«Մեր այսօրվա դիվանագիտությունը շատ «յուրովի» դիվանագիտություն է՝ կարծես թե սպասարկում է հակառակորդների ծրագրերը». Գագիկ Հարությունյան
Արցախի Հանրապետությունը 51 օր է՝ շրջափակված է Ադրբեջանի կողմից, կեղծ բնապահպանները դեկտեմբերի 12-ից փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը։
Միջազգային որոշ կառույցների հայտարարություններն ու կոչերը՝ Արցախի ճանապարհը բացելու վերաբերյալ, չնայած այս անգամ հասցեական են՝ ուղղված Ադրբեջանին, այդուամենայնիվ Ալիևը, հավանաբար ավելի վաղ տված խոստմանը հավատարիմ մնալու համար անտեսում է միջազգային հանրության բոլոր հորդորներն ու կոչերը:
168.am-ի հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը խնդրի վերաբերյալ մեր հարցին պատասխանելով՝ նախ գնահատեց հայկական դիվանագիտության կատարած աշխատանքը՝ ընդգծելով.
«Մեր այսօրվա դիվանագիտությունը շատ «յուրովի» դիվանագիտություն է, և այն կարծես թե սպասարկում է հակառակորդների ցանկություններն ու ծրագրերը։ Արդեն 50 օր է անցել Արցախի ճանապարհը փակելուց, որևէ քայլ, որը կարելի էր կատարել կամ համարել կատարված այդ ուղղությամբ, չի արվել, ավելին՝ ինչ քայլ էլ կատարվում է, դրանք ջուր են լցնում թուրք-ադրբեջանական, ինչպես նաև իսրայելական ջրաղացին, այսինքն՝ նրանք կարողանում են միայն ու միայն վիճակը վատացնել։ Ընդ որում, աշխարհաքաղաքական պլանները, որոնք ուղղված են մեծամասամբ Իրանի դեմ, նպատակ են հետապնդում ապակայունացնելու իրավիճակը տարածաշրջանում, որտեղ նաև մենք են։ Կարծում եմ՝ այսօր հայկական դիվանագիտությունն ի շահ Հայաստանի, Երևանի կամ Արցախի՝ ոչինչ չի անում դրական առումով, այլ միայն նպաստում են օտարերկրյա ծրագրերի իրականացմանը։ Դրա վառ ապացույցը եվրոպական առաքելության հրավերն է Հայաստան»,- շեշտեց Գագիկ Հարությունյանը։
Ըստ քաղաքագետի, Հայաստանի ղեկավարությունն այսօր իր վարած դիվանագիտական քայլերով նպատակ ունի և այդպես է մտածում, որ կազատվի Արցախի հարցից։
«Այնպես որ, այսօր այս իշխանության համար Արցախի խնդիրը խնդիր չէ, որի համար մտածեն։ Ավելին՝ բացահայտ հայտարարում են, որ Հայաստանն առանց Արցախի կարող է՝ այն դարձնել Ադրբեջանի մաս»,- հավելեց Գագիկ Հարությունյանը։
Այս ամենը հաշվի առնելով՝ Գագիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանությունն այլևս չի կարող բանակցել Արցախի համար, պետք է փնտրել այլ տարբերակներ։ Արցախը պետք է ուշադրություն դարձնի Իրանի ու Ռուսաստանի համատեղ գործողություններին, եթե ստեղծված լարվածությունը Ռուսաստանն ու Իրանը թոթափեն Ուկրաինայի ու Իսրայելի հետ, ապա Արցախի համար ճանապարհ կբացվի։
«Արցախի պետնախարարը հայտարարեց, թե պետք է դիմանալ գոնե մինչև ապրիլ, իսկ նա պատահական չի խոսում։ Կարծում եմ՝ ինչ-որ բաներ նա կարողանում է անել, ամեն դեպքում նրա աշխատասենյակում Մոնթեի ու Լեոնիդ Ազգալդյանի նկարների հայտնվելը պատահական չէ»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։
Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել երեք տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։