Վահան Քերոբյանն ու հանգուցյալ տատիկը

«Մարդիկ միջինում ապրում են անհամեմատ ավելի լավ, քան մի տարի առաջ, տնտեսական աճը հենց դա է ցույց տալիս։ Հաշվի առնելով նաև այն ներառականությունը, որը կա այսօր մեր տնտեսական աճի մեջ, կարող ենք ասել, որ մարդկանց մեծ մասն ավելի լավ է ապրում։ Գործազրկությունը տեսել եք, երկու տարվա ընթացքում 18,6 տոկոսից երրորդ եռամսյակի տվյալները 16,1 է, բայց չորրորդ եռամսյակով մենք գուցե արդեն երկնիշ գործազրկության կյանքից դուրս գանք»,- հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ որպես «անհամեմատ ավելի լավ կյանքի» հիմնավորումներ ներկայացնելով բազմաթիվ ու բազմապիսի թվեր, այս ցուցանիշի այսքան աճ, այն մյուսի այնքան ավելացում, և այդպես շարունակ… Բայց այդ թվերից որևէ մեկը Էկոնոմիկայի նախարարի «միջինացված» հայտարարությունն այդպես էլ արժանահավատ չեն դարձրել։

Տրամաբանության հետ Քերոբյանի ունեցած անհաղթահարելի հակասությունների մասին խոսում են անգամ նրա հարազատ թիմակիցները։ Բայց քանի որ Հայաստանում դեռևս անհեթեթություն արտաբերելու համար հարկատեսակ չի գործում, Վահան Քերոբյանը շարունակում է շաղակրատել՝ առաջնորդվելով երևի այն կանխավարկածով, որ լսարանն առնվազն իրենից ավելի ունակություններ չունի։ Կամ գուցե ոչնչով էլ չի առաջնորդվում։ Պարզապես խոսում է, որովհետև․․․ հիշենք հարկատեսակի բացակայությունը։

Իրականությունն այն է, որ Հայաստանում քաղաքացիների սոցիալական վիճակը չի լավացել, և այն, ինչ ներկայացնում է Վահան Քերոբյանը, զուտ վիճակագրական ԽԱԲԿԱՆՔ է։ Այդ խաբկանքը լղոզելու համար նա օգտագործում է այժմ մոդայիկ «ներառականություն» արտահայտությունը՝ այդպես էլ չմասնավորեցնելով, թե հասարակության հատկապես որ խավերին և ինչ կշռային հարաբերակցություններով է ներառում «միջինում անհամեմատ ավելի լավ կյանքը»։

Պաշտոնյաների մեծ մասը, հատկապես տնտեսական ոլորտով զբաղվողները՝ կտրված լինելով իրականությունից, ապրում են վիճակագրական թվերի, «միջինների», «ածանցյալների», «քառակուսի արմատների» և այլ կատեգորիաների իրականությունում, որոնց դեպքում կարևորն այն է, որ համակարգչի էկրանին հայտնվող պատկերը գեղեցիկ լինի ու Նիկոլ Փաշինյանին հաճելի լինի այդ խաբկանքը։ Նրանց համար վիճակագրական թվերը կարևոր են իրական կյանքից, անուն-ազգանուն, հասցե ու անոթի լինելու դժբախտություն ունեցող մարդկանց ճակատագրից։ Իսկ այդ հարցում այդ պաշտոնյաներին մեծագույն նվեր է մատուցում հենց «միջին» հասկացությունը, որի հրաշագործ ազդեցությամբ ցանկալի լույսի ներքո կարելի է ներկայացնել ցանկացած երևույթ։

Կարդացեք նաև

Սակայն այդ միջինամոլությունը խիստ վտանգավոր է և ամենաշատն է մարդկանց  կտրում իրականությունից։ Միջինացված ցուցանիշների վնասի մասին ամենալավ օրինակը ներկայացրել է հավանականությունների մասնագետ Նասիմ Թալեբը՝ «ինչպես սպանել տատիկին» այլաբանական օրինակով, որը հորդորում է անմիջապես չհամաձայնել սեփական տատիկին միջինում 21° C աստիճանի պայմաններում պահելու առաջարկին, որովհետև 21° C-ը նաև +60° C-ի և -18° C-ի միջինն է։ Հետևաբար, կարևորը ոչ թե միջինացված նոմինալ թվերն են, որոնք իրականում գրեթե ոչինչ չեն ասում, այլ բաշխումը։

Այնպես որ, հաջորդ անգամ Վահան Քերոբյանը նման թվային մանիպուլյացիաներ պետք է ներկայացնի միայն «միջինում 1.2 մետր խորություն ունեցող գետը» անցնելուց հետո։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս