեցվի հերքել և ներողություն խնդրել: Դատարանն ի դեմս Արման Հովհաննիսյանի՝ հերքումն ու ներողությունը չի դիտարկել որպես քրդատով քննվող խնդրո առարկա:
«Դրանից հետո Դատախազությունը բողոքարկեց Վերաքննիչ դատարան՝ բողոքի հիմքում դնելով երկու պնդում՝ չկա անմեղության կանխավարկածի խախտում, և դատարանը չէր կարող քրդատ ընթացակարգով այն քննել: Վերաքննիչ դատարանը համաձայնեց Առաջին ատյանի դատարանի դիրքորոշման հետ»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ Դատախազությունն այս որոշումն էլ բողոքարկել է Վճռաբեկ դատարան:
Նրա խոսքով՝ ըստ Վճռաբեկի դիրքորոշման՝ այդ կարգի վեճերը պետք է քննվեն քաղաքացիական դատավարության ընթացակարգով:
«Եվ այստեղ մի շարք հարցեր են առաջանում՝ արդեն կապված Վճռաբեկի որոշման հետ: Կարծես թե Վճռաբեկ դատարանի Քրեական պալատն իր իրավասություններից դուրս է եկել ու մտել Քաղաքացիական պալատի լիազորությունների մեջ, որովհետև Քրեական պալատը չի կարող գնահատական տալ, թե կոնկրետ վեճը պետք է քննվեր քաղդատ կարգով: Շատ կարևոր է հասկանալ, որ Քրեական պալատը կարող էր ասել՝ սա քրդատ ընթացակարգով քննվող վեճ չէ, բայց չի կարող ասել, որ պետք է քննվեր քաղաքացիական դատավարական ընթացակարգով, որովհետև այնտեղ իր առանձնահատկությունները կան»,- ասաց Հայկ Ալումյանը:
Ըստ նրա՝ Քրեական պալատը տվել է գնահատականներ, որոնց մի մասն ընդհանրապես ակնհայտորեն իր իրավասություններից դուրս է:
Ինչ վերաբերում է Դատախազության գործողություններին, որը դիմել է արդարադատության նախարարին ստորադաս ատյանների դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով, Հայկ Ալումյանի դիտարկմամբ՝ Վճռաբեկը հաճախ է բեկանում դատական ակտեր, ինչո՞ւ է Դատախազությունն ընտրել հենց այս գործը:
«Ենթադրվում է, որ վարույթ այնպիսի դեպքերում պետք է հարուցվի, երբ նախ խախտումն ակնհայտ է և կոպիտ, և բացի դրանից, առաջացրել է ծանր հետևանքներ: Տվյալ դեպքում նշված երկու պայմաններից ոչ մեկը չկա: Վճռաբեկ դատարանն իր որոշման 11-րդ կետում ասել է, որ սա այն ոլորտն է, որը կանոնակարգված չէ, ու հենց այս որոշմամբ պետք է կանոնակարգվի: Վճռաբեկն ասում է՝ դեռ որոշակի չէ դաշտը, և ինքն այս որոշումը կայացնում է դաշտը հստակեցնելու համար: Այսինքն՝ այս որոշումից երևում է, որ հնարավոր չէ ասել, որ դատավորներն ակնհայտ սխալ են թույլ տվել: Ինչ վերաբերում է հետևանքներին, այդ որոշումները բացարձակապես որևէ հետևանք չեն ունեցել»,- ասաց փաստաբանը:
Հայկ Ալումյանն ուշագրավ հանգամանքի վրա ուշադրություն հրավիրեց:
