Ի տարբերություն ՀԱՊԿ-ի, ԵՄ-ն հստակ գծագրել է, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետության քարտեզն իրենց համար. Նիկոլ Փաշինյան
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին ԵՄ խորհրդի որոշմամբ 2 տարով Հայաստան քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու վերաբերյալ:
«Մամուլում տեղ գտան հրապարակումներ, որոշ դեպքում՝ շահարկումներ, այն մասին, թե ինչու կամ ինչպես ՀՀ կառավարությունը նախընտրեց ընդունել ԵՄ դիտորդական առաքելությունը, իսկ ՀԱՊԿ առաքելությունը՝ ոչ։ Այս հարցի շուրջ ի՞նչ կասեք»,- հետաքրքրվեց իշխանական պատգամավորը։
Պատասխանելով հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թեմայի հետ կապված բազմաթիվ թյուրըմբռնումներ կան, այդ թվում՝ Հայաստանի փորձագիտական հանրության շրջանում։
«Ինչպե՞ս է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում Հայաստան, ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան։
Ի դեպ, ուզում եմ ասել, որ ՀԱՊԿ մեր գործընկերները նաև արձանագրել են, որ այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, ինչի համար մենք, իհարկե, շնորհակալ ենք։ Բայց հարցի էությունը հետևյալն է՝ ՀԱՊԿ-ի պարագայում մենք շատ հստակ ձևակերպել ենք խնդիր, քանի որ այն ունի շատ մանրամասն նկարագրած փաստաթղթեր, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների արձագանքման կամ կանոնակարգման, որտեղ հստակ գրված են գործողություններ, բայց միևնույն ժամանակ կա հստակ ըմբռնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին։ ՀԱՊԿ-ից մենք խնդրել ենք ամենակարևոր սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում, այսինքն՝ մեզ ասեն, թե ո՞րն է իրենց պատկերացմամբ Հայաստանը։ Մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել, մյուս կողմից՝ ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումն ինչո՞ւ է հնարավոր դարձել, որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում հստակ գծագրել է, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, այսինքն՝ իրենք ասել են, որ մեր պատկերացմամբ՝ ՀՀ քարտեզը սա է»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում