Բնակարանների վարձավճարները պիկի համեմատ՝ 30 %-ով էժանացել են, վաճառքի գները՝ աճել 20 %-ով. Banali անշարժ գույքի հարթակի տնօրեն
Ռուսաստան-Արևմուտք պատերազմի սկզբնական փուլում հայաստանյան անշարժ գույքի շուկան կանգնեց փաստի առջև՝ հայտնվելով առաջարկի և պահանջարկի բախման առջև. չկային այնքան բնակարաններ, որքան փնտրում էին Հայաստան այցելողները, իսկ, եթե սրան հավելում ենք նաև այն պահանջները, որոնք դրվում էին անշարժ գույքի հարթակների կամ գործակալությունների առջև, այն է՝ լավ վերանորոգմամբ և ամբողջական կահավորում ունեցող բնակարաններ՝ մեծ մասամբ Երևանի կենտրոնական հատվածներում, ապա, ավելի ցցուն են դառնում այն խնդիրները, որոնց բախվեց անշարժ գույքի շուկան՝ արձանագրելով վարձավճարների և բնակարանների գների երբեմն եռակիի հասնող թանկացում։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով անշարժ գույքի շուկայում առկա խնդիրներին և նկատվող միտումներին, նման տեսակետ հայտնեց «ՍրչԴեսք Պլատֆորմզ» ՓԲԸ (banali անշարժ գույքի հարթակ) տնօրեն Սիրարփի Գրիգորյանը՝ ընդգծելով.
«Առաջարկ-պահանջարկի բախման ականատես եղանք նաև 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ռուսաստանում հայտարարվեց մոբիլիզացիա. Հայաստան վերադարձողների մեծ հոսք սկսվեց։ Այս դեպքում գերխնդիր էր դարձել պարզապես բնակարաններ գտնելը, ինչը դարձյալ բերեց բնակարանների վարձավճարների թանկացման. շատ դեպքերում անգամ եռակի թանկ գնով էր անհնար դարձել բնակարան գտնելը»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ 2022 թվականի նոյեմբերից, սակայն, նկատվեց վարձավճարների նվազում. անշարժ գույքի շուկան գնաց ինքնակարգավորման։
«2022 թվականի նոյեմբերից ունենք վարձավճարների նվազում։ Այս պահին ունենք վարձով տրվող բնակարանների վարձավճարների մինչև 30 տոկոսով էժանացում. իհարկե, դրանք նախկին սահմանաչափերին չեն վերադառնա, բայց, միևնույն ժամանակ, բնականաբար, համեմատելի չեն վերը նշված պիկերի գների հետ»,- ասաց Գրիգորյանը։
Ըստ նրա՝ ուշագրավ է, որ եթե Ռուսաստան-Արևմուտք պատերազմի սկզբում Հայաստանում տանտերերն իրենց վարձակալներին հանում էին տներից և այն մի քանի անգամ թանկ գնով վարձով տալիս Ռուսաստանից եկածներին, ապա վերջին ամիսներին կարգավորվել է նաև այդ երևույթը։
Խոսելով բնակարանների վաճառքի գների մասին՝ Սիրարփի Գրիգորյանը նշեց՝ վաճառքի շուկայում պատկերն այլ է՝ առկա է գների 20 տոկոսով թանկացում, մոտովորապես այնքան, որքան կազմում է դոլար-դրամ փոխհարաբերությունը։
«Բնակարանների վաճառքի գնի աճը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում և՝ դոլարի 20 տոկոս արժեզրկմամբ։ Ստացվել է մի վիճակ, որ շենք կառուցող ընկերությունը մի քանի տարի առաջ դոլարի բոլորովին այլ՝ բարձր կուրսի պայմաններում է կնքել շենքի կառուցման համար անհրաժեշտ պայմանագրերը, բայց հիմա բնակարանները վաճառում են դոլարի այլ՝ ցածր կուրսի պայմաններում։ Սա կառուցապատողներին կանգնեցրել է շահույթի 20 տոկոսի անկման առջև։
Այս խնդիրը մեղմելու համար կառուցապատողների միությունը Կենտրոնական բանկին առաջարկել է մի քանի միջոցառումներ, այդ թվում՝ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը, սակայն, կստեղծեր հավելյալ խնդիրներ տնտեսության այլ ոլորտներում, ինչով պայմանավորված էլ ԿԲ-ն չգնաց այդ գործիքի կիրառմանը, հետևապես, կառուցապատողները շարունակում են կորուստներ կրել։
Կարծում եմ՝ եթե այս խնդիրը շարունակվի երկար, ապա կլինեն նաև սնանկացող կառուցապատողներ»,- ասաց Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է banali անշարժ գույքի հարթակի առաջարկներին՝ ապա Գրիգորյանը նշեց, որ իրենք առաջարկում են վարձով և վաճառվող բնակարաններ, կոմերցիոն տարածքներ՝ հասարակության տարբեր շերտերի համար, ավելին՝ իրենց ծառայությունները մատուցում են նաև առանց միջնորդավճարների և զբաղվում նաև բիզնեսի տեղափոխման, իրավաբանական խորհրդատվության, ներդրումների և այլ հարցերով, իսկ ռիելտորական ծառայություններն այս պահին շուկայում գործող ամենացածր միջնորդավճարն ունեն:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։