44-օրյա պատերազմով ԱՄՆ-ը ստուգեց ՌԴ-ի զինամթերքը՝ զոհաբերելով հայերին. ամերիկահայ իրավաբան Հրայր Քալաջյանը՝ Փաշինյանի անգրագետ խմբակի, Թուրքիայի և Արևմուտքի իրական մտադրությունների մասին

«Միացյալ Նահանգները չի ձեռնարկել որևէ փորձ դադարեցնելու համար 44-օրյա պատերազմը»,- այս մասին 168TV-ի տաղավարում Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ հեռավար հարցազրույցում ասաց իրավագիտության դոկտոր, Կալիֆոռնիայում հեղինակավոր փաստաբան Հրայր (Հարրի) Քալաջյանը:

Նշենք, որ Հրայր Քալաջյանը կենսաբանության բակալավրի կոչում ունի և ավարտել է Հարավարևմտյան իրավաբանական դպրոցը՝  իրավաբանության դոկտորի կոչումով: Նա պրակտիկա է անցնել Կալիֆոռնիայի բոլոր դատարաններում: Ավելի քան 20 տարվա դատավարության փորձով նա ճանաչվել է լավագույն փաստաբան Կալիֆոռնիայում:

Հրայր Քալաջյանն իր հարցազրույցում անդրադարձել է Արևմուտքից կեղծ և սին սպասումների, ՀՀ իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կողմից հայ հասարակության «ուղեղների լվացումների», 44-օրյա պատերազմի, Լաչինի միջանցքի փակված լինելու, սպասվող պատերազմների, Հայոց ցեղասպանության, Թուրքիայի հետ «բարեկամության» իմիտացիայի,  Թուրքիայի, Ադրբեջանի, հավաքական Արևմուտքի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի՝ իրական նպատակների և հետագա գործողությունների մասին:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս իրավիճակին՝ նա  նկատեց, որ պետք է նախ անդրադառնալ խնդրին, թե ինչու է Թուրքիան փակել Հայաստանի հետ սահմանը։

Կարդացեք նաև

«Թուրքիան սահմանը փակել է Արցախի հարցի պատճառով։ Ի՞նչ կապ ունի դա Թուրքիայի հետ։ Հայաստանը Թուրքիայի հետ Խորհրդային Միությունից ժառանգած պայմանագրեր ունի, և Թուրքիան դա չի հարգում։ Կարսի պայմանագիրը պահանջում է, որ այդ սահմանը բաց մնա, քանի որ Կարսը, Արդահանը և մյուս նահանգները Թուրքիան վերցրել է, և պայմանագրով Թուրքիան պետք է բաց պահեր սահմանը։ Նրանք դա չեն հարգում։ Ի՞նչ կապ ունի Արցախի հարցը, Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը հայ-թուրքական հարաբերությունների հետ, որ Թուրքիան շրջափակել է Հայաստանը։ Հայաստանը շրջափակելու Թուրքիայի որոշումը պատերազմական քայլ է, և հիմա ի՞նչ, մենք խնդրում ենք, որ Թուրքիան բացի սահմանը, զիջումների ենք գնում, ինչի՞ համար։ Հայաստանի կառավարությունը պետք է դիմեր ՄԱԿ-ին` սահմանի փակման դեմ բանաձևեր ընդունելու կոչով, սա ակտիվ պատերազմ է, և ոչ միայն ակտիվ պատերազմ է, այլ հայատյացություն, էթնիկ ատելություն»,- ասաց նա։

Քալաջյանը հիշեցրեց Էրդողանի այն հայտարարությունը, որ իրենց առաքելությունը իրենց նախնիների սկսածն ավարտելն է․ «Ի՞նչ է սա նշանակում, շարունակել ցեղասպանությունը բռնությամբ կամ խաղաղ տարբերակո՞վ»։

Նա նկատեց՝ ԱՄՆ-ի հետաքրքրությունը միշտ եղել է Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին իզոլացնելը։

«Ո՞րն է Հայաստանի իշխանությունների օրակարգը։ Եթե իսկապես անհանգստանում ենք ՀԱՊԿ-ի մասին, ես չեմ կարծում, թե Նիկոլն աշխատում էր ՀԱՊԿ-ի հետ պատերազմի ժամանակ, որովհետև որքան ես գիտեմ՝ Ադրբեջանը գնդակոծել է Վարդենիսը, որը Հայաստան է, նրանք բայրաքթարներ էին ուղարկել Գյումրու ռազմաբազայի ուղղությամբ, որոնք ռուսները բռնեցին և ներքև իջեցրին և հայտնաբերեցին, որ դրանց վրա արկեր չկան, պարզապես Ադրբեջանը փորձարկում էր ռուսական բանակի կարողությունները, իսկ ԱՄՆ-ը հետևություններ էր անում։ Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ին հետաքրքրում է ժողովրդավարությունը, մարդու իրավունքները կամ ինքնորոշման իրավունքը։ Դրանցից ոչ մեկը նշանակություն չունի։ Հայաստանը չի կարող երկակի խաղ խաղալ՝ փորձելով հաճոյանալ Արևմուտքին, որովհետև նա մի քանի դոլար է նետում քո վրա, և միևնույն ժամանակ, նրանք ուզում են բացել քո սահմանները և բռնությամբ կամ խաղաղ տարբերակով հայաթափել Հայաստանը։ Հայաստանը պետք է որոշի՝ որոնք են իր հետաքրքրությունները։ Նիկոլ Փաշինյանը հավատո՞ւմ է Հայաստանի ազգային գաղափարախոսությանը, հայկական մշակույթին, լեզվին, կրոնին, նաև կապվելով Սփյուռքին։ Բայց Սփյուռքը կտրել են Հայաստանից։ Մենք լսում ենք սփյուռքահայերի մասին, որոնց մուտքը Հայաստան արգելված է։ Ես չեմ հասկանում։ Եվ խոսելով ՀԱՊԿ-ի մասին, Փաշինյանը սկսեց քննադատել այն, ո՞վ է այս ամենի հետևում, ո՞վ է Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա՝ նկատելով, որ ինչ-որ մեկը պետք է հետազոտի Փաշինյանի կենսագրությունը և բացահայտի հասարակության համար։

Արթուր Խաչիկյանի հարցին, թե կա՞ր արդյոք ԱՄՆ-ի կողմից իրական կամք՝ դադարեցնել պատերազմը կամ ճնշում բանեցնել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ 44-օրյա պատերազմի ընթացքում, Հրայր Քալաջյանն ասաց՝ բացարձակապես չկար:

«Չկար որևէ փորձ դադարեցնել ինչ-որ բան: Իսրայելական կողմն ասաց, որ չեն պատրաստվում դադարեցնել, թեև կասետային զինատեսակներն օգտագործվում էին խախտումներով. դա ռազմական հանցագործություն է, հրկիզող զինամթերք էր օգտագործվում, որոնք կոչվում են ֆոսֆորային զինատեսակներ, Իսրայելում պատրաստված կասետային զինատեսակներ, ՆԱՏՕ-ի զինատեսակներ՝ Շուշիի եկեղեցու վրա: Եվ չկար որևէ ջանք՝ դադարեցնել ինչ-որ բան: Սա թեստ էր, որը ցույց տվեց Ռուսաստանի պաշտպանական կարողությունները, որովհետև  երկու տարի անց  Թուրքիան սկսեց մատակարարել բայրաքթարներ Ուկրաինային, և պատերազմ սկսվեց Ուկրաինայում: Ուստի, իմ տեսությունն այն է, որ ԱՄՆ-ը ստուգեց  Ռուսաստանի զինամթերքը՝  այդ գործընթացում զոհաբերելով հայերին, միևնույն ժամանակ  ցուցադրելով՝  իբրև թե հոգ են տանում հայերի մասին»,- ասաց նա:

Անդրադառնալով Արևմուտքի և ԱՄՆ-ի հնարավորություններին պատերազմը դադարեցնելու հարցում՝ Քալաջյանն ասաց, որ Թուրքիան  չի անում որևէ քայլ առանց Միացյալ Նահանգների թույլտվության: Նրա վստահեցմամբ, ԱՄՆ-ը վերահսկում է Թուրքիային 100%-ով:

«Տեսեք, թե նրանք ինչ արեցին Կիպրոսում, ներկայումս որևէ մեկը չի անհանգստանում Հյուսիսային Կիպրոսի համար, նրանք ունեն ԱՄՆ կառավարության օրհնությունը»,- պնդում է Քալաջյանը:

Հրայր Քալաջյանը պատմել է նաև, որ ծնվել է Եթովպիայում:

«Եթովպիան նախկինում համագործակցում էր Արևմուտքի հետ, որովհետև կայսր Հայլե Սելասիեն նույնիսկ զորքեր էր ուղարկել ամերիկակորեական պատերազմին մասնակցելու համար, և մշտապես կար այդ վստահությունը, որ Արևմուտքը կօգնի կայսրին, երբ նա դրա կարիքն ունենա, քանի որ,  ի վերջո, վերջինս աջակցել էր Արևմուտքին: Դա 1950-ական թվականներին էր, բայց եկեք 1974-1975-ին անդրադառնանք, փոխվեց ԱՄՆ աշխատակազմը, եկավ Քարթերը, և երբ Եթովպիայում հեղափոխություն սկսվեց, բրիտանացիներն ու ամերիկացիները  հավաքեցին իրենց պայուսակները և հեռացան, մեկուսացան և սկզբունքորեն լքեցին  բոլորին այդ Քաղաքացիական պատերազմի մեջ, և հայերը՝ իմ ընտանիքը, մնացին մեջտեղում: Մեր ընտանիքում դա մշտական խոսակցություն էր, թե ինչո՞ւ ԱՄՆ-ը լքեց Եթովպիան, երբ մենք բոլորս ունեինք այդ վստահությունը այդքան տարիների ընթացքում: Ուստի պետք է նկատի ունենալ, որ երբեք չգիտես,  թե ԱՄՆ-ը  ինչ է պատրաստվում անել, որովհետև ԱՄՆ մեկ նախագահի աշխատակազմից մյուսը իրավիճակները կարող են արմատապես փոխվել, ուստի, եթե մեծ հույսեր կապես այդ մեկ աշխատակազմի հետ, ապա մեկ կամ երկու տարուց  ինչ-որ բաներ կփոխվեն և դու կմոռացվես նրանց կողմից, մարդիկ առաջ կշարժվեն: Արդյոք այսօր Հայաստանում ապրող հայերի  վերջնական նպատակը պետք է լինի  Արևմուտքի վրա հիմնվե՞լը, երբ մենք ունենք այս երկակի պատմությունները»,- նշեց նա:

Քալաջյանի խոսքով, արևմտյան երկրներն օգտագործում են Հայաստանի նման երկրներին  և լքում են այդ երկրներին, երբ ավարտում են իրենց «գործը»:  Նա նշեց, որ չի  կարող բացատրել,  չգիտի, թե ի՞նչ է կատարվում Նիկոլ Փաշինյանի և նրա անփորձ, անգրագետ երիտասարդ խմբակի ուղեղում: «Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել այս 30 տարիների ընթացքում, որ այս  երիտասարդությունը սկսել է մտածել, թե Արևմուտքը սիրում է նրանց»,- ասաց նա:

Հրայր Քալաջյանն ասաց. «Ես չեմ  հասկանում, ես փորձում եմ հասկանալ՝ ինչպե՞ս կարող է հայ մարդը  զոհաբերել սերունդներին՝  հանուն իր քաղաքական ու աշխարհաքաղաքական  օրակարգի: Ես չեմ պատկերացնում, չկա՞ր արդյոք այլ մոտեցում: Եթե Հայաստանը չունենա ռազմական ռեսուրսներ, ապա չի կարողանա որևէ բան անել: Այսօր մենք պատերազմի մեջ ենք, Թուրքիան մեզ հետ պատերազմի մեջ է այս բլոկադայով, և ինձ համար տարակուսելի է, երբ  տեսնում եմ, որ Հայաստանի կառավարությունը Ամանորի զարդարանքների՝ լույսերի, այլ միջոցառումների համար հսկայական գումարներ է  ծախսում, իսկ  մենք՝ հայերս, ուղեղները լվացված իրավիճակում, պատերազմի ընթացքում ապրում ենք՝ ասես  Lalaland-ում… Ես ապշած եմ… Սա կառավարության կողմից երիտասարդության ուղեղների լվացում է, որ տեսեք՝ մենք երջանիկ ենք, նայեք այս գեղեցիկ  ամանորյա լույսերին՝ Երևանի երկնքում… բայց, կրկնում եմ, մենք պատերազմի մե՛ջ ենք, Հայաստանի կառավարության ռեսուրսների 100%-ը պետք է ուղղվի ռազմական ոլորտին, պետք է կառուցեք ու կազմակերպեք այդ  ոլորտը»:

Հարցազրույցի մանրամասները և հայտնի իրավաբանի դիտարկումները՝ տեսանյութում:  

Տեսանյութեր

Լրահոս