Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈւՂԻՂ

Ուշ երեկոյան Հակակոռուպցիոն դատարանը հերթական անգամ մերժեց Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանի միջնորդությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ տեղի է ունենում Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը: Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

Այս դատական նիստում շարունակեց քննվել Վանաձոր համայնքի հատակագիծն ուսումնասիրելու համար մասնագետի ներգրավման հարցը: Պաշտպանական կողմն առարկեց` նկատելով, որ վկաների թվում կա անձ, որը դրա հետ կապված ցուցմունքներ ունի տված (հողամասերի նպատակային նշանակության վերաբերյալ ստուգում է իրականացրել և ցուցմունք տվել)։

Մամիկոն Ասլանյանի փաստաբան Արտակ Ոսկանյանի կարծիքով՝ մասնագետի ներգրավումը փորձ է ձախողված մեղադրանքը վերակենդանացնելու:

Կարդացեք նաև

Փաստաբանը համոզված է` առհասարակ, վկաների հարցաքննության ձգձգումը նպատակ ունի Մամիկոն Ասլանյանին կալանքը երկարացնելու համար: Նա դարձյալ միջնորդեց փոխել Մամիկոն Ասլանյանի  խափանման միջոցը` առաջարկելով կամ կիրառել 5 միլիոն դրամի չափով գրավ, կամ՝ սահմանել վարչական հսկողություն, բացակայելու արգելքը և գրավը համակցված կիրառել:

Միջոցի փոփոխման միջնորդությանն անդրադսռնալով` մեղադրող դատախազ Նարեկ Մովսիսյանը հարց ուղղեց`«Ի՞նչ փաստական հանգամանք է փոխվել նոր միջնորդության համար»:

Ի պատասխան՝ փաստաբանը ներկայացրեց մեղադրանքի հիմքը, և անդրադառնալով մեղադրանքին, ըստ որի՝ Մամիկոն Ասլանյանն ընդունել է ոչ իրավաչափ վարչական ակտ, փաստաբանը նկատեց` Գլխավոր դատախազությունը բաց է թողել վարչական ակտի իրավաչափությունը վիճարկելու երկամսյա ժամկետը:

«Ստացվում է` մի կողմից՝ Գլխավոր դատախազությունն արձանագրում է (չվիճարկելով), որ Մամիկոն Ասլանյանն ընդունել է իրավաչափ ակտեր, մյուս կողմից` մեղադրանք են ներկայացնում, թե պետությանը վնաս եք պատճառել, ընդունել եք ոչ իրավաչափ ակտեր, բայց պետությանը պատճառված վնասի հետ կապված Վարչական դատարան հայտ չի ներկայացրել»,- արձանագրեց փաստաբանը:

Հիշեցնենք` ըստ մեղադրական եզրակացության՝ Մամիկոն Ասլանյանը, 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնական կեղծիք:

Քրեական գործով կալանավորված է միայն Մամիկոն Ասլանյանը, մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորում անցկացվեցին ընտրություններ, մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որոնցից հինգն էին անցել Վանաձորի ավագանու կազմ՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը (15 մանդատ), «Քաղաքացիական պայմանագիրը» (9 մանդատ), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը (5 մանդատ), «Ապրելու երկիր» (2 մանդատ) և «Հայրենիք» (2 մանդատ) կուսակցությունները։  Ստացված ձայներից առավելագույն՝ 38․70 %-ը, հավաքել էր Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի առաջնորդած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը։ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ կալանավորվել։

Ուշագրավ է, որ այս քրեական գործը հարուցվել էր ընտրություններից ամիսներ առաջ, սակայն Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց այն ժամանակ, երբ հաղթեց ընտրություններում:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս