«Ամենամեծ լարվածությունը եղել է այս գիշեր.աղ կներկրվի». Կամո Արեյան
«Փետրվարի 5-ին տեղումները Երևանում դադարել են ժամը 12։30-ի սահմաններում, մինչ այդ անձնակազմն աշխատել է. Լույս 6-ի գիշերը ևս աշխատել ենք, որևէ խնդիր չի առաջացել: Ամենամեծ լարվածությունը եղել է այս գիշերը ժամը 4-ին, հիմնական սառածության հետ կապված: Մեկ ահազանգ ենք ունեցել Դավիթ Բեկի փողոցից, մնացած բոլոր փողոցները բանուկ են և բաց: Երեկ ցերեկը ամբողջությամբ աշխատել են երկրորդային փողոցների եւ շենքեր տանող ճանապարհների մշակմամբ»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ հավելելով, որ քանի որ լարվածությունը պահպանվելու է մինչև փետրվարի 10-ը, հիմա աղի ներկրման հարցերով են զբաղված, լրացուցիչ քանակությամբ աղ են բերում:
«Բոլորը գիտեն, որ հիմա խառնուրդի մեջ աղի քանակությունն ավելի շատ է, քան կարմիր ավազի մեջ: Մինչև -7 աստիճանի համար դա բավարար է»,- նշեց նա:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարեց ուշադիր լինել, որ համատիրությունները բակային տարածքների մաքրման աշխատանքները պատշաճ իրականացնեն:
Հավելենք, որ համաձայն Պետհիդրոմետ ծառայության կողմից ներկայացված տեղեկատվության՝ Երևանում փետրվարի 6-ի ցերեկը, փետրվարի 7-ին սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև: Փետրվարի 8-ին, փետրվարի 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 9-ի ցերեկը, փետրվարի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակը: Շաբաթվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանը կգրանցվի փետրվարի 6-ի ցերեկը՝ 5-7 աստիճան տաքություն, իսկ նվազագույն ջերմաստիճանը կգրանցվի փետրվարի 11-ի գիշերը՝ -6-ից -8 աստիճան: