ԱՄՆ որ նահանգում հայերը շատ են, այնտեղից ընտրված կոնգրեսականները հայամետ են. Սուրեն Սարգսյան

«ԱՄՆ-ում ունեցել ենք ուժեղ, ազդեցիկ համայնք, հետևաբար՝ լոբբիստական կազմակերպություններ, որոնք իրենց առջև դրված խնդիրներն էֆեկտիվ իրագործել են, մասնավորապես՝ ՀՀ անկախության ձեռքբերումից հետո:  Հիմա իրավիճակն էապես տարբերվում է: Նույնիսկ դեսպանը չի մասնակցում միջոցառումներին, որոնք միտված են Ցեղասպանության ճանաչմանը, Արցախի վերաբերյալ միջոցառումներին: Սա, իհարկե, բացասական ազդակ է ԱՄՆ-ի համար»,- «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ընթացքում իր ելույթում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, ապա հավելեց, որ այս ամբողջ տարիների ընթացքում մեր լոբբիստները բավականին լուրջ ձեռքբերումներ ունեցել են:

Նա հիշեցրեց, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի 907-րդ բանաձևով ուղղակիորեն արգելվել է Ադրբեջանին որևէ տեսակի օգնություն տրամադրել այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի համոզվել և Կոնգրեսին չի զեկուցել, որ Ադրբեջանը դադարեցրել է ՀՀ և ԼՂ շրջափակումը և ագրեսիա չի կիրառում: Սակայն, ցավոք, 2001թ. ԱՄՆ նախագահը խնդրել է Կոնգրեսին թույլ տալ շրջանցել այս բանաձևը, որպեսզի կարողանա ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, բայց նորից հստակ ուղղություններով՝ տեռորիզմի դեմ և Ադրբեջանին տրվող օգնությունը եղել է ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Իրանի դեմ:

«ԱՄՆ-ը շարունակում է  լինել միակ պետությունը, որն ուղիղ ֆինանսական աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին՝ տարբեր ՀԿ-ների միջոցով: Այսինքն, դե ֆակտո սա ճանաչման ինչ-որ փաստ է, որը կարող ենք օգտագործել: Հաջորդ հանգամանքն այն է, որ ԼՂ ներկայացուցչությունը գրանցված է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի կողմից՝ որպես ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունների ներկայացուցչություն»,- նշեց միջազգայնագետը:

Սուրեն Սարգսյանն ընդգծեց՝ Արցախը ճանաչված է ԱՄՆ մի շարք նահանգների կողմից:

Կարդացեք նաև

«Հայկական ազդեցությունը որ նահանգում մեծ է, այնտեղից ընտրված կոնգրեսականները հայամետ են»,- հավելեց Սուրեն Սարգսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս