Իրանում տեղի ունեցած օդային հարձակումը՝ ռեգիոնալ մեծ պատերազմի ազդանշա՞ն․ ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը
Իրանի շուրջ մոտավորապես երկու տարի ձգվող քաղաքական լարված ռեգիոնալ տրամադրությունները փոխակերպվում են ռազմական տրամադրությունների ու ռազմական ագրեսիայի։
Օրերս Իրանում Ադրբեջանի դեսպանատան հետ կապված իրանաադրբեջանական հերթական լարված սկանդալի ֆոնին Իրանի տարածքն օդային հարձակման ենթարկվեց իսրայելական անօդաչու թռչող սարքերի կողմից։ Իրանը պաշտոնապես տեղի ունեցածից դեռ շատ զուսպ տեղեկատվություն է տրամադրում, և չկա որևէ կողմ, որը պաշտոնապես ստանձնում է այս օպերացիայի պատասխանատվությունը։ Սակայն Wall Street Journal թերթը գրում է, որ իրանական Սպահանում գտնվող ՊՆ–ի գործարանի վրա անօդաչուներով հարձակման հետևում կանգնած է Իսրայելը։
Ըստ վերոնշյալ պարբերականի, սա Իսրայելի առաջին հայտնի հարձակումն է այն բանից հետո, երբ երկրի վարչապետ կրկին դարձավ Բենիամին Նեթանյահուն։
Նշվում է, որ իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաները Ռուսաստանի հետ Իրանի համագործակցությունը զարգացնելու դեմ պայքարի նոր եղանակներ են քննարկում։ Սպասվում է, որ Նեթանյահուի նոր կառավարությունը Ուկրաինային ռազմական օգնություն չի տրամադրելու, սակայն շարունակելու է գաղտնի հարվածներ հասցնել Իրանի միջուկային և ռազմական ծրագրերին։ Չնայած արևմտյան մամուլը ոգևորությամբ անդրադառնում է այս թեմային, սակայն աշխարհը նաև սպասում է Իրանի հետագա գործողություններին և պատասխանին։
Հայաստանի հարևանությամբ ստեղծվող աշխարհաքաղաքական ռազմական հնարավոր դիմակայությունն ինչ վտանգներ է պարունակում Հայաստանի Հանրապետության համար, և իրավիճակի զարգացման ինչ սցենարներ են առկա, քննարկեցինք ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկիի հետ։
Նա նշեց, որ ամերիկյան պարբերականը, ըստ էության, հստակ մեկնաբանել է, թե ինչով էր պայմանավորված այս փուլում նման օպերացիան Իրանի դեմ։
Ըստ նրա, ռուս-իրանական ռազմաքաղաքական համագործակցությունը փաստորեն մեծ սպառնալիք է դարձել Միացյալ Նահանգների համար, որն այլ խաղացողների ձեռամբ նման օպերացիայով փորձում է Իրանին ավելի լոյալ դաշտ բերել՝ կտրելով Ռուսաստանից։
«Իրանի պատասխանից շատ բան է կախված, սակայն մեզ հայտնի է նաև, որ Իրանը շատ զգուշավոր երկիր է և ներկայումս գտնվում է փաստերի ստուգման փուլում, դրանով է պայմանավորված այդ պատասխանի ձգձգումը։ Իրանի պատասխանը կարող է լինել շատ անսպասելի վայրում ու ժամանակահատվածում։ Իրանի թիրախավորումը հետևողական, երկարատև բնույթ է կրում և իրականացվում է մի քանի խաղացողների, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից, որը դեսպանատան հարձակման թեման վերածեց մեծ քաղաքական խնդրի, թեև Իրանը բոլոր մակարդակներում փորձեց խուսափել լարվածությունից։
Ամիսներ շարունակ նաև Իրանի ներսում են հակակառավարական տրամադրություններ հրահրվում նույն ուժերի կողմից, հիմա արդեն օդային օպերացիա, որին Իրանը պետք է պատասխանի, սակայն այդ պատասխանը պետք է լինի մտածված, քանի որ սա մեկ խաղացողով օպերացիա չէր, և զգուշավորությունն այս դեպքում ավելորդություն չէ»,- նկատեց վերլուծաբանը։
Սակայն Վիկտոր Նադեին-Ռաևսկին նաև լայնածավալ պատերազմի հնարավորություն ներկայումս չի տեսնում։
«Մեկ բան է օդային օպերացիան, մեկ այլ բան՝ պատերազմը ցամաքային լիարժեք գործողություններով, որն այսօր անհնար է թվում։ Ապագայում ևս հնարավոր են նման օպերացիաներ, ԱՄՆ-ը ցանկանում է հասնել նրան, որպեսզի Իրանը լինի «հնազանդ», և դրա համար տարբեր ճնշումներ են գործադրվելու»,- ասաց Նադեին-Ռաևսկին։
Վերլուծաբանը գտնում է, որ Իրանի շուրջ իրավիճակի ցանկացած փոփոխություն, Իրանում ցնցումները միանշանակ բացասական են Հայաստանի Հանրապետության համար։
«Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիայից հետո հատկապես ռուս-իրանական բանակցությունների արդյունքում Իրանը վերադիրքավորվեց Հայաստանի հանդեպ, սկսեց հանդես գալ՝ որպես մասամբ անվտանգային երաշխավոր Հայաստանի համար, փորձելով հստակ դիրքորոշում հայտնել Զանգեզուրի միջանցք գաղափարի վերաբերյալ, Իրանը որոշակիորեն ավելացրեց իր ներկայությունն Անդրկովկասում, Ադրբեջանի հետ կոնտակտները, չնայած խնդիրներին, Իրանը ևս ակտիվացրեց։ Իրանի այս դիրքավորումն ունեցել է իր դերակատարությունը ռեգիոնում, վստահաբար, եթե Իրանի շուրջ իրավիճակն անկայունանա ու Իրանի ձայնը ավելի քիչ լսելի լինի, բնականաբար, ՀՀ-ն կհայտնվի շատ ավելի բարդ իրավիճակում։
Բացի այդ, այստեղ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Իրանի դեմ ալյանսում բավականին ակտիվ է Ադրբեջանը, անընդհատ միջադեպեր են տեղի ունենում իրանաադրբեջանական սահմանին՝ սահմանի նոր հատվածներում, ինչը ևս պատահական չէ։ Անընդհատ հրահրում է տեղի ունենում, և Ադրբեջանը վերածվել է լուրջ գործիքի այս հարցում։ Իրանի դեմ մեծ պատերազմը գոյաբանական խնդիր է ռեգիոնի, այդ թվում՝ Հայաստանի համար։ Բայց, ըստ իս, որքան էլ հարաբերությունները չափազանց լարված են, դրա հավանականությունը քիչ է»,- ասաց նա։
Հարցին, թե ինչպես պետք է դիրքավորվի այս հարցում ՀՀ-ն, վերլուծաբանը պատասխանեց, թե ամենակարևորն այն է, որ Հայաստանում ճշգրիտ հետևեն զարգացումներին, բոլոր խաղացողների քայլերին ու դրանք ճիշտ վերլուծեն։
Ըստ նրա, նույնիսկ Իրանն այս պահին զգուշավոր է, ՌԴ-ն՝ ևս, որը հայտարարել է, որ ուսումնասիրվում է իրավիճակը համապարփակ գնահատականի համար։
«Եվս մեկ նկատառում. Մերձավոր Արևելքն իր առանձնահատկություններն ունեցող ռեգիոն է, որտեղ օդային ռազմական օպերացիաները վերջին տասնամյակներին այնտեղի բնականոն կյանքի մաս են դարձել, և միայն մեր ռեգիոնների համար է սա մեծ պատերազմի արագ մեկնարկի ազդանշան։
Այնտեղ զարգացումներն այլ արագություն ու տրամաբանություն ունեն։ Ուստի, ըստ իրավիճակի, ցանկացած երկիր՝ ըստ իր ռեսուրսի ու իր շահի պետք է դիրքավորվի, ճիշտ գնահատելով զարգացումները»,- ասաց նա։