Պարտադիր ծառայության են կանչվում կանայք՝ 1.5 միլիոն դրամ պատվովճարով. չհաշվարկված քայլ՝ հանուն ինքնագովազդի՞, թե՞ անվտանգության
2023թ. հունվարին 168.am-ը գրել էր, որ ՀՀ ՊՆ-ում քննարկում են կանանց կամավոր ժամկետային զինվորական ծառայության անցնելու հարցը: Մեր հարցին՝ ովքե՞ր են մասնակցել այդ քննարկմանը, կամ արդյո՞ք ռազմական ոլորտի փորձագետներ հրավիրվել են, ՊՆ-ից փակագծեր չէին բացել, միայն հայտնել էին, որ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ են ներկա եղել:
«Փաշինյանի չհաշվարկած պրագմատիզմը. բանակում կանանց ներգրավվածության մասին թեզը չունի որևէ գաղափարախոսական հենք, այլ պայմանավորված է բացառապես պրագմատիկ հաշվարկով» վերտառությամբ մեր հոդվածում գրել էինք, որ կանանց կամավոր ժամկետային զինվորական ծառայությունը ենթադրում է լուրջ ռեսուրսներ, զորանոցային համապատասխան պայմաններ, մինչդեռ այսօր 44-օրյա պատերազմից հետո արական սեռի համար որոշ դեպքերում զինծառայության պայմանները բարելավման կարիք ունեն:
Մենք հիշեցրել էինք, որ 2016-ին ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը կանանց բանակ տանելու հնարավորություններին անդրադառնալով՝ նշել էր, որ կարևորում է կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունների ընդլայնումը, որը ենթադրում էր ոչ միայն զինծառայության համապատասխան պայմանների ստեղծում, այլ նաև ծառայողական առաջխաղացման հավասար իրավունքների և երաշխիքների ապահովում:
Ինչևէ, Պաշտպանության նախարարությունը որոշել է շրջանառության մեջ դնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի նախագիծ:
Հիմնավորման մեջ նշվում է, թե զինվորական ծառայության զարգացման, արհեստավարժության բարձրացման, ՀՀ պաշտպանությանը համընդգրկուն բնույթ հաղորդելու և իգական սեռի քաղաքացիների համար ՀՀ պաշտպանությանը մասնակցելու հնարավորությունների ընդլայնման նկատառումներից ելնելով՝ ՀՀ կառավարության ծրագրային հիմնադրույթներից է հանդիսանում իգական սեռի քաղաքացիներին կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու օրենսդրական և գործնական հնարավորությունների ընձեռումը:
Մասնավորապես, նպատակահարմար է համարվել նրանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 6 ամիս: Ընդ որում, նշված քաղաքացիները ծառայության վայր՝ նախանշված ուսումնական զորամասեր, գործուղվելու են առանց վիճակահանության, սահմանվելու է պարտադիր զինվորական ծառայության ընթացքում նրանց կողմից պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորությունը:
Ի դեպ, պարտադիր զինվորական ծառայությունն անցնելուց հետո իգական սեռի այս քաղաքացիների համար ՀՀ կառավարության որոշման համաձայն նախատեսված է 1,5 մլն դրամ պատվովճար:
Նախ՝ մեղմ ասած, ծիծաղելի է՝ «կամավոր պարտադիր ծառայություն» ձևակերպումը, անգամ, եթե նկատի ունեն, որ գործելու է կամավորության սկզբունքը:
Երկրորդ՝ գոյություն ունի պայմանագրային ծառայություն, որն ինքնին ենթադրում է կամավորության սկզբունք, և ցանկության դեպքում կանայք այս ճանապարհով ապահովում են իրենց ներգրավվածությունը ՀՀ ԶՈւ-երում, այդ թվում՝ հատուկ նշանակության ստորաբաժանումներում: Աղջիկները կարող են ընդունվել նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան և Ռազմական ավիացիոն համալսարան: Այսինքն, բանակ կանանց մուտքն արգելված չէ, այլ հարց է, որ առաջխաղացման հավասար իրավունքներ և երաշխիքներ պետք է լինեն: Իսկ կանանց ժամկետային զինվորական ծառայությունը, ինչպես արդեն վերևում նշեցինք, ոչ միայն իրատեսական չէ ՀՀ-ում առկա պայմաններում, երբ դեռ բանակ ենք բարեփոխում և տեսանելի մակարդակում փորձում ենք առավելապես սոցիալական խնդիրներ լուծելով՝ գրավչություն ապահովել:
Երրորդ՝ արդյո՞ք հաշվել են՝ ՀՀ բնակչության քանի՞ տոկոսն են կազմում կանայք, այդ ընդհանուր ցուցանիշի համատեքստում կատարե՞լ են բաժանումներ՝ ըստ տարիքի, բնակչության շրջանի, առանձնացրե՞լ են թիրախային կամ պոտենցիալ շահառու խմբերին, հաշվարկե՞լ են, թե ինչ է սա տալու բանակին, որքանո՞վ է նպաստելու մարտունակության զարգացմանը, բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը և այլն: Այսինքն, երիտասարդ աղջիկը եկավ, 6 ամիս անցավ այս պարտադիր զինվորական ծառայությունը, ստացավ 1.5 միլիոն դրամը և ամուսնացավ, արտագաղթեց, կամ դրսում սովորելու ցանկություն ունեցավ, գնաց և հետ չեկավ… Հետո՞, սա ի՞նչ է տալու, արդյո՞ք դիտարկվ՞լ են նմանատիպ սցենարներ:
Չորրորդ, եթե սա արվում է մոբ ուժերի զարգացման համար, ապա այստեղ ևս վերապահումներ կան, քանի որ նախ բանակի մարտունակությունը պետք է բարձրացնել՝ կանոնավոր և պայմանագրային, որովհետև ՀՀ զինված ուժերն են կոչված թշնամու ագրեսիան հետ մղելու:
Երբ բանակում կարգապահական, բարոյահոգեբանական, ծառայության պայմանների բարելավման, զինվածության հետ կապված լրջագույն խնդիրներ կան, մոբի զարգացման մասին խոսելը, մեղմ ասած, իրատեսական չէ: Աշխարհազորն աջակցող ուժ է զինված ուժերի համար, հիմա առաջնային խնդիրները թողած, խոսում են երկրորդական հարցերի մասին, որոնք ևս նման կիսատ-պռատ մոտեցումներով հնարավոր չէ լուծել:
Ավելին, և՛ կանոնավոր բանակը, և՛ պահեստազորը, և՛ մոբը կարող են կարողություններ զարգացնել միայն լուրջ և իրատեսական սցենարով զորավարժությունների միջոցով, ոչ թե այն վարժանքների, որոնց հիմնական նպատակը մարտական հերթապահություն ապահովող մարդկային ռեսուրսի հետ կապված խնդրի լուծումն է: Որպես կանոն՝ պետությունն է վարում պատերազմը, իսկ որքանո՞վ էր գործող կառավարությունը պատրաստ դրան, որքանո՞վ է պատրաստ այսօր, խոսքը ոչ ռազմական ուժի մասին է: Այսինքն, եթե մենք այս խնդիրը չենք լուծում իրատեսական սցենարներով «Շանթ» զորավարժությունների միջոցով, մնացածը զուտ, ըստ էության, քարոզչական միջոցառում է, ինչպես ասում են՝ թիթեռ նկարել, ռեսուրսի ոչ նպատակային օգտագործում:
Հինգերորդ, ինչ վերաբերում է կանանց ներգրավվածության աճին զինված ուժերում, որքանո՞վ են այս իշխանությունները երաշխիքներ ստեղծում նրանց կարիերային առաջխաղացման համար, արդյո՞ք պատրաստ են վարչություններ վստահել կանանց, որոնք կարող են ունենալ նաև կին ղեկավարներ:
Վեցերորդ, երբ իշխանության ներկայացուցիչները իրենց որդիներին, մերձավորների որդիներին ազատում են բանակից, երբ իշխանության մերձակա շրջապատից վարժանքների չեն մասնակցում, ապա ամոթալի է նման նախագծով հպարտանալը:
Այո, պատերազմող երկրում բնակչության մեծամասնությունը պիտի տիրապետի զենքի կիրառման կանոններին, կարողանա ինքնապաշտպանվել, այդ թվում՝ կանայք, և չպետք է լինի խտրական վերաբերմունք կանանց նկատմամբ մասնագիտական առաջխաղացման առումով: Կրկնում ենք՝ առաջին հերթին ժամանակակից պահանջներին համապատասխան բանակ պետք է ունենալ, որը կարող է լինել երկրի անվտանգության երաշխավորը, այլապես անվտանգություն ենք խնդրում օտարից, ոգևորվում միջազգային դիտորդների ներկայությունից, մյուս կողմից՝ միլիտարիզացիոն նախագծեր ենք առաջ բերում, բայցև պրոֆեսիոնալ բանակ էլ չենք ստեղծում, ոչ էլ դպրոցներում, բուհերում ժամանակակից պահանջներին համահունչ ռազմագիտական առարկաներ ուսուցանում:
Ըստ այդմ՝ կանանց ժամկետային ծառայության մասին նախագծի շրջանառությունը հաստատում է 2021-ի օգոստոսին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանի արած խոստովանությունը:
«Պիտի ընդգծեմ, որ կանանց ներգրավվածության մասին թեզը չունի որևէ գաղափարախոսական կամ հակագաղափարախոսական հենք, այլ պայմանավորված է բացառապես պրագմատիկ հաշվարկով: Կանայք Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունն են, և նրանց ռեսուրսի թերներգրավվածությունը որևէ ոլորտում՝ պաշտպանությունից մինչև տնտեսություն, նշանակում է մեր երկրի զարգացման պոտենցիալի աղճատում: Ասածը չի նշանակում, թե կանայք բանակում պետք է նույնքան ներգրավված լինեն, ինչքան տղամարդիկ: Խոսքը պոտենցիալի հնարավորինս լիարժեք օգտագործման մասին է, և այս պոտենցիալը դեռ պետք է բացահայտվի»,- հայտարարել էր նա:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ այն հիմնված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի վրա:
Նշենք, որ այդ ծրագրում գրված է, օրինակ՝
– Կառավարությունը Զինված ուժերի մարտունակության վերականգնումն իրագործելու է ապագային միտված առաջանցիկ տեսլականով՝ հայկական բանակի լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները պահպանելով հանդերձ, կառուցել ապագայի բանակ՝ իր սպառազինությամբ, կառավարման և ղեկավարման միասնական ավտոմատացված համակարգով, կազմկառուցվածքով և պատերազմավարման եղանակներով:
– Զինված ուժերի տեխնոլոգիական արդիականացմանը և արհեստական բանականությամբ օժտված համակարգերի կիրառմանը, Զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ՝ լուծվելու են նաև անձնակազմի համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրները:
– Կառավարությունը շարունակելու է սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման գործընթացները: Առավել նպատակային քաղաքականություն է իրականացվելու դաշնակից և գործընկեր պետությունների հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում: Հատուկ կարևորություն է տրվելու այդ ոլորտում դաշնակցային և գործընկերային հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես ընդլայնվելու է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը, որն առաջնահերթ ուղղվելու է համատեղ ուժերի (համակարգերի) ռազմական ներուժի ավելացմանը և երկու պետությունների զինված ուժերի առավելագույն փոխգործունակության ապահովմանը:
– Վերանայվելու են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում օպերատիվ, մարտական և զորահավաքային պատրաստության գործընթացները, որոնք համապատասխանեցվելու են Զինված ուժերին առաջադրված խնդիրներին և դրանց իրականացման պահանջներին:
– Իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված Զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացմանը։
– Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, Զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի:
Թե այս կետ-խոստումներից որոնք են իրագործվել, թողնում ենք մասնագետներին: Իսկ թե որքանով ենք հաջողել թշնամու ագրեսիայի հետմղման գործում, դրա մասին լավագույն ապացույցը 2021-2022 թվականներին ավելի քան 130 քկմ ՀՀ ինքնիշխան տարածքի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվելն է: Գլխավոր մեղավորը, բնականաբար, բանակը չէ, այլ երկրի քաղաքական ղեկավարությունը:
Եվ այս իրավիճակը երկար չի փոխվի, քանի դեռ առաջնային խնդիրները երկրորդայինից չենք տարբերում, և առկա մարտահրավերներին համահունչ չենք արձագանքում, այդ թվում՝ ռեսուրսների օգտագործման առումով: