«Քանի դեռ սահմանագծում տեղի չի ունեցել, հայելային հետքաշումը մատնված է ձախողման. դրա անարդյունավետությունն Արցախում տեսանք». Հայկ Նահապետյան
Փետրվարի 17-19-ը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողները՝ Ֆինլանդիայից Կիմմո Կիլյունենը և Շվեդիայից Բորիանա Օբերգը, Ադրբեջանի հետ սահմանին և Լաչինի միջանցքի մուտքի մոտ իրավիճակը գնահատելու համար կատարած այցից հետո տարածել էին հայտարարություն, որտեղ մասնավորապես խոսել էին զորքերի հայելային հետքաշման մասին։
«Մենք դիտարկել ենք Ջերմուկ քաղաքում և Սոթք գյուղի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ադրբեջանական զորքերի հարձակումների հետևանքները։ Մենք արձանագրեցինք, որ քաղաքացիական գոտիներում կասետային զինամթերքի կիրառման ապացույցներ են հավաքվել և պահվել հետագա փորձաքննության համար: Մեզ ցույց տվեցին ադրբեջանական ռազմական դիրքերի առկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում, երբեմն նաև վիճելի սահմաններից բավականին դուրս։
Մենք ողջունում ենք սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը` նշելով նախորդ առաքելության զգալի, շոշափելի ազդեցությունը լարվածության նվազեցման գործում: Մենք կոչ ենք անում երկու կողմերին առաջ մղել սահմանների սահմանազատման շուրջ քննարկումները և պայմանավորվել սահմանից զորքերի հայելային դուրսբերման շուրջ՝ որպես վստահության ամրապնդման անհապաղ քայլ»,- նշված էր ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարության մեջ:
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ հայելային հետքաշումը գործողության առաջին մասն է։ Նա հիշեցրեց Արցախում հայելային հետքաշման դեպքը, երբ հայկական կողմը հետ քաշվեց, իսկ ադրբեջանական զորքն առաջ եկավ, ինչի արդյունքում հայկական կողմը տարածքներ կորցրեց։
«Հուսամ, Արցախում հայելային հետքաշման այդ դեպքը հետագայում քննության առարկա կդառնա, թե ինչպե՞ս եղավ, որ հայկական զորքը հետ քաշվեց և մինչև ռուս խաղաղապահների գալն ադրբեջանական կողմը եկավ ու դիրքեր վերցրեց։ Իհարկե, դիրքերի մի հատվածը հետագայում զիջեցին, բայց ոչ ամբողջությամբ։
Այսպիսով՝ հայելային հետքաշումն առաջին փուլն է, իսկ երկրորդ փուլը պետք է լինի խաղաղապահների տեղակայումը։ Երրորդ՝ հայելային հետքաշում նշանակում է, որ երկուստեք պետք է հաստատված սահմաններ լինեն, որովհետև զորքը պետք է հետ քաշվի ֆիքսված սահմանից ինչ-որ հեռավորության վրա, հիմա, քանի որ դելիմիտացիա և դեմարկացիա չի արվել, այսինքն՝ սահմանների գծագրում քարտեզների վրա չի արվել, ապա հայելային հետքաշումը դժվար է պատկերացնել։ Այսինքն՝ հայելային հետքաշման նվազագույն փուլն առնվազն դելիմիտացիան է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Նահապետյանը։
Միաժամանակ նա ընդգծեց՝ եթե հայելային հետքաշում անեն և սահմանին կանգնած չլինեն չեզոք երկրների խաղաղապահներ, ապա դա հղի է ամենավատ հետևանքներով, և չի բացառվում կողմերից մեկի առաջխաղացումը, ինչը կարող է առաջացնել նաև սահմանային միջադեպեր, ռազմական բախումներ։
«Հիշեցնեմ՝ Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի օգնության վերաբերյալ մի փաստաթուղթ էր ներկայացված, որը հայկական կողմը ստորագրեց՝ պատրվակ բերելով, որ փաստացի ՌԴ քաղաքական գնահատականի հետ համաձայն չեն։ Այդուհանդերձ ՀԱՊԿ-ն այս փաստաթուղթը երկու մասի բաժանեց, քաղաքական մասը՝ առանձին փաստաթղթով, իսկ ռազմական ու ռազմատեխնիկական դիտորդների վերաբերյալ փաստաթուղթը՝ առանձին։ Այդ անջատված փաստաթղթի տակ Հայաստանի իշխանությունը դեռևս չի ստորագրել»,- հավելեց Հայկ Նահապետյանը։
Հարցին՝ օրինակ, Ներքին Հանդի հատվածում հայկական զորքն ո՞ւր պետք է գնա, երբ գրեթե գյուղի մեջ է, Հայկ Նահապետյանը պատասխանեց՝ այդ պատաճառով պետք է տեղի ունենա սահմանագծում և միայն դրանից հետո տեղի ունենա հայելային հետքաշում, ադրբեջանական կողմն ավելի շատ պետք է հետ քաշվի, քան հայկական կողմը։
«Կրկնում եմ՝ քանի դեռ սահմանագծում տեղի չի ունեցել, ապա հայելային հետքաշումը մատնված է ձախողման, որ պահին տեղի ունեցավ սահմանագծում, արդեն յուրաքանչյուր պետություն իր վրա պարտավորություն է վերցնում, որպեսզի այդ սահմանից որոշակի հեռավորության վրա զորքերի հետքաշում լինի։ Կարծում եմ՝ հայելային հետքաշման դեպքում երկու կողմերից էլ սահմանապահ զորքեր են լինելու։ Քանի դեռ սահմանները ճշտված չեն, վեճեր միշտ լինելու են, միմյանց նկատմամբ պահանջներ ու պարտադրանք է լինելու։ Երբ ռուսական կողմն աում էր, որ առաջնայինը պետք է սահմանագծման գործընթաց տեղի ունենա, որը խաղաղության, կայուն վիճակի պահպանության առաջին քայլն է, որից հետո երկու պետություններն իրենց վրա արդեն պարտավորություն են վերցնում, զինուժը որոշ հատվածում հետ քաշելու համար, սա նկատի ուներ։ Այս իրավիճակում հայելային հետքաշումը կարող է բազմաթիվ վտանգներ պարունակել իր մեջ։ Այնպես որ՝ հայելայինի միտքը շատ լավ է, բայց մինչև գործընթացն անելը, այդուամենայնիվ, պետք է արվի դելիմիտացիա, այս ամենի անարդյունավետությունը մենք Արցախում տեսանք»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։