«Էս տարածքի տերը մո՛ւնք ունք, մեզ գնալու տեղ չունե՛նք». Պատարայի համայնքապետ
«Ճիշտ է, շրջափակման հետևանքով շատ դժվարություններ են առաջացել, բայց մեզ մոտ իրավիճակը նորմալ է, ժողովուրդը՝ հանգիստ, ամենքն իր գործին է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջանի Պատարա համայնքի ղեկավար Վալերի Ղահրամանյանը:
Հետո համայնքի ղեկավարը հստակեցրեց, թե ինչ դժվարությունների մասին է խոսքը՝ դրանք կապված են ջեռուցման հետ, թշնամին կրկին գազն անջատել է, ինչը խնդիրներ է առաջացրել ամբողջ Արցախում, այդ թվում՝ իրենց համայնքում:
«Վառելիքի հարցում դժվարություններ կան, գազը չի գործում, բայց մարդիկ յոլա են գնում, փայտ են վառում: Եղանակները լավ չի, մի քիչ ձյուն է եկել, բայց մոտ 1 ամսից գյուղատնտեսական աշխատանքները պետք է սկսեն, տեսնենք՝ սերմացու որտեղի՞ց ենք ճարում, հայտ ենք ներկայացրել, տեսնենք՝ ինչո՞վ կարող են օգնել: Բացի դա, նաև վառելիքի հարցն է, քանի որ գյուղատնտեսական աշխատանքների համար տեխնիկա աշխատեցնելու համար վառելիք է անհրաժեշտ»:
Պատարայի համայնքապետին հարցրեցինք, թե պարենի բաշխումն ինչպե՞ս են կազմակերպում, արդյոք տրամադրվող սնունդը բավարարո՞ւմ է բնակիչներին.
«Դե գիտեք՝ հիմա կտրոններով են ամեն ինչ տալիս, դեռ հերիքում է, մարդիկ կարողանում են յոլա գնալ, այնպես որ, դա խնդիր չէ»:
Վալերի Ղահրամանյանն ասաց, որ խնդիրներից մեկն էլ վերաբերում է ուսման կազմակերպմանը: Ադրբեջանցիների կողմից գազի անջատելու պատճառով դասապրոցեսում փոփոխություններ են կատարել.
«Հիմա միայն բարձր դասարաններում սովորողներն են դպրոց գնում, մինչև 4-րդ դասարանները չեն հաճախում: Գազը որ չկա, դպրոցում էլ ենք փայտով վառարաններ դրել, մինչև տեսնենք՝ ինչ է լինում»:
Չնայած թշնամու պարտադրած դժվարություններին ու ստեղծված իրավիճակին, Պատարայում բոլորը հասկանում են հարցի լրջությունը և մեծից փոքր վճռական են տրամադրված՝ սա իրենց հողն է, իսկ հողը չի կարելի զիջել՝ ասաց համայնքապետը.
«Մարդիկ վճռական են տրամադրված, մեզ գնալու տեղ չունենք, էս տարածքի տերը մունք ունք, ում հետ էլ խոսում ես, ոչ մեկը մտադրություն չունի այստեղից դուրս գա:
Մունք հույս ունենք, որ խնդիրը կլուծվի, չեմ ուզում հուսախաբ լինել, մունք հույս ենք պահում, որ ամեն ինչ լավ կլինի: Մի բան կա, որ մեզ անհանգստացնում է, համացանցում ապատեղեկատվություն են տարածում, փորձում են մարդկանց հուսախաբ անել, այդ հուսախաբությունը չպետք է լինի մարդկանց մեջ…»:
Հիշեցնենք, որ արդեն 66 օր է՝ ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխել Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխելն առանց Կարմիր խաչ միջազգային կազմակերպության աջակցության անհնարին է դարձել։