«Ես միշտ ասում էի, քանի դեռ կա Երևանը, հայկական ոչ մի իշխանություն մեզ միայնակ չի թողնի, փաստորեն  սխալվեցի». Եղիշե Առուշանյան

1988 թվականի փետրվարի 20-ին սկսվեց Արցախի ազգային-ազատագրական շարժումը, որին անդամագրվեցին հազարավոր հայեր՝ Արցախն ազատագրելու և ազատ ապրելու նպատակով։ Այդ մարդկանցից մեկն էլ ազատամարտիկ Եղիշե Առուշանյանն է։ Երբ նոր-նոր էր սկիզբ առնում ազատագրական պայքարը, Եղիշե Առուշանյանը 17 տարեկան էր: Մասնակցում էր ցույցերին, իսկ երբ սկսվեցին բուն ռազմական գործողությունները, 20 տարեկան էր, ու առաջին ռազմական գործողությունը, որին մասնակցեց՝ «Օղակ» օպերացիան էր։

168.amի հետ զրույցում Եղիշե Առուշանյանը հիշեց 35 տարի առաջ տեղի ունեցած պատմական իրադարձություններից որոշ մանրամասներ: Հիշեց նաև դրանց իր մասնակցության որոշ դրվագներ: Ավագ եղբայրը՝ Սերժ Առուշանյանը, արցախյան շարժման ընդհատակյա գործիչներից մեկն էր, նրա վիրավորվելուց հետո ինքն է որոշել շարունակել եղբոր գործը։

Բռունցքը դարձավ հայության միասնականության խորհրդանիշը 

«Ես նրա (եղբոր.- Զ.Խ.)ազդեցության տակ էի մեծանում, ինձ համար խորթ չէր այն, ինչ պետք է լիներ, և այդ ամենից անմասն մնալն առնվազն այն կլիներ, որ ինքս ինձ արհամարհեի։ Երբ խորհրդային բանակում ծառայությունից վերադարձա, արդեն մտա շարժման ակտիվ փուլ ու սկսեցի կատարել շարժման ընդհատակյա կազմակերպիչների բոլոր հանձնարարականները, մենք նաև կազմակերպեցինք Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ուսանողությանը՝ ոտքի կանգնել։ Առհասարակ ընդհատակյա կազմակերպություններում մեծ ակտիվությամբ ներգրավվածություն ունեին ուսանողները։ Կազմակերպեցինք և մեծ հաջողությամբ իրականացրեցինք առաջին բողոքի ակցիան։ Արկադի Կարապետյանը՝ Ակոն (ՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար.- Զ.Խ.), երբ պետք է ելույթ ունենար, կատարեց մի քայլ, որը դարձավ և՛ հայ ժողովրդի համար պայքարի խորհրդանիշ, և՛ գաղափարախոսություն, նա խոսքը սկսեց վեր բարձրացրած բռունցքով, որը մեզ համար դարձավ պայքարի խորհրդանիշ։

Կարդացեք նաև

Բռունցքվելով՝ մենք ուժ ենք ստանում, բռունցքով մենք կարողանում ենք ջարդել ամեն ինչ, այն դարձավ մեր հայության միասնականության խորհրդանիշը։ Արկադի Կարապետյանը նաև այդ ժամանակ մեկ բառ ասաց՝ միացում, միացում քաղաքական խոհերի, Արցախի ու Հայաստանի և միացում համայն հայության։ Կար հստակ գաղափարախոսություն՝ միացում։

Ծայրամասային գյուղերը սովորաբար քիչ բնակչություն ունեին ու քիչ էին պաշտպանված

«Այնպես ստացվեց, որ արցախյան շարժման առաջին զոհերը եղան իմ ընտանիքից՝ 1988 թվականի փետրվարին Սումգայիթում սպանեցին հորեղբորս և նրա կնոջը։

Հետո մենք հասկացանք, որ մեր սկսած պայքարի խորհրդանիշ բռունցքի մեջ պետք է լինի զենք՝ հաջողության հասնելու համար։ Սկսեցինք կազմավորել առաջին մարտական խմբերը, մեր առավելությունն այն էր, որ ծառայել էինք խորհրդային բանակում ու տիրապետում էինք ցանկացած զենքի։ Դրան հաջորդեց զինված պայքարը, եղան զինված պայքարի փուլերը, հայության վիճակն ավելի բարդ էր, ծայրամասային գյուղերը սովորաբար քիչ բնակչություն ունեին ու քիչ էին պաշտպանված։ Իսկ ադրբեջանական հարակից գյուղերը սովորաբար խոշոր էին և մխրճված էին մեր տարածքի մեջ։

Հետագայում Եղցահող գյուղը եղավ մեր ուսանողների պաշտպանության գոտին, ուսանողական զինված ջոկատներով սկսեցինք փոխարինել մեկս մյուսին։ Մեր՝ այստեղ ապրելով ու պայքարելով, պետք է հաղթահարեինք, այլ ելք չունեինք»։

Երևի մեր ազատությունը չօգտագործելը, մարդու հետ չաշխատելը հանգեցրեց նրան, որ մարդիկ դեգրադացվեցին

35 տարին լիովին բավարար էր, որպեսզի այսօր նման իրավիճակ չլիներ, վստահ է Եղիշե Առուշանյանը: Բայց, ցավոք, իրականությունն այլ է:

«1988 թվականի սերունդն ու այսօրվա սերունդը, այսինքն՝ այսօրվա հասարակությունը բոլորովին ուրիշ են։ Այն ժամանակ կար Խորհրդային Միություն, հայրենիք, հայրենասիրություն, մարդկանց մոտ անհատական ու խմբային կարգապահություն կար, և ավելի հեշտ էր մարդկանց համախմբել ու կազմակերպել։ Այդ պայքարը և մեր գաղափարախոսությունը, այն է՝ միացում և արժանապատվություն, դարձնելով նշանաբան՝ մենք առաջ շարժվեցինք ու հաղթահարեցինք ամեն ինչ՝ ունենալով անկախություն։ 35 տարիների ընթացքում, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը և հայրենիքի, հայրենասիրության գաղափարախոսությունն իր ազդեցությունը թողեց, մենք չկերտեցինք գաղափարակիր մարդուն։ Երևի մեր ազատությունը չօգտագործելը, մարդու հետ չաշխատելը հանգեցրեց նրան, որ մարդիկ դեգրադացվեցին, անհատապես, բոլորն էլ մտածում են, որ մեր այսօրվա վիճակը վատ է, սխալ է, պիտի ոտքի կանգնենք, փոխենք իշխանություններին, պիտի, պիտի, պիտի… բայց երբ հասնում է պահը, որ պիտի ոտքի կանգնեն, վրա է հասնում ներկենցաղային խնդիրները, մտածում են՝ բա որ ոտքի կանգնեմ՝ կկորցնեմ փողս, պաշտոնս և այլն։ Իսկ այն ժամանակ նման բան չկար, Երևանում կենտրոնացած էր հայրենասերների մի զանգված։ Ինձ միշտ հարցնում էին, թե ինչ կլինի մեր վիճակը, որ հայտնվենք բարդ վիճակում, ես միշտ պատասխանում էի՝ քանի դեռ կա Երևանը, հայկական ոչ մի իշխանություն մեզ միայնակ չի թողնի, փաստորեն  սխալվեցի»։

Այստեղ յուրաքանչյուր հայի անձնական անվտանգության խնդիրն է

«Մենք հիմա եկել ու կանգնել ենք փաստի առաջ, մարդիկ պետք է հասկանան, որ այստեղ Արցախի խնդիրը չէ, այստեղ յուրաքանչյուր հայի անձնական անվտանգության խնդիրն է։ Պետք է անձնական մանր խնդիրներից վեր կանգնենք ու հասկանանք՝ եթե մենք այսօր մեզ չփրկենք, ապա վաղը-մյուս օրը ոչ թե ցեղասպանության կենթարկվենք, այլ սա կդառնա ինքնացեղասպանություն»։

1988 թվականին բռունցքով շարժվեցինք առաջ՝ սրանք եկան բաց ձեռքերով, գերի հանձնվելով՝ չոքեչոք

«Առհասարակ հեղափոխությունը ինքնին վատ բան է, թե՛ պետության, թե՛ հասարակության կյանքում, հեղափոխությունը ինքնաոչնչացում է։ Հեղափոխականները սկզբում ոչնչացում են ժողովրդին, հետո եթե ոչնչացնելու որևէ բան չի մնում, սկսում են իրենց ոչնչացնել։ Հիմա մենք տեսնում ենք, այսպես կոչված, հեղափոխականներն ինչպես են իրենք իրենց խժռում։ Մենք 1988 թվականին բռունցքով շարժվեցինք առաջ ու զենք վերցրեցինք, սրանք եկան բաց ձեռքերով, գերի հանձնվելով՝ չոքեչոք, և այսպես հասանք 2020 թվական։

44-օրյա պատերազմում բանակը հերոսաբար կռվել է, սա ասում է մարդ, ով պատերազմի ամբողջ ընթացքում եղել է Արցախում, սահմանի ողջ երկայնքով շրջել  է, արել ամեն ինչ, ինչ կարողացել է, թեպետ լինելով 2-րդ կարգի հաշմանդամ, դա չխանգարեց ինձ նորից կամավորագրվել։ Այստեղ հարցերի հարցն այն էր, որ ղեկավարությունն իր պարտականությունը չէր կատարում՝ իրենք պետք է հանձնեին՝ հանձնեցին։ Ինչքան էլ ուզում են, թող մեծ-մեծ խոսեն. պարտվեց ղեկավարությունը, ոչ թե բանակը»։

Չենք խոնարհվելու

«2020 թվականից այս կողմ թշնամին մեզ փորձում է պարտադրել մի բան, որը մենք չենք անելու, այն է՝ խոնարհվել իր առաջ ու ենթարկվել իրեն։ Չենք խոնարհվելու, չունենք հոսանք, գազ, շրջափակված ենք, բայց մենք արժանապատիվ այդ ամենը տանում ենք։ Ի պատիվ պետության, «Արցախէներգոյի» և «Օպերատիվ շտաբի»՝ հաղթահարում ենք. այստեղ ՀՀ իշխանությունը որևէ դեր չունի, իրենք միայն կարողանում են Թուրքիային մարդասիրական օգնություն ուղարկել, սա է Հայաստանի իշխանության «ներդրումն» Արցախին՝ այս իրավիճակից դուրս գալու համար։ Այստեղ հանձնվելու մասին խոսք անգամ չկա, ու չգիտեմ ինչու՝ մեր այս մոտեցումը դուր չի գալիս Հայաստանի իշխանությանը և Ալիևին։ Մեզ պետք չէ ներքին խժդժություններ ու լարվածություն, բայց մենք տեսնում ենք, որ բոլորը նման փորձ են անում՝ պարտադրելու ներքին լարվածություն, բացեք համացանցը և կտեսնեք՝ այդ լարվածությունն ում միջոցով են ուզում սերմանել»։

Արցախի ու Հայաստանի մեջտեղում ընկած տարածքները պետք է ազատ լինեն

«Հիմա ստեղծված իրավիճակում մեզանից ի՞նչ է պահանջվում՝ ապրել Արցախում ու չնվնվալ, և այդպես էլ կա՝ որևէ մեկը չի նվնվում։ Մենք կարող ենք դիմակայել՝ առանց հանձնվելու, եթե ինքներս մեզ չհաղթենք, որևէ մեկը չի հաղթելու։ Հայ ժողովուրդն այսօրվա ՀՀ իշխանության հետ կապ չունի, նույն հայը, իմ ընկերները դրսից կազմակերպեցին հումանիտար օգնության հավաքագրում և օպերատիվ շտաբի միջոցով կարողացան հասցնել Արցախ։ Եվ այս ամենն անում են այն հայերը, որոնց համար Արցախը գոյատևման գրավական է։

Պատմական բոլոր ժամանակաշրջաններում Արցախը մշտապես պաշտպանել է բուն Հայաստանին։ Երբ Արցախը ստացավ ինքնավարություն, այդ ինքնավարությունը կրկին պաշտպանիչ վահան էր Հայաստանի համար։ Հիմա հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ այդ Արցախը պետք է ազատ լինի՝ Արցախի ու Հայաստանի մեջտեղում ընկած տարածքները պետք է ազատ լինեն, որովհետև Հայաստանը դրանով է փրկվելու։ Եթե հայ ժողովուրդը հրաժարվեց Արցախից, ապա դրա նախադեպը կա՝ Դեր Զորն է, բայց հիմա Դեր Զոր չեն ասում, ինքնաոչնչացման ուրիշ տարբերակ կա։ Հասարակության այն հատվածը, որի համար հայրենիք գոյություն չունի, գնալու է հայրենիքից, կամ վաճառելու է այն: Մի մասն էլ զոհ է գնալու։ Ժողովուրդը պետք է հասկանա՝ որքան շուտ հիվանդին տանենք բուժման, որքան շուտ խոցը հեռացնենք, այնքան շուտ հիվանդը ոտքի կկանգնի»։

Մեր գոյատևելու միակ ձևն Աստծո կողմից տված շնորհը պահելն է՝ Արցախում ապրելով

«Այսօր բլոկադան պատերազմ վարելու մի ձև է, մենք հենց հիմա պատերազմի մեջ ենք, դիմանում ենք։ Արցախում մեր ապրելով ու արժանապատիվ ապրելով պետք է այդ ամենը հաղթահարենք, մենք այլ ելք չունենք։ Մեր գոյատևելու միակ ձևն Աստծո կողմից տված շնորհը՝ Արցախում ապրելն է։ Մենք ապրելու ենք Արցախում և ապրելու ենք՝ որպես ազատ արցախահայեր»։

Տեսանյութեր

Լրահոս