«Ողբերգություն է». Արցախի 10-ից ավելի քաղաքացի է մահացել. շրջափակման պատճառով Հայաստանում են հողին հանձնել՝ արտաշիրմելու պայմանով

Ավելի քան երկու ամիս է՝ թշնամին փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Շրջափակման մեջ գտնվող Արցախը բազմաթիվ փորձություններ ու դժվարություններ է հաղթահարում:

Բացի հումանիտար ճգնաժամից, լրջագույն խնդիր է նաև ընտանիքների միավորումը: Չնայած ռուս խաղաղապահների և Կարմի խաչի միջնորդությամբ և աջակցությամբ հնարավոր եղավ Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ տասնյակ քաղաքացիների տեղափոխել, սակայն խնդիրը շարունակում է առկախված մնալ: Փակված ճանապարհի, մարդկանց տեղաշարժվելու իրավունքի խախտման հետևանքով հարյուրավոր ընտանիքներ շարունակում են տարբեր կողմերում մնալ:

Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Արմինե Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում մնացած արցախցիների մեծ մասն այսօր տեղակայված են Սյունիքի մարզի Գորիս համայնքում.

«Նույն պատկերը նաև Արցախում է, բազմաթիվ քաղաքացիներ, որոնք նաև ներգրավված էին Արցախում ընթացող շինարարական աշխատանքներում, չեն կարողանում վերադառնալ տուն»:

Կարդացեք նաև

168.am-ի տեղեկություններով՝ ճանապարհի փակ լինելու պատճառով մեկ այլ լրջագույն խնդիր է առաջացել, քաղաքացիները չեն կարողանում իրենց մահացած հարազատի մարմինը տեղափոխել Արցախ, իսկ դրանք քիչ չեն:

Դեռ 1 ամիս առաջ էին տեղեկացրել, որ բուժման նպատակով Արցախից Հայաստան եկած կինը մահացել էր, և որդին չի կարողանում մոր մարմինն Արցախ տեղափոխել և հայրենի հողին հանձնել: Ստիպված Հայաստանում էին հուղարկավորել՝ հետագայում արտաշիրմելու պայմանով:

Արմինե Հայրապետյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ հավելելով, որ ավելի քան 10 քաղաքացի է մահացել, որոնց հարազատները չեն կարողացել տեղափոխել Արցախ և հուղարկավորել ընտանեկան գերեզմանատանը:

«Մարդիկ այստեղ հողին են հանձնել՝ հետագայում արտաշիրիմման պայմանով, երբ ճանապարհը բացվի՝ տեղափոխեն Արցախ: Խոսքը ոչ թե Հայաստանում ապրող արցախցիների մասին է, այլ այն մարդկանց, որոնք նախքան ճանապարհի փակվելը բուժման կամ այլ նպատակով եկել էին Հայաստան, իսկ ճանապարհի փակ լինելու պատճառով չէին կարողացել վերադառնալ: Կա նաև դեպք, երբ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող արցախցի է մահացել, տղան մարմինը բերել է Հայաստան, որ տեղափոխի Արցախ, բայց ճանապարհի փակ լինելու պատճառով կրկին հնարավոր չի եղել, ստիպված այստեղ են հողին հանձնել…

Մարդիկ պահվել են դիահերձարաններում, բայց քանի որ ոչ մի հեռանկար չկար, որ ճանապարհն առաջիկա օրերին կբացվեր, նրանց հողին են հանձնել, բացի այդ, դիահերձարաններում հնարավոր չէ անորոշ ժամանակով այդքան երկար պահել: Դիահերձարանները 1 շաբաթից ավելի չեն պահում դին:

Իրենք բոլոր մարմինները 7-10 օր պահել են, չի եղել, որ ասեն՝ փող տվեք, որ պահենք, անվճար պահել են, 10 օրից հետո ասել են, որ այլևս հնարավորություն չունեն պահելու… Ինչից հետո մարդիկ որոշել են իրենց ազգականին Հայաստանում հողին հանձնել՝ արտաշիրմում անելու պայմանով: Ողբերգություն է, որ մարդը նույնիսկ մահացած վիճակում չի կարող հասնել իր հողին»:

Տեսանյութեր

Լրահոս