Պատերազմից հետո սելեկտիվ աբորտները հիմնականում վերաբերում են աղջիկ երեխաներին. Անահիտ Ավանեսյան

Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ժողովրդագրությանը վերաբերող հարց ուղղեց Առողջապահության գործող նախարար Անահիտ Ավանեսյանին։

Մեջբերելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, Արսեն Թորոսյանն ասաց, որ 2022 թվականին Հայաստանում տեղի է ունեցել ծնելիության անկում, ի տարբերություն 2021 թվականի, երբ կար աճ։

«Մեկ հետաքրքիր տենդենց կա, որի մասին պետք է խոսենք երկրի թիվ մեկ ամբիոնից։ Ուրեմն՝ ծնված տղաների թիվն աճել է, ծնված աղջիկների թիվը՝ նվազել։ Այսինքն՝ փաստացի մենք ունենք սելեկտիվ աբորտների թվի աճ։ Մեզ մոտ 110 տղայի հաշվարկով՝ ծնվում է  100 աղջիկ, իսկ չմիջամտված դեպքերում պետք է լինի 105-ը 100-ի։ 6 աղջիկ քիչ է ծնվում, ամեն ծնված 100 երեխայի հաշվարկով։ Մենք այստեղ խոսում էինք ընդհանուր ծնելիության մասով, եթե մենք քիչ աղջիկներ ենք ունենում, ապա մենք վաղը հնարավորություն չունենք նորից ունենալու տղաներ և աղջիկներ։

Մենք պետք է շարունակենք խոսել ու հանրային արշավներ անենք այս տեսանկյունից, որպեսզի ոչ մի աղջիկ պտուղ չհեռացվի։ Նաև հատուկ քայլեր անենք ոչ պատժիչ մեխանիզմով»,- առաջարկեց Արսեն Թորոսյանը։

Կարդացեք նաև

Անահիտ Ավանեսյանը համաձայնեց Արսեն Թորոսյանի առաջարկի և մեկնաբանությունների հետ, ընդգծելով, որ 2022 թվականին 2021 թվականի համեմատ՝ կա ծնելիության որոշակի նվազում։

«Սրա հիմնապատճառները մեր կողմից բազմիցս քննարկվել է։ Տեսնում ենք, որ թե՛ 2021 թվականի ընթացքում, և թե՛ 2022  թվականի առաջին շրջանում եղել է շրջան, որ ամուսնությունները բավականին քիչ են գրանցվել։ Պետք է ասեմ, որ 2022 թվականի հունվար ամիսը մեզ որոշակի հույս է տալիս, որ այդ միտումն այս տարի հակառակ ուղղությամբ է գնալու։ Այս տարի հունվար ամսին մենք ունեցել ենք վերջին երեք տարիների ընթացքում ամենաբարձր ծնելիությունը, առաջին անգամ 3 հազարը հատել ենք հունվար ամսի համար»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։

Ըստ նրա, ծնելիությունը հնարավոր է խթանել համալիր միջոցառումների արդյունքում՝ ոչ միայն առողջապահական, այլև՝ ժողովրդագրական, սոցիալական, տնտեսական։

«Ինչ վերաբերում է սելեկտիվ աբորտներին, ապա պետք է ասեմ, որ մինչև պատերազմը մեզ մոտ բավականին լավ ցուցանիշ էր, մենք ամեն տարի ունեինք նվազում։ Ցավոք, պատերազմից հետո նորից որոշակի փոփոխություն եղավ հասարակության տրամադրության, ընկալման մեջ։ Տղա երեխաների մասով վիճակագրությունը փոխվեց»,- տեղեկացրեց Անահիտ Ավանեսյանը։

Տեսանյութեր

Լրահոս