«Եվրոպական դատարանը միայն այս տարվա մեջ գիտե՞ք քանի վճիռ է կայացրել, որոնցով անձանց կալանավորումները ճանաչել է Կոնվենցիայի խախտումով տեղի ունեցած: Ե՛վ հայտնաբերված սխալն է ակնհայտ եղել, այդ սխալի պատճառով մարդիկ ամիսներով կալանքի տակ են եղել: Հիմա այս պայմաններում Դատախազությունը ոչ թե այս գործերով է անհանգստացած, այլ ընկել է այն գործի հետևից, որտեղ, նույնիսկ եթե ընդունենք, որ կա դատական սխալ, թեպետ այդպիսին իրականում չկա, այդ ենթադրյալ սխալը չի եղել կոպիտ և ակնհայտ և բացարձակ որևէ հետևանք չի առաջացրել»,- ասաց փաստաբանը:
Հայկ Ալումյանի կարծիքով՝ Դատախազության վարքագծից պետք է հասկանալ, որ իրենց համար կոնկրետ դեպքում կոնկրետ գործը նշանակություն ունի, ավելի ճիշտ՝ կոնկրետ այն անձը, տվյալ դեպքում՝ Սեդրակ Քոչարյանը, ում բողոքը բավարարվել է: Հարցին՝ ինչո՞ւ է ինքը համոզված եղել, որ այս բողոքը պետք է քրդատ ընթացակարգով քննվեր, Հայկ Ալումյանը պատասխանեց՝ ընդամենը երեք ընթացակարգ կա՝ քրդատ, քաղդատ և վարչական:
«Քաղդատ ընթացակարգով սուբյեկտները չորսն են՝ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, Հայաստանի Հանրապետություն և համայնքներ: Այնտեղ հնարավոր չէ պատասխանատվության կանչել ԱԱԾ Քննչական դեպարտամենտի մամուլի ծառայությանը: Քաղդատով վեճը քննելու դեպքում ես որպես պատասխանող՝ պետք է ներգրավեի ՀՀ-ին, մի բան, ինչը ստիպված եղանք անել, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մարտի 1-ը բացահայտված է: Այս հայցով մենք որպես պատասխանող ներգրավեցինք ՀՀ-ին, որովհետև նա այդ հայտարարություններն անում էր ՀՀ-ի անունից: Եվ հենց այս գործի քննության ժամանակ դատարանում բուռն բանավեճ էր ընթանում, թե ինչ կապ ունի այստեղ ՀՀ-ն: Եվ դատավոր Մկրտչյանն իմ հայցադիմումը հետ վերադարձրեց հենց այն հիմքով, որ ՀՀ-ն ընդհանրապես այստեղ կապ չունի: Այսինքն՝ ունեցել ենք իրավիճակ, երբ նմանատիպ հայցով մեզ ասել են՝ սա քաղդատ ընթացակարգով քննվող վեճ չէ, ինչը նշանակում է, որ գործնական որոշում այդ հարցի վերաբերյալ դատական համակարգում չկար»,- ասաց փաստաբանը:
Ըստ նրա՝ բացի դրանից, Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտվել էր ԱԱԾ կողմից տարածած հաղորդագրության մեջ, հարուցված քրեական գործի շրջանակներում:
«Սա ամբողջությամբ քրեադատավարական դաշտ է: Ես լինեի՝ հենց Վճռաբեկի քրեական պալատի դեմ վարույթ կհարուցեի՝ իր լիազորություններից դուրս գալու համար: Այս պայմաններում բռնել, դատավորի նկատմամբ վարույթ են հարուցել, ես էլ ասեմ՝ դիմելու ենք Եվրոպական դատարան՝ կապված Վճռաբեկի այս որոշման հետ: Չլինի այնպես, որ հիմա Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) մի որոշում կայացնի, հետո պարզվի, որ այս գործով իրականում Առաջին և Վերաքննիչ ատյաններն էին ճիշտ: ԲԴԽ-ն ու արդարադատության նախարարը պատրա՞ստ են այս անգամ արդեն Վճռաբեկ դատարանի ամբողջ կազմի վերաբերյալ վարույթ քննել, թե՞ ջայլամի նման գլուխները մտցնելու են ավազի տակ: Թող հիմիկվանից մտածեն՝ ինչ են անում»,- եզրափակեց Հայկ Ալումյանը: