«44-օրյա պատերազմի օրերին ԱԱԾ «Ալֆա» ջոկատի տղաներին տարել և մասնակից էին դարձնում մարտական գործողություններին, նրանց ծառայության սպեցիֆիկան, խնդիրն այլ է». Օնիկ Առաքելյան
Վերջին տարիներին Ազգային անվտանգության ծառայությունը ի՞նչ ռևոլյուցիա է ապրել՝ անվտանգային դերի, գործառույթների, ուժային այս կառույցի դերը ինչպիսի՞ն է եղել 44-օրյա պատերազմի տրամաբանության մեջ՝ առաջ, ընթացքում, հետո: Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է փաստաբան Օնիկ Առաքելյանի հետ, ով որպես քննիչ՝ աշխատել է ԱԱԾ-ում, Քննչական կոմիտեում:
– 2020թ. ամռանից այդ ծառայությունում չեմ աշխատում, չեմ ծառայում: Իրականում այն ինձ համար շատ հոգեհարազատ ծառայություն է եղել, իմ աշխատանքի ընթացքում, կարելի է ասել՝ ապրել եմ ծառայության հոգսերով, իմ չափով, բնականաբար, իմ փոքր ներդրումն եմ ունեցել աշխատանքային առումով:
Գտնում եմ, որ անվտանգային դերն ու գործառույթները եղել և միշտ էլ կմնան ամենակարևորը: Իսկ ինչ վերաբերում է ԱԱԾ դերին պատերազմի տրամաբանության մեջ՝ դրանից առաջ, ընթացքում կամ հետո, կոնկրետ գնահատական տալ չեմ կարող, քանի որ այդ ժամանակահատվածում արդեն կառույցում չեմ եղել: Բայց որքանով տեղեկացված եմ, այն իր գործառույթները մաքսիմալ կատարել է:
Այլ հարց է, թե քաղաքական առումով թույլատրվե՞լ է անել ավելին, թե՞ ոչ, այդ հանգամանքը, կարծում եմ, իմ գնահատման առարկան չէ:
Մի տեխնիկական օրինակ բերեմ. 44-օրյա պատերազմի օրերին «Ալֆա» ջոկատի տղաներին տարել և մասնակից էին դարձնում մարտական գործողություններին, մինչդեռ այդ ծառայության սպեցիֆիկան, խնդիրն իրականում այլ է: Այսինքն, այն կարող է շատ լավ և շատ կարևոր խնդիրներ լուծել, բայց ոչ մարտի դաշտում, կամ ջոկատի անձնակազմը միգուցե այլ զինվորական ստորաբաժանման կազմում կարող էր կոնկրետ հանձնարարություններ կատարել, բայց ոչ որպես ԱԱԾ-ի «Ալֆա» ստորաբաժանում մարտի դաշտում: Օրինակ, կարող էին օգտագործվել հետախուզական գործողությունների մեջ:
– Ի դեպ, անընդհատ պետական դավաճանության, լրտեսության դեպքեր են բացահայտվում, ոմանք կարծում են, որ սա վկայում է ԱԱԾ-ի արդյունավետ աշխատանքի մասին, ոմանց կարծիքով էլ՝ հակապետական գործունեություն ծավալողներն են շատացել: Ի դեպ, 168.am-ը գրել էր մի դեպքի մասին, երբ 2018-ին պետական դավաճանություն գործած անձը 2020-ին հայտնվել է պատերազմի դաշտում և կրկնել հակապետական այս գործողությունը: Սա ինչի՞ մասին է խոսում:
– Նորից եմ ուզում նշել՝ ես չէի ցանկանա գնահատականներ տալ մի կառույցի գործունեության որակի կամ առհասարակ գործունեության մասին, որտեղ աշխատել եմ, բայց որպես որոշակի ճանապարհ անցած անձի, իրավաբանի՝ մի քիչ անհասկանալի է այդ դավաճանությունների, լրտեսների բացահայտման մեխանիզմը, ինչպես նաև մեծամասամբ շատ էժանագին լրտեսների ֆակտորը, գրեթե բոլորը համացանցի սոցիալական կայքերով թշնամու հետ կապի դուրս եկած անձինք են, և հիմնականում զինվորական ստորին, լավագույն դեպքում՝ միջին դասի ներկայացուցիչներ:
Բնական է՝ սոցիալական վիճակից ելնելով՝ խոցելի դասը պայմանագրային և միջին դասի զինվորականներն են: Բայց հարցն այն է, թե ինչպե՞ս է պատահում, որ հենց պատերազմի օրերին և դրանից հետո են սկսում բացահայտվել նման դեպքերը, և բոլորը՝ նույն եղանակով: Մյուս կողմից, մի փոքր տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ, օրինակ, հենց լրատվական լուսաբանումների արդյունքում անձամբ տեղեկացել եմ, որ նման դավաճանության դեպքերով բացահայտված մի քանի զինվորականներ արդարացվել են:
Կարծում եմ՝ գոնե կարելի է նման դեպքերն ի սկզբանե այդպիսի բեմադրություններով չցուցադրել, և ընդհանրապես, ես անգամ պետական համակարգում աշխատելու, ծառայելու ընթացքում միշտ դեմ եմ եղել նման լուսաբանումներին, երբ դեռ գործողություններն ընթացքի մեջ են, ճիշտը քրեական գործի նախաքննության ավարտից հետո այն լուսաբանելն է:
Այսինքն, երբ մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է դատարան, հակառակ դեպքում՝ ունենք իրավիճակ, երբ նախապես հրապարակվում է պետական դավաճանության բացահայտման դեպք, 2 ամիս անց պարզվում է, որ դա այդպես չէր, արդյունքում՝ այդ անձի, նրա ընտանիքի ճակատագրի վրա բիծ ենք թողնում, անվան հետ խաղում:
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ նախկինում դավաճանություն կատարած անձի՝ պատերազմի օրերին մարտադաշտում հայտնվելուն և կրկին նմանօրինակ արարք կատարելուն, այդ մասով չեմ ցանկանա գնահատական տալ, կարծում եմ, որ գիտակից մարդու համար ամեն ինչ արդեն ասված է:
– Փետրվարի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն անդրադարձել էր 2020թ. 44-օրյա պատերազմին, տարբեր դրվագներով հարուցված քրեական գործերին և քննիչների առջև խնդիր դրել՝ չնայած գործերի բարդությանը, շատ մեծ քանակով ապացուցողական գործողություններ կատարելու անհրաժեշտությանը, ժամկետային որոշակի սահմանափակումներ դնել այս գործերի քննության հանգամանքում: Ի՞նչ կասեք պատերազմական գործերի արագացման մասին, առհասարակ, ռազմական գործերի նախաքննության, քննության սպեցիֆիկայի, այս համատեքստում քննիչների աշխատանքի մասին:
– Ձեր հարցին ի պատասխան՝ կասեմ հետևյալը` ընդհանրապես ցանկացած քրեական գործի քննության համար չի կարող սահմանվել կոնկրետ չափաբաժնով որոշված ժամանակ, երբեմն ամենահասարակ գործերն էլ իրենց առանձնահատկություններով, անկախ քննիչի ցանկության, տևական ժամանակով ձգձգվում են: Այլ հարց է միջոցներ ձեռնարկելը, որ քննիչները կարողանան իրենց ժամանակը առավելապես արդյունավետ օգտագործեն և դրա արդյունքում հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնեն ավարտել իրենց գործերը:
Վերջերս խոսել եմ քննիչների վարձատրության և նրանց ծանրաբեռնվածության մասին, կրկնեմ միտքս՝ այսօրվա դրությամբ քննչական կոմիտեի քննիչների ծանրաբեռնվածությունը չափազանց մեծ է:
Դրա պատճառներից մեկն այն է, որ համակարգում ներկայումս շատ քիչ են փորձառու աշխատակիցները, նորեկներին էլ փորձառություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է տևական ժամանակ և ամենակարևորը՝ սովորեցնողներ, եթե չկա բաժնում մի քանի փորձառու աշխատակից, բնականաբար, նրանց սովորելու գործընթացը շատ է բարդանում:
Երկրորդ՝ այսօր քննիչին աշխատանքում այնպիսի պահանջներ են ներկայացված, որ դրանք ավելի շատ խոչընդոտում են նրա կողմից կոնկրետ գործ քննելու գործընթացին:
Օրինակ, Երևան քաղաքում ամեն մի քննիչ ունի մոտավոր 60-90 քրեական գործ, եթե մեկ գործին տրամադրի մեկ օր, ապա այդ գործին կարող է վերադառնալ 2 կամ 3 ամիս անց։ Բացի դա, օրական քննիչից տարբեր գործերով պահանջում են տեղեկանքներ գործի մասին, կանչում են քննիչին գործը զեկուցելու մեկ քաղաքային վարչությունում, մեկ՝ գխամասում, քննիչն ամբողջ օրը կորցնում է կամ տեղեկանք գրելով, մանավանդ, երբ ծավալուն գործ է լինում, կամ գործերը զեկուցման տանել-բերելով:
Վերջին տարիներին ներդրվեց գործերի սկանավորման սիստեմը, իհարկե, դա լավ բան է, բայց քննիչը եթե իր գործը թողնի, մի քանի ժամ էլ գործի նյութեր սկանավորի, արդեն ունենք այն, ինչ ունենք: Հնարավոր է՝ այս 2 տարիների ընթացքում ավելացել են նաև այլ տեխնիկական պահանջներ, որոնց ես տեղյակ չեմ, բայց այսքանն էլ բավարար է, որ քննիչն օրվա ընթացքում չհասցնի ռեալ զբաղվել իր գործով:
Իսկ քննիչ-փաստաբան համագործակցության կամ հարաբերությունների մասով կասեմ հետևյալը. եթե փաստաբանը տեսնում է, որ քննիչը փորձում է ջանասիրաբար իրականացնել նախաքննությունը և դա անում է օբյեկտիվության սահմաններում, ապա փաստաբանը պետք է չխոչընդոտի ձևական միջնորդություններով, կարելի է ասել, պետք է համագործակցեն, եթե սրտացավ են գործի համար: Հատկապես զինվորական գործերով, պետք է մեկը մյուսին աջակցեն, միմյանց գործողությունները փոխլրացնեն:
– Դուք սկզբնական շրջանում հրթիռների գործով անցնող ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի փաստաբանն էիք: Ի՞նչ կասեք այդ գործի մասին, դրանով անցնող ՊՆ և ԳՇ նախկին պաշտոնյաներն այն շինծու են համարում: Եվ արդեն մեկ տարի է՝ գործը դատարանում է, սակայն ոչ մի լուրջ տեղաշարժ:
– Այո, նախաքննության ընթացքում պաշտպանել եմ Ստեփան Գալստյանի շահերը: Ցավոք, դա քաղաքական ենթատեքստով քրեական գործ է, իրականում նրանց գործողություններում բացակայում են հանցակազմի տարրերը, ես իմ վստահորդի մասով եմ կոնկրետ ասում: Որ րոպեին հրթիռների հետ կապված նշանակվեր ճիշտ փորձաքննություն, փորձարկվեին դրանք, հաջորդ օրն այդ քրեական գործի վարույթը պետք է կարճվեր:
Դրա համար էլ դրանք չեն փորձարկվում, և ընդհանրապես մի շարք կարևոր հանգամանքներ հաշվի չեն առնվում: Այսքանը։