Պետնախարար Ներսիսյանը խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտի քաղաքապետի ու վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ
Արցախի Հանրապետության նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 1-ին խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների ու Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Ողջունելով ներկաներին՝ պետնախարարը նշել է, որ տարածքային համաչափ զարգացումը Արցախի կառավարության առաջնահերթությունների թվում է, և պարենային, էներգետիկ անվտանգության ու ռազմավարական նշանակության այլ հարցերում հաջողություներ ունենալու հիմնական պայմանն արդյունավետ կառավարումն է:
«Հատկապես շրջաններում ենթակառուցվածքների զարգացման ու սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման ծրագրերը իրականացվելու են անշեղ: Մեր խնդիրն է, որպեսզի շրջանային վարչակազմերը կարողանան լուծել իրենց առջև ծառացած առաջնային կարևորության սոցիալական խնդիրները:
Գյուղաբնակ մեր հայրենակիցը չպետք է անհարմարություններ կրելով ու միջոցներ վատնելով հասնի մայրաքաղաք՝ այս կամ այն կառույցում փնտրելով իր խնդրի լուծումը» – նշել է Գուրգեն Ներսիսյանը:
Ըստ աղբյուրի՝ պետնախարարը արդի մարտահրավերների համատեքստում կարևորել է շրջաններում ու մայրաքաղաքում խնդիրների շարունակական գույքագրման աշխատանքները և պատասխանատուներին հանձնարարել հրատապ լուծում պահանջող խնդիրները ներկայացնել կարճ ժամկետում: Որպես առաջնահերթություն՝ անդրադարձ է կատարվել գարնանացան աշխատանքների ընթացքին: Քննարկվել են դիզվառելիքի պահանջվող ծավալի և սերմացուների ձեռքբերման ու մատակարարումներն ապահովելու հարցեր:
Պետնախարարը շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել է մարտի 2-ին խորհրդակցություն հրավիրել վարչակազմերի աշխատողների մասնակցությամբ և փոխանցել անշեղ աշխատանքային կարգապահություն ապահովելու՝ աշխատանքային ռեժիմի, փոխհարաբերությունների, քաղաքացիների պատշաճ ընդունելություն և շփումների ընթացքում հանրային ծառայողին հարիր վարք ցուցաբերելու իր պահանջը։
Շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ հանդիպումներն ու խորհրդակցությունները լինելու են պարբերական